«Սա կլասիկ իրավունքի չարաշահում էր». Ռոբերտ Քոչարյանի գրավի միջնորդությունը չի քննվել. նիստը հետաձգվել է մինչև հունվարի 9-ը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր ընթանում էր Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նիստից մոտ երկու ժամ անց լրագրողներին տեղեկացրեց, որ նիստը հետաձգվել է.
«Պարզվում է, որ մեր քննչական մարմինները շատ խիստ զբաղված են և աշխատանքային ժամերից դուրս երբեք նիստերին չեն մասնակցում, այսինքն՝ քննիչը խնդրեց, որ քանի որ աշխատանքային ժամն ավարտվել է և քանի որ ինքը անձնական լիքը գործեր ունի, և պարոն Քոչարյանը կարող է ևս 10 օր կալանքի տակ մնալ ու չքննարկենք գրավի միջնորդությունը, նա պետք է գնա, և դատարանը նիստը հետաձգեց մինչև հունվարի 9-ը։
Ընդհանրապես հարց չքննարկվեց, մոռացան, որ միջնորդություններն ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ քննվում են անհապաղ, մինչև ավարտ, կալանքի գործերը քննվում են գիշերը։ Եվ ոնց որ թե ստացվում է, որ սրանից հետո ընդհանրապես կարելի է գիշերը կալանքի գործերին չգալ, որովհետև դրանք աշխատանքային ժամեր չեն»։
Ըստ նրա՝ քննիչ Հրաչ Մուշեղյանը արհեստականորեն ժամանակ է ձգել. «Ասում էր, որ ինքնաբացարկի միջնորություն ունի դատավորի նկատմամբ, մինչև քննարկվեց՝ ինքնաբացարկի միջնորության համար իրեն ինչքան ժամանակ է պետք… քննիչը բոլոր դատավորներին համարում է ոչ պրոֆեսիոնալ և միակ պրոֆեսիոնալն ինքն է։ Ամեն դեպքում նիստը կշարունակվի հունվարի 9-ին։ Կարծում եմ՝ ինքնաբացարկի միջնորդությունից հետո կքննարկենք արդեն գրավի միջնորդությունը»։
Փաստաբանն ասաց, որ Քոչարյանը նիստին չի մասնակցել, որովհետև գրավի գործի քննությունը տեխնիկական է։ «Երբ դատարանները վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունները քննում են գիշերը, երբ կեսգիշերին մենք ասում ենք՝ տվեք մեզ գոնե մինչև առավոտ ժամանակ, տալիս են մինչև 2 ժամ ժամանակ, Վերաքննիչ դատարանը դրանից հետո ասում է՝ 2 ժամն ավելի, քան բավարար է, դուք 4 հոգով եք, կարող եք կարդալ, իսկ քննիչն ասում է՝ ինձ պետք է երկար ժամանակ՝ ինքնաբացարկի միջնորդություն գրելու համար, և դատարանն ասում է՝ լավ, ձեզ կտամ երկար ժամանակ, երբ քննիչը իրեն գուցե լավ զգում, գուցե՝ ոչ, կարծում եմ՝ դա հիմք չէ, որպեսզի այդ միջնորդությունը չքննվեր։ Դատարանի նիստը նշանակել ժամը 17։00-ին, եթե 18։00-ից հետո չէր շարունակվելու, իմաստ չկար»։
Արամ Օրբելյանն ընդգծեց՝ քննիչն ասել է, թե պետք է գնա՝ թղթերն ուսումնասիրի, որովհետև գուցե ինքնաբացարկի հիմք ունի. «Մարտի 1-ի էպիզոդներից մեկով քննիչը դատավորին ինքնաբացարկ է հայտնել, այդ գործը Ռ. Քոչարյանի գործի հետ կապ չունի, այդ գործով ինչ-որ որոշում կար, որը քննիչը դեռ չէր ստացել, ժամանակ խնդրեց, որ դատարանի որոշմանը ծանոթանա։ Մենք որևէ ինքնաբացարկի հիմք չենք տեսնում, որովհետև այդ գործով դատարանն ինքնաբացարկ էր հայտնել՝ զուտ իր անձնական կապը հաշվի առնելով։ Դրա համար քննիչը խնդրեց ինքնաբացարկ հայտնել, այստեղ քննիչի կողմից կլասիկ իրավունքի չարաշահում էր»։