«Իմ աշխատանքային պրակտիկայում չեմ հանդիպել, որ սկսվի ներկայացրած միջնորդության քննությունը և երկարաժամկետ հետաձգվի». փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը հետաձգելու մասին

Դեկտեմբերի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի բաժնում տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը, որը տևեց մոտ երկու ժամ, սակայն նրա պաշտպան Արամ Օրբելյանը նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ միջնորդության քննությունը  հետաձգվել է մինչև հաջորդ տարվա հունվարի 9-ը։ Նա նաև տեղեկացրել էր, որ իրենց ներկայացրած միջնորդությունը դատարանը չի քննել, քանի որ քննիչը հայտարարել է, թե աշխատանքային ժամն ավարտվել է, և ունի անձնական որոշ գործեր.

«Ընդհանրապես հարց չքննարկվեց, մոռացան, որ միջնորդություններն ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ քննվում են անհապաղ, մինչև ավարտ, կալանքի գործերը քննվում են գիշերը։ Եվ ոնց որ թե ստացվում է, որ սրանից հետո ընդհանրապես կարելի է գիշերը կալանքի գործերին չգալ, որովհետև դրանք աշխատանքային ժամեր չեն»,- ասել էր Արամ Օրբելյանը։

Փաստաբան Հրանտ Անանյանը 168.am-ի զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննության հետաձգմանը, նկատեց, որ, եթե նախաքննության մարմինն աշխատանքային ժամին սկսեր անձին կալանավորելու վերաբերյալ ներկայացրած միջնորդությունը քննել,  և տվյալ անձը գտնվեր արգելանքի տակ, ապա դատարանը միանշանակ այդ հարցը կքննարկեր  անհապաղ՝ ընդհուպ՝ մինչև աշխատանքային ժամից հետո և ոչ աշխատանքային օրերին. պրակտիկան այդպես է ձևավորված։

«Եթե կալանավորելու հետ կապված հարց լիներ, այսինքն՝ ի վնաս քաղաքացու խնդիր լիներ (դատարանները հիմնականում ցուցաբերում են այս մոտեցումը), միջնորդությունը քննարկում են անհապաղ։ Բայց Ռոբերտ Քոչարյանի գործի շրջանակներում իրավիճակն այնպիսին է, որ անձը գտնվում է կալանքի տակ, և չքննարկվեց նրան գրավով ազատ արձակելու հարցը»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ Դատական օրենսգրքում փոփոխություն է կատարվել, ինչը երբեմն կարգավորում է, որ, եթե դատավարարության մասնակիցները չեն առարկում, ապա դատական քննությունը կարող է շարունակվել նաև ոչ աշխատանքային ժամի։

«Այստեղ խոսքն առավելապես վերաբերում է գործի դատական քննությանը, այլ ոչ թե անձի ազատության մեջ գտնվելու կամ նախնական կալանքի տակ գտնվելու հարցերին, որոնց լուծումներն իրենց բնույթով անհապաղ քննարկման հարցեր են։ Քանի որ օրենքն այս հարցը հստակ չի կարգավորում, կարծում եմ՝ դատարանն այդ հանգամանքն օգտագործելով՝ միջնորդության քննությունը հետաձգել է մինչև գալիք աշխատանքային օրերը։ Այսինքն՝ տևական ժամանակով հետաձգել է անձի ազատության մեջ լինելու կամ չլինելու հետ կապված հարցը։ Ողջամտության տիրույթում այս հարցը պետք է սեղմ ժամկետներում քննարկվեր»,- շեշտեց Հրանտ Անանյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ, եթե աշխատանքային ժամն ավարտվել էր, ապա դատարանը կարող էր հաջորդ օրը հրավիրել դատական նիստ, նման իրավունք, բայց ոչ պարտականություն, դատարանին վերապահված է։

«Զուտ արժեհամակարգի տեսանկյունից հարցը պետք է քննարկվեր սեղմ ժամկետում՝ անձի իրավական անորոշության մեջ չգտնվելու համար,  հատկապես, որ առջևում 10 օրից ավելի ոչ աշխատանքային օրեր են։ Իմ աշխատանքային պրակտիկայում չեմ հանդիպել, որ սկսվի ներկայացրած միջնորդության քննությունը և երկարաժամկետ հետաձգվի։ Եղել է, որ գրավի միջնորդությունը հետաձվել է առավելագույնը 4 օրով, բայց չի եղել, որ քննությունը սկսվի տոներից առաջ և հետաձգվի մինչև տոներից հետո, նման բան նույնիսկ չեմ լսել։

Բայց օբյեկտիվ լինելու համար պետք է նշեմ, որ քննարկումը՝ անձին կալանավորելու վերաբերյալ, որը եղավ  Վերաքննիչ դատարանում, մի քանի օր տևեց։ Կարծում եմ՝ ճիշտ կլիներ, եթե գրավի միջնորդության քննությունը հնարավորինս շարունակվեր և ուղիղ ժամը 18։00-ին չավարտվեր։ Հատկապես, որքանով տեղյակ եմ, դատարանը գործի քննությունը նշանակել էր ժամը 17։00-ին»,- եզրափակեց Հրանտ Անանյանը։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս