«Հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի գործի առանձնահատկությունը՝ ՀՔԾ-ն և Դատախազությունն օր ու գիշեր չպետք է քնեին». Նորայր Նորիկյան
Դեկտեմբերի 28-ին Երևանի ընդանուր իրավասության դատարանի Շենգավիթի բաժնում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը, որը տևեց մոտ երկու ժամ, սակայն Ռ. Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ միջնորդության քննությունը հետաձգվել է մինչև 2019թ. հունվարի 9-ը։
Նա նաև տեղեկացրել էր, որ իրենց ներկայացրած միջնորդությունը դատարանը չի քննել, քանի որ քննիչը հայտարարել է, որ աշխատանքային ժամն ավարտվել է, և ունի անձնական որոշ գործեր:
«Ընդհանրապես հարց չքննարկվեց, մոռացան, որ միջնորդություններն ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ քննվում են անհապաղ, մինչև ավարտ, կալանքի գործերը քննվում են գիշերը։ Եվ ոնց որ թե ստացվում է, որ սրանից հետո ընդհանրապես կարելի է գիշերը կալանքի գործերին չգալ, որովհետև դրանք աշխատանքային ժամեր չեն»,- ասել էր Արամ Օրբելյանը։
168.am-ի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանն անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննության հետաձգմանը, ասաց՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ցանկացած պահի կարող են իրենց պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ համապատասխան միջնորդություն ներկայացնել վարույթ իրականացնող մարմնին։
«Թե ինչու է նման որոշում կայացրել դատարանը՝ այս պահին չեմ կարող ասել, քանի որ ծանոթ չեմ ներկայացրած միջնորդությանը և դատարանի դիրքորոշմանը։ Մանրամասներին տեղյակ եմ այնքանով, որքանով մամուլն է հրապարակել։ Միայն մեկ բան գիտեմ՝ ակնհատ է, որ Քոչարյանի գործին որոշակի շրջանակների կողմից փորձ է արվում հաղորդել քաղաքական բաղադրիչ և տպավորություն ստեղծել, որ ուղղակի ճնշում կա Քոչարյանի գործի վերաբերյալ։ Կարծում եմ՝ պետք է հնարավորություն ստեղծվի, որպեսզի վարույթ իրականացնող մարմինն օբյեկտիվ և բազմակողմանի քննություն տանի, որի արդյունքում պարզ կլինի նրան առաջադրված մեղադրանքների հիմնավորվածությունը»,- նշեց Ն. Նորիկյանը։
Հարցին, թե դատարանն այս դեպքում ի՞նչ հստակ հիմնավորումներով կարող էր միջնորդությունը չքննել, Նորայր Նորիկյանը պատասխանեց, որ այստեղ գործ ունեն Ռոբերտ Քոչրայանի գործի հետ, որը, ճիշտ կամ սխալ՝ ժամանակին զբաղեցրել է ՀՀ նախագահի պաշտոնը, ուստի վերջինիս գործի վերաբերյալ ցանկացած դրվագ ու քայլ դիտարկվելու է քաղաքական հարթության համատեքստում։
«Կլինեն որոշակի շրջանակներ, որոնք կհամարեն, որ սա որոշակիորեն ուղղորդված քայլ է, կլինեն նաև մարդիկ, որոնք նման գնահատականներ չեն հնչեցնի։ Այս գործի հետ կապված ավելի շատ այս պահին գործ ունեն վարույթ իրականացնող մարմինները, այսինքն՝ Հատուկ քննչական ծառայությունը և նրա նկատմամբ դատավարական վերահսկողություն իրականացնող Դատախազությունը։
Այսինքն՝ հաշվի առնելով այս գործի առանձնահատկությունը, իրենք պետք է օր ու գիշեր չքնեն, հնարավորինս շուտ ավարտեն նախաքննությունը և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկեն դատարան, որպեսզի հրապարակային դատաքննության ընթացքում պարզվի, թե Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքների հիմքում ինչ փաստական հանգամանքներ են դրված։ Այժմ մենք այս մեկ դատական վարույթով նրա խափանման միջոցը քննության առնելով և հասարակական հնչեղության տակ պահելով, ընդամենը որոշակի շրջանակների մոտ տրամադրություններ ու տպավորություններ ենք ստեղծում»,- ընդգծեց Նորայր Նորիկյանը։
Նրա խոսքով, որպես փաստաբան՝ դեմ չէ խափանման այլընտրանքային միջոցների կիրառմանը, ինչը չի ենթադրում, որ մարդը փոխելով խափանման միջոցը՝ կարող է ազատվել պատասխանատվությունից։ Սակայն կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի դեպքում կա ողջամիտ կասկած, որ նա մնալով ազատության մեջ՝ կարող է խոչընդոտել նախաքննությանը՝ հաշվի առնելով նրա ազդեցությունն ու դերակատարությունը։
«Այո, Ռոբերտ Քոչարյանը կարող է ունենալ ազդեցություն վարույթ իրականացնող մարմնի նկատմամբ, այս տեսանկյունից կիսում եմ այն մտահոգությունը, որն առկա է, բայց նույնիսկ այս պարագայում դատարանի խնդիրն է՝ քննել՝ արդյո՞ք այս ողջամիտ վտանգները կան, որ նա մնալով ազատության մեջ՝ կպահպանի՞ պատշաճ վարքագիծ, թե՞ ոչ, տեսնենք, թե դատարանն ինչ որոշում կկայացնի»,- եզրափակեց փաստաբանը։
Զվարթ Խաչատրյան