
Եվրամիությունն օրինականացրեց պատժամիջոցները Իրանի հետախուզական ծառայության դեմ

ԵՄ-ն համաձայնել է օրինականացնել Իրանի հետախուզական ծառայության դեմ պատժամիջոցները՝ Եվրոպայի տարածքում սպանության նպատակով դավադրություններ կազմակերպելու համար: Այդ մասին հայտնել է Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենը: «Կարեւոր օր է Եվրոպայի արտաքին քաղաքականության համար:
ԵՄ-ն հենց նոր համաձայնեց օրինականացնել պատժամիջոցները իրանական հետախուզական ծառայության դեմ՝ եվրոպական տարածքում սպանության նպատակով նրա դավադրությունների համար: Սա ԵՄ-ի կողմից ուժեղ ազդանշան է առ այն, որ մենք չենք ընդունի նման գործելակերպը Եվրոպայում»,-գրել է Սամուելսենը Twitter-ում: 2018 թվականի նոյեմբերին ԵՄ-ի արտգործնախարարները Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնել են Դանիայում տեղի ունեցած սկանդալի պատճառով քննարկել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ցուցակն ընդլայնելու հարցը:
Դանիան ավելի վաղ դեսպանին հետ էր կանչել Թեհրանից երկրում իրանական հատուկ ծառայությունների անօրինական գործունեության վերաբերյալ հաղորդագրությունների կապակցությամբ: Դանիայի հետախուզության եւ անվտանգության ծառայության (PET) ղեկավարը հայտարարել է, որ իրանական հատուկ ծառայությունները մահափորձ էին նախապատրաստում Դանիայի տարածքում: Թեհրանում հերքել են մեղադրանքները:
Իրանի ԱԳ նախարարությունը հետ է կանչել Դանիայում իր դեսպանին եւ բողոք հայտնել երկրում իրանական հատուկ ծառայությունների գործունեության վերաբերյալ արված հայտարարությունների կապակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: