Բաժիններ՝

«Բնապահպանի տուն» նախաձեռնության պնդումները եւ տնօրինության մասին թափանցիկ ակնարկներն անընդունելի եւ անհեթեթ են. Բնապահպանության նախարարություն

«Բնապահպանի տուն» բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը իրականությունը խեղաթյուրելու, «Դիլիջան» ազգային պարկի վերջին ամիսների արդյունավետ եւ նվիրված աշխատանքը նսեմացնելու ակնհայտ միտում է հետապնդում։

«Մեծամասշտաբ ծառահատումներ» վերտառությամբ տեսանյութում նախաձեռնությունը մեղադրանքներ է ներկայացնում` նշելով, թե «Դիլիջան» ազգային պարկի Փիշիկ տեղամասում «կտրվել են բացառապես մեծ, թանկանոց և կահույքի համար հարմար ծառեր»:

«Եթե սա աներ խեղճ գյուղացին, ապա վաղուց քթներից բերել էին թե անտառապահները և թե անտառի հաշվին բիզնես անողները, որոնց անունները Դիլիջանում բոլորը գիտեն,- նշում է նախաձեռնությունը,- մեզ ՇԱՏ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, թե ինչպես տնօրինությունը չտեսավ ու հենց ամենասկզբում չկանգնեցրեց այս ավերածությունը»։

Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Բնապահպանի տուն» նախաձեռնության պնդումները եւ տնօրինության մասին թափանցիկ ակնարկներն անընդունելի եւ անհեթեթ են եւ չեն համապատասխանում իրականությանը։

Ծառահատման դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կիրակի օրը` հատվել եւ վնասվել են է մինչեւ 15 ծառ, կրել են ցուցադրական բնույթ, ապօրինի հատված ծառերը չեն տեղափոխվել, այլ ցուցադրաբար թողնվել են տեղում։

Ապօրինի անտառհատումը եւ տեղում գտնվող անձինք հայտնաբերվել և արձանագրվել են «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների կողմից անմիջապես, նույն օրը և ըստ կարգի տեղեկացվել իրավապահ, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմիններին։ Դեկտեմբերի 28-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչության աշխատակիցները կատարել են դեպքի վայրի զննություն:

Կարեւոր է տեղեկացնել, որ 2017 թվականի ստուգումներով ազգային պարկում արձանագրվել էր մոտ 10 հազար ծառի ապօրինի հատման դեպք, ինչի արդյունքում պետությանը հասցվել էր 1 միլիարդ 600 մլն դրամի վնաս։

2018 թվականի երկրորդ կիսամյակում իրավիճակը շեշտակի փոխվել է։ Նախորդ տարիների հազարավոր հատված ծառերի փոխարեն, արձանագրվել է մոտ 30 ծառի ցուցադրական եւ ապօրինի հատման դեպք, որոնք բոլորն արձանագրված եւ բացահայտված են ազգային պարկի կողմից։

Սա աննախադեպ ցուցանիշ է, որը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս տարբեր «շահառուների», որոնք նախկինում գոյատեւում էին տարաբնույթ մոնիթորինգային եւ վերահսկողական գործառույթներ իրականացնելով։

«Բնապահպանի տուն» նախաձեռնությանը բնապահպանության նախարարության համաձայնությամբ մոտ 15 միլիոն դրամ գումար է ստացել ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում, այլ ոչ թե արձանագրված եւ իրավապահ մարմիններին հանձնված ծառահատման դեպքը ակնհայտ կեղծ եւ իրականությունը աղավաղող տեղեկատվություն տեսքով տարածելու համար։

Բնապահպանության նախարարությունը կարեւորում եւ շնորհակալ է յուրաքանչյուր ահազանգի համար, որի նպատակը բնությունը պահպանելն ու պաշտպանելն է եւ չի կարող տեղավորվել տարաբնույթ շահերի տիրույթում։

Բնապահպանության նախարարության հաղորդագրություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս