Բաժիններ՝

«Ստուգումների ընթացում բազմիցս խախտվել են օրենքներ». Արամ Սիմոնյանի պատասխանը՝ Դավիթ Սանասարյանին

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասուլիս էր հրավիրել՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հայտրարարության հետ կապված:

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի նախասրահում լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ԵՊՀ ռեկտորն անդրադարձավ մի շարք կարևոր հարցերի:

Շնորհակալություն հայտնելով մամուլի ասուլիսի հրավերին արագ արձագանքելու և տարվա վերջին աշխատանքային օրը ժամանակ գտնելու համար՝ ռեկտորը նշեց.

«Ասուլիս հրավիրելու համար առիթ հանդիսացավ այսօր News.am-ում իմ կարդացած լուրն այն մասին, որ իր ֆեյսբուքյան էջում Պետական վերահսկողական ծառայության պետը նշել էր ստուգումների արդյունքում 800 մլն դրամի չարաշահումների մասին:

Ես ուզում եմ այս կապակցությամբ հայտարարել հետևյալը:

Ձեզ եմ ուզում ներկայացնել նախապատմությունը: Արդեն հինգ ամիս է՝ այս տարվա հուլիսի 30-ից, ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունն իրականացնում է համալսարանում լայնամասշտաբ, իրենց նախադեպը չունեցող ստուգումներ: Ձեզ ներկայացնում եմ հուլիսի 7-ով թվագրված հանձնարարագիրը ստուգումներ սկսելու վերաբերյալ: Այնուհետև երկրորդ գրությամբ, որը թվագրված է հոկտեմբերի 1-ով, երկարացվել է ստուգումների ժամկետը: Նոյեմբերի 30-ին դարձյալ երկարաձգվել է մինչև հունվարի 31-ը:

Նախատեսված են 6 ամսվա ստուգումներ այն դեպքում, երբ օրենքով այս ստուգումների ժամկետները սահմանափակ պետք է լինեն: Դա իմանալով՝ ծառայության պետն իր այսօրվա հայտարարությունում նշել է ստուգումների երկամսյա ժամկետ, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Եթե հաշվենք ժամկետները, ապա ստացվում է ուղիղ 6 ամիս, այլ ոչ թե 2, ինչպես հայտարարում է ինքը և ինչպես պահանջում է օրենքը:

Խախտվել է ժամկետների մասին օրենքի դրույթը:

Օգոստոսին համալսարանի կոլեկտիվը մեկնել էր արձակուրդի, ՊՎԾ աշխատակիցները մեզնից կրիչներով ստացան այն բոլոր փաստաթղթերը, որոնք պահանջել էին: Մենք տրամադրել էինք բոլոր փաստաթղթերի պատճենները, այնպես որ արձակուրդների ընթացքում նույնպես տեղի են ունեցել ստուգումներ: Առայսօր՝ 5 ամսվա ընթացքում, նրանք իրականացրել են ստուգումներ:

Այդ ստուգումներն առաջին գրությամբ նախատեսված են եղել մինչև սեպտեմբերի 27-ը:

Այսպիսով, Պետական վերահսկողական ծառայությունը թույլ է տվել օրենքի խախտում, և այդ խախտումներից հիմնականն այն է, որ ստուգումները դեռ չավարտված՝ նրա ղեկավարը հանդես է գալիս բացարձակ չհիմնավորված հայտարարությամբ՝ խոսելով 800 մլն դրամի չարաշահումների մասին:

Ես ուզում եմ ընթերցել Պետական վերահսկողական ծառայության մասին օրենքի դրույթը.

«Ծառայության աշխատակիցները հարգում են իրենց ստացած տեղեկությունների արժեքն ու պատկանելությունը և առանց համապատասխան թույլտվության չեն հրապարակում այդ տեղեկությունները՝ բացառությամբ իրավական կամ մասնագիտական անհրաժեշտությամբ պայմանավորված դեպքերի» (Հոդված 9, կետ 3):

Ուրեմն՝ խախտվել է Պետական վերահսկողական ծառայության մասին օրենքի կետը:

Այնուհետև՝

«Ծառայության աշխատակիցները պետք է խելամիտ լինեն իրենց պարտականությունների կատարման ընթացքում ստացված տեղեկատվության օգտագործման և պահպանման հարցում և աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում ստացված տեղեկատվությունը չպետք է օգտագործեն անձնական նպատակներով կամ այլ ցանկացած եղանակով, որը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ կարող է բացասաբար ազդել վերահսկվող օբյեկտի կամ դրա պաշտոնատար անձի` գործունեության նպատակների իրականացման վրա» (Հոդված 9, կետ 4):

Այս կետն էլ է կոպտորեն խախտվել, որովհետև ծառայության աշխատակիցները պարտավոր են իրենց ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնել ուսումնասիրվող սուբյեկտին: Այդ ակտը ներկայացնելուց հետո, սուբյեկտի բացատրությունները ստանալուց հետո միայն կարող են այդ տեղեկատվությունն օգտագործել հրապարակման համար:

Ես այսօր՝ օրվա երկրորդ կեսին, այսինքն՝ տարվա վերջին աշխատանքային օրը՝ մոտավորապես ժամը 16-ին, ստացել եմ ակտը, որտեղ ներկայացված են ուսումնասիրության արդյունքները, բացատրությունները, որոնց մեծագույն մասի հետ մենք, բնականաբար, համաձայն չենք, որովետև դեկլարատիվ, ակնհայտ փիլիսոփայելու միտում ունեցող պնդումներ են, ոչ մի կապ չունեն իրականության հետ: Նրանք չեն նշում, որ եղել են խախտումներ, այլ որ միայն կան մտահոգություններ այս կամ այն հարցի շուրջ:

Անգամ այս մտահոգությունների գումարը մի փոքր ավել է, քան 500 մլն-ը, իսկ ծառայության պետը խոսում է 800 մլն-ի հասցված վնասի մասին:

Պետք է նշեմ, որ համալսարանի ղեկավարությունը փորձել է պատշաճ մակարդակով իրականացնել համագործակցությունը, փորձել է և՛ օրենքի, և՛ պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններում օգնել նրանց, տրամադրել բոլոր պահանջված փաստաթղթերը, չխոչընդոտել նրանց գործունեությանը:

Ծառայության 18 ներկայացուցիչները այստեղ այդ հինգ ամսվա ընթացքում աշխատել են, բայց փատաթուղթը, գիտենք, կազմել է մեկ հոգի՝ ղեկավարը, ինչը դարձյալ խախտում է, ամեն մեկը պետք է իր բնագավառի վերաբերյալ կազմեր: Այս ուսումնասիրությունների ընթացքում մեզ համար պարզ դարձավ, որ գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ, որոնք չեն պատկերացնում իրենց ստուգման օբյեկտը, խնդիրները, այն հիմնարկը, հիմադրամը, թե ինչ գործառույթներ ունի, և ինչպես պետք է այդ տեղեկատվությունը ուսումնասիրել:

Ասեմ ավելին՝ նույնիսկ ՀՀ օրենքների մասին շատ հեռավոր պատկերացումներ ունեն այս ստուգող անձնավորությունները: Շատ դեպքերում մեր աշխատակիցները նրանց օգնում էին, օրինակ՝ «Գնումների մասին» օրենքի կիրառությունը բացատրում: Զարմանալի է, բայց դա փաստ է: Մենք դա համբերատար արել ենք և ոչ մի նյութ դրա մասին չենք հրապարակել, կարծել ենք՝ հարիր չէ այս գործընթացին:

Ուզում եմ նաև նշել, որ ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում ստուգվել է ավելի քան 9,5 մլրդի գործունեություն: Նրանք ընդամենը մտահոգություն են հայտնել 500 մլն-ի չափ գումարի մասին, որի գերակշող մասը ծիծաղելի և չփաստարկված պնդումներ են՝ ոչ պրոֆեսիոնալ մակարդակով արված:

Ուզում եմ նշել, որ Պետական վերահսկողական ծառայության պետը այսօր նշել է, որ ինքը արդյունքներն ուղարկել է դատախազություն:

Հարգելի՛ լրագրողներ, սա ՀՀ օրենքի կոպիտ խախտում է, որովհետև նա իրավունք չունի իրեն վերագրելու վարչապետի գործառույթներ: Միայն վարչապետն իրավունք ունի ստուգման արդյունքներն իրեն ներկայացնելուց հետո որոշում կայացնելու և արդյունքները ուղարկելու դատախազություն:

Մինչդեռ այս պարոնը, որ ղեկավարում է Պետական վերահսկողական ծառայությունը, իրեն վերապահել է ոչնչով չարդարացված և օրենքով չնախատեսված՝ վարչապետի գործառույթներ:

Վերջապես, Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ ունեցած նախնական քննարկումները, որ ունեցել ենք ես ու մեր աշխատակիցները, բացարձակ համահունչ չեն այսօրվա հայտարարությանը:

Սա արվում է միտումնավոր՝ վարկաբեկելու համար ԵՊՀ-ն, նրա ղեկավարությանը, համալսարանի գործունեությունը, ինչ-ինչ նպատակներով մոլորության մեջ գցելով հասարակությանը և փորձելով պղտոր ջրում ձուկ որսալ: Նպատակները ինչ են՝ ես դժվարանում եմ ասել, բայց ակնհայտ է, որ դա արվում է միտումնավոր:

Այն, ինչ ես ասացի, դրա վառ ապացույցն է, և ապատեղեկատվությունը շեղում է հասարակության ուշադրությունը և հանիրավի թիրախ դարձնում ԵՊՀ-ն:

Այս ուսումնասիրության արդյունքները բացարձակ անապացույց և փիլիսոփայորեն հետևություններ անող նյութի հիման վրա փորձում են սևացնել համալսարանի բարի համբավը, բարի անունը:

Ես կարող եմ օրինակներ բերել, չեմ ուզում դրա մեջ խորանալ, օրինակ՝ մեր պահնորդական ծառայության մրցույթի արդյունքների մասին են խոսում, որ, ենթադրենք, ինչո՞ւ է կնքվել հիսուն միլիոնի պայմանագիր, այլ կարող էին ավելի էժանը կնքել։ Նախ, նրանք ամենաէժան գինն են առաջարկել, դրա համար էլ կնքել ենք նրանց հետ, բնականաբար, «Գնումների մասին» օրենքը դա է պահանջում։ Ընդ որում, ես ձեզ ուզում եմ շեշտել.մինչև 2017 թվականի ապրիլը Երևանի պետական համալսարանը՝ որպես հիմնադրամ, կարող էր չառաջնորդվել գնումների մասին օրենքով։ Բայց մենք ոչ մի գնում չենք կատարել առանց այդ «Գնումների մասին» օրենքը հաշվի առնելու։ Դա արել ենք մտածված, որովհետև կարծում ենք ու այսօր էլ այդ կարծիքին ենք, որ դա է ճիշտ ճանապարհը։ Չնայած դրան՝ բերված օրինակները այնքան արտառոց են, նույնիսկ ծիծաղելի, որ ես չեմ ուզում դրանց վրա կանգ առնել։ Բայց մինչև մեր իրավաբաններին խոսք տալը՝ ես ուզում եմ նաև պաշտոնապես հայտարարել. մենք դիմելու ենք՝ համապատասխան իրավական գնահատականի պահանջով և դատի ենք տալու վերահսկողական ծառայության և նրա ղեկավարի այս հայտարարություններից բխող հետևանքների պատճառով մեզ հասցված վնասը փոխհատուցելու, մեր բարի համբավը վերականգնելու համար։ Մենք ունենք իրավաբանական ֆակուլտետ, որը սպասարկում է իրավաբան կադրերով ամբողջ հանրապետությունը, մենք ունենք իրավաբաններ և իրավաբանական բաժին, մենք ունենք այն ներուժը, որը մեզ թույլ կտա այս անօրինությունը դատական կարգով լուծելու»:

Ապա ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին հարցեր տվեցին լրագրողները:

«Դուք մի քանի խնդիրներ մատնանշեցիք, բայց չհստակեցրիք։ Եթե նմանատիպ խախտումներով է այս գործընթացն անցել, ո՞րն է եղել նպատակը,  ո՞րն է եղել հիմնական միտումը վերահսկողական ծառայության, չգիտեմ, գուցե քաղաքական խնդիր եք այստեղ տեսնում»։

Ա.Սիմոնյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, ինքս դժվարանում եմ ասել։ Չեմ բացառում՝ որովհետև ես Հանրապետական կուսակցության անդամ եմ իննսունյոթ թվականի սկզբից, բավականին երկար ժամանակ։ Եվ կարող է՝ դա էլ է իր դերը խաղացել, չեմ կարող ասել։ Բայց ես ուզում եմ շեշտել հետևյալը. ինչ էլ որ ասեն, Երևանի պետական համալսարանում չի եղել իրականացված մի գործարք, մի գործունեություն, ցույց տրված փաստաթղթերով կամ գնումների միջոցով, որը չի իրականացվել։ Այդպիսի բան գոյություն չունի։ Ոչ ոք, այս վերահսկողական ծառայության ոչ մի աշխատակից չի կարող ինձ և համալսարանի ղեկավարությանը ապացուցել, որ գործի մասին նշվել է, ֆինանսները վճարվել են և այդ գործը չի արվել։ Այդպիսի բան գոյություն չունի։ Եվ միտումը ո՞րն է՝ դժվարանում եմ ասել։

«Ենթադրություննե՞ր…»

«Ենթադրությունները.․. իմ ենթադրությունն այն է, որ ես Հանրապետական կուսակցության անդամ եմ»։

«Քաղաքական դրդապատճառ է»:

«Հավանաբար։ Ես կրկնում եմ. չեմ գտնում, որ դա պարտադիր այդպես է, բայց, այնուամենայնիվ, որոշակի կասկածներ ունեմ, որովհետև այն մարդիկ, որոնք իրականացնում էին այդ ստուգումները, մենք նրանց հետ շատ սերտ աշխատել ենք և ներկայացրել ենք իրենց մեր բացատրությունները իրենց գործունեության ընթացքում, որոնք նրանք անպայման պիտի հաշվի առնեին, բայց ներկայացված փաստաթուղթը և նամանավանդ՝ ծառայության ղեկավարի քոմենթները իրար նախ չեն բռնում, հետո՝ այս փաստաթուղթը  բացարձակ չի արտահայտում մեր այն կարծիքը, որ եղել է այս հինգ ամիսների ընթացքում ստուգման վերաբերյալ։ Կարող է այդպես լինել, բայց, գոնե, նա պետք է ծառայության ղեկավարի հետ, եթե նստենք, հաշվենք այն բոլոր մտահոգությունները, ոչ թե խախտումները, լոկ մտահոգությունները, դրանք որևէ աղերս չունեն ութ հարյուր միլիոնի հտ։

«Այսինքն Դուք բացառու՞մ եք, պարոն Սիմոնյան, ութ հարյուր միլիոնի չարաշահումը»։

Ա. Սիմոնյան. «Այո, բացառում եմ: Ոչ միայն 800 մլն-ը, 500 մլն-ն էլ եմ բացառում: Ես նորից եմ կրկնում, շեշտում եմ, որ ԵՊՀ-ն չի իրականացրել մի գործարք, շինարարություն, գնում, որևէ մի ծառայության ձեռքբերում, որոնք իրականացված չլինեն, և ֆինանսները հենց այնպես փոխանցված լինեն հասցեատիրոջը: Բացառում եմ ես դա»:

«Մեկ հստակեցում: Հեղափոխությունից կարճ ժամանակ անց Ձեր հրաժարականի պահանջը բարձրացվեց: Ի՞նչ եք կարծում, այս ամբողջ գործընթացը կարո՞ղ է նման պահանջի երկրորդ ալիք բարձրացնել, և հավանական սցենարներ կա՞ն, որոնց դեպքում Դուք կարող եք հրաժարական տալ»:

Ա. Սիմոնյան. «Ես հրաժարական չեմ տա, որովհետև, գիտեք ինչ, այստեղ արդեն հեղինակության խնդիր է, համալսարանի, նրա ղեկավարության և անձամբ իմ, և ես գնալու եմ մինչև վերջ: Այս պայքարի մեջ ներքաշել են ինձ իրենք, և իրենք էլ պատասխան պիտի տան այն հետևանքների մասին, որոնք կլինեն»:

«Ուսանողների աջակցություն ունե՞ք, պարոն Սիմոնյան»:

Ա. Սիմոնյան. «Ես կարծում եմ, որ ունեմ ուսանողների աջակցությունը, դասախոսների գերակշռող մասի աջակցությունը ես, ես կարծում եմ, որ ունեմ: Վերջին հաշվով՝ ես ընտրված ռեկտոր եմ: Բազմիցս դրա մասին խոսել եմ: Մինչև 2020 թվականի մայիսը ես ընտրված եմ որպես ԵՊՀ ռեկտոր և պետք է իրականացնեմ իմ գործունեությունը: Ինձ անվստահություն կարող է հայտնել միայն ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, այն էլ այն դեպքում, երբ ապացուցվի, որ ես չեմ կատարել պարտականությունները պատճշաճ մակարդակով, որը, կրկնում եմ, ես այս տարիների ընթացքում բացառում եմ, որովհետև ես աշխատել եմ իմ խղճի թելադրանքով, աշխատել եմ՝ հօգուտ ԵՊՀ-ի: Եվ եթե դուք նայեք, տեսնեք՝ այս տարիների ընթացքում ինչ փոփոխություններ են կատարվել ԵՊՀ-ում այս ծանր տնտեսական պայմաններում, որովհետև ԵՊՀ-ի նման համալսարանն այսպիսի խղճուկ բյուջեի պայմաններում, ես ուրիշ բառ չեմ գտնում, գոյատևել ուղղակի չի կարող»:

«Երբ ասացիք՝ Ձեզ անվստահություն կարող է հայտնել միայն Հոգաբարձուների խորհուրդը, կազմն ամբողջովին հաստատվա՞ծ է»:

Ա. Սիմոնյան. «Ինչքանով որ ես տեղեկություն ունեմ, արդեն բոլոր բուհերի, այդ թվում՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատվել է: Դեռ մանրամասները չգիտեմ: Հունվար ամսին տեղի կունենա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ: Այդ անվստահությունն ինձ կարող է հայտնել Հոգաբարձուների խորհուրդը, այն էլ հիմնավորված:

«Այս նոր կազմին ինչպե՞ս եք գնահատում»:

Ա. Սիմոնյան. «Նոր կազմի մասին ես տեղեկություն չունեմ: Ես տեղեկություն ունեմ միայն համալսարանի կողմից ներկայացված կազմի մասին, բայց հիմնադրի և լիազոր մարմնի կողմից հաստատված կազմերի մասին ես տեղեկություն չունեմ: Իսկ ուսանողների կազմը ներկայացրել են ուսանողական կազմակերպությունները, որը ես ինքս լավ չգիտեմ, բայց ցուցակն իրենց մոտ կա, եթե պետք լինի, ես կարող եմ վերցնել:

«Պարոն Սիմոնյան, Դուք նշեցիք Ձեր խոսքում, որ ժամկետները խախտել են ստուգումների: Այդ դեպքում ինչո՞ւ ավելի շուտ չէիք դիմում իրավապահ մարմիններին»:

Ա. Սիմոնյան. «Ինչո՞ւ չէի դիմում կամ ինչո՞ւ հայտարարությամբ հանդես չէի գալիս, որովհետև գտնում էի, որ պատշաճ չէ ինձ համար այդ հայտարարությունն անել, քանի դեռ չունեմ այդ ակտը: Նաև գտնում էի, որ պետք է համբերատար լինել, փորձել բացատրել Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրություն իրականացնող հանձնաժողովին, որ իրենք ճիշտ չեն վարվել: Մենք մեր մտահոգությունը հայտնել ենք իրենց օրենքի խախտման վերաբերյալ, երբ ծառայության ղեկավարն առաջին անգամ հայտարարություն արեց օգոստոսի կեսերին: Այդ ժամանակ ես ելույթ ունեցա և հայտարարեցի, որ գտնում եմ, որ քաղաքական անփորձության հետևանք է նման հայտարարությունը: Այսօր էլ պնդում եմ դա: Իմ այդ հայտարարությունից հետո Վերահսկողական ծառայության ղեկավարն ասաց, որ կգա ժամանակը, երբ ես իրենից ներողություն կխնդրեմ իմ այդ ասած դրույթի համար: Ես նորից պնդում եմ այդ դրույթը, և գտնում եմ, որ դա քաղաքական անփորձության հետևանք է: Եվ ոչ միայն քաղաքական անփորձության: Օրենքը չիմանալու հետևանք է դա, այն օրենքը, որով ծառայությունը պարտավոր է իրականացնել իր գործառույթները: Ես արդեն ձեզ ներկայացրի»:

«Մի ճշտող հարց: Այսինքն՝ նրանք պե՞տք է հրապարակեին հունվարի 31-ին՝ ըստ իրենց հրապարակած ժամկետների»:

Ա. Սիմոնյան. «Դրանից հետո: Սա է ընթացակարգը. հիմք ընդունելով Պետական վերահսկողության ծառայության մասին օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ պարբերությունը՝ խնդրում են ներկայացնել կարծիք, սա ինձ է ուղղված այսօր, մինչև 2019 թվականի հունվարի 31-ը: Այսինքն՝ մինչև հունվարի 31-ը իրենցից ոչ ոք իրավունք չուներ հայտարարությամբ հանդես գալու, քանի ստուգվող սուբյեկտն իր կարծիքը չի հայտնել՝ համաձայնվելու այս ուսումնասիրությունների և ենթադրությունների վերաբերյալ կամ դրանք մերժելու կամ բացատրություն ներկայացնելու: Սա է օրենքի տառի պահանջը»:

«Այսինքն՝ այդ ակտը Ձեզ չե՞ն չտվել, որ Դուք ստորագրեք»:

Ա. Սիմոնյան. «Այսօր են տվել: Տեսեք՝ մուտք է արվել 28.12.2018 թ. –ին՝ օրվա երկրորդ կեսին՝ աշխատանքի վերջում: Սա ինձ բերել են ժամը 16:00-ին»:

«Պարոն Սիմոնյան, ասացիք, որ այդտեղ ներկայացվածի մեծամասնության հետ համակարծիք չեք»:

Ա. Սիմոնյան. «Բնական է»:

«Ո՞ր կետերի հետ համաձայն չեք»:

Ա. Սիմոնյան. «Այդ կետերի մասին ես կխնդրեմ, որ մեր իրավաբանները որոշ բացատրություն տան: Չէի ուզենա խորանալ մանրամասնությունների մեջ, որովհետև այստեղ անհեթեթ բաներ շատ կան: Ընդ որում՝ այդ պնդումների մի զգալի մասն ընդհանրապես կապ չունի համալսարանի հետ: Օրինակ՝ 2015 թվականին շինարարություն իրականացնող մարմինը աղբաթափումներ է իրականացրել, այսինքն՝ այդ հին, քանդված շինարարական աղբը տարել է Երևան քաղաքի այն մասը, որտեղ որ աղբը սովորաբար թափվում է ամբողջ քաղաքի: Իրենք ասում են, որ այդ ընկերությունը չի ներկայացրել այդ աղբաթափության մասին համապատասխան փաստաթղթեր, որ ինքը վճարել է դրա համար: Բայց դա իմ խնդիրը չէ: Ես դիմել եմ այդ շինարարական կազմակերպությանը, նա ասել է, որ ինքն ունի այդ համապատասխան փաստաթղթերը: Դա իմ խնդիրը չէ: Եվ նման այլ տարօրինակ բաներ»:

«Պարոն Սիմոնյան, այնտեղ գրված է 800 մլն դրամի մասին»:

Ա. Սիմոնյան. «Այո»:

«Այդ թիվն ինչպե՞ս կմեկնաբանեք»:

Ա. Սիմոնյան. «Դե ես ասացի՝ անհեթեթ թիվ է դա»:

«Պարոն Սիմոնյան, կներեք, Ձեր բողոքը փաստորեն նա է, որ ժամկետից շուտ՝ մինչև հունվարի 31-ը, Սանասարյանը հայտարարություն է արել: Ճի՞շտ է»:

Ա. Սիմոնյան. «Այո, ես չեմ բողոքում, ես փաստում եմ»:

«Ձեր բողոքն է դա»:

Ա. Սիմոնյան. «Փաստում եմ, որ ինքն իրավունք չուներ դա անելու: Խախտել է օրենքը կոպտորեն,  իր իսկ ղեկավարած կազմակերպության մասին օրենքը, և բացի այդ՝ ես իհարկե համաձայն չեմ այն տեղեկությունների և այն փաստերի հետ, որոնց մեծ մասը դեկլարատիվ է, անապացուցելի: Եվ նույնիսկ այդ պայմաններում, եթե հաշվենք, որ այս ամենը ճիշտ է հարյուր տոկոսով, սա 800 մլն չէ, շատ ավելի պակաս է: Ինչի հիման վրա է այդ 800 մլն թիվը հայտնվել, և ինչի հիման վրա է հայտնվել այս 500 մլն-ը, ինձ համար պարզ չէ: Անապացուցելի, շատ դեպքերում դեկլարատիվ, փիլիսոփայական պնդումներով, ոչ պրոֆեսիոնալ ներկայացում է սա, ոչ պրոֆեսիոնալ»:

«Պարոն Սիմոնյան, ի՞նչ շահ պետք է ունենա Դավիթ Սանասարյանը, որ ասում եք քաղաքական դրդապատճառներ կարող են լինել»:

Ա. Սիմոնյան. «Չեմ կարող ասել: Ես չեմ ուզում անձնավորել: Իր անունն ընդհանրապես չեմ ուզում այստեղ շոշափել: Ես ասում եմ ծառայության մասին, ծառայության ղեկավարի խախտման մասին: Թե ինչ շարժառիթներ կարող են լինել, ինքը պետք է ասի: Ես դժվարանում եմ ասել: Համենայնդեպս, ես նորից եմ ուզում կրկնել հետևյալը. ԵՊՀ-ի ղեկավարությունը, նրա ռեկտորը, ռեկտորատն այս անցած տարիների ընթացքում չեն իրականացրել մի գործարք, որի ֆինանսական վճարումը կայացել է համալսարանի կողմից, բայց աշխատանքը չի արվել: Այդպիսի բան գոյություն չունի: Թող գան, փաստաթղթով ապացուցեն, ես էլ ընդունեմ»:

«Դուք ասացիք, որ հանրապետական եք և գուցե դրանով է պայմանավորված: Մյուս կողմից՝ գուցե նաև խնդիր կա, որ մտածում են՝ քաղաքականացված է եղել բուհը»:

Ա. Սիմոնյան. «Բուհը երբեք քաղաքականացված չի եղել, ախր այդ թեզը, որ այս տարիների ընթացքում ծամծամվում է, որևէ աղերս չունի իրականության հետ, որովհետև ԵՊՀ ռեկտորը հանրապետական է, թե որևէ այլ կուսակցության ներկայացուցիչ, որևէ կապ չունի նրա պրոֆեսիոնալ գործունեության հետ: Ես կուսակցական գործունեությամբ զբաղվել եմ միայն աշխատանքից դուրս: Եվ որևէ մի կուսակցություն, այդ թվում նաև հանրապետական կուսակցությունը ԵՊՀ-ի պատերից ներս գործունեություն չեն ծավալել, որովհետև դա օրենքով արգելված է մեկ, և երկրորդ, ես որպես համալսարանի ղեկավար, այս տարիների ընթացքում կատեգորիկ դեմ եմ եղել նման գործունեությանը, հստակ դեմ եմ եղել դրան, և դրա մասին գիտեն բոլորը համալսարանի ներսում և համալսարանց դուրս էլ գիտեն»:

Ապա խոսքը տրվում է ԵՊՀ շահերը ներկայացնող իրավաբան Տիրայր Վարդազարյանին:

«Պետական վերահսկողության ծառայության կողմից ուսումնասիրություններ անցկացնելու ընթացքում որոշ հարցեր, իհարկե, քննարկումներ ունեցել եմ, իհարկե, լսեցի որոշ հարցեր, որոնք ուղղվեցին պարոն Սիմոնյանին, կուզենամ դրանց հետ կապված պարզաբանումներ տալ, հետո կլսեմ նաև լրացուցիչ հարցեր, եթե կլինի անհրաժեշտությունը: Նախ սկսենք նրանից, որ առհասարակ իրենք շատ օգտագործում են և առհասարակ շատ օգտագործվում է ստուգումներ արտահայտությունը, ասեմ, որ իրավական առումով ստուգումները և ուսումնասիրությունները տարբեր բաներ են, և Պետական վերահսկողական ծառայությունը իրականացնում է ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունները ինչպես են իրականացվել. նախ առաջին հերթին դրանք իրականացվել են օրենքի կոպիտ և լրջագույն խախտումներով, որոնք ես հիմա կներկայացնեմ:

Տեսեք, օրինակ, գնումների մասին 2 օրենքներ գոյություն ունեն վերջին ժամանակահատվածում, ընդ որում, մեկը ընդունված է եղել և  գործել է մինչև 2017 թվականի ապրիը, մյուսը ընդունվել է 2016 թվականին և ուժի մեջ է մտել 2017 թվականի ապրիլից:

Նախկին օրենքով հիմնադրամները չեն հանդիսացել, այդ թվում՝ ԵՊՀ-ն չի հանդիսացել, ստուգման կամ ուսումնասիրությունների օբյեկտ, և տրված է որոշակի պարզաբանում առ այն, թե ԵՊՀ-ն հանդիսանում է գերիշխող ազդեցություն ունեցող կազմակերպություն, որտեղ պետությունը ունի կեսից ավելի մասնակցություն: Այսինքն՝ մենք այստեղ գործ ունենք տարրական իրավական գիտելիքների բացակայության հետ առնվազն, որովհետև նախ հիմնադրամը անդամություն չունեցող կազմակերպություն է մեկ, երկրորդ, գերիշխող ազդեցություն պետական համալսարանը չի զբաղեցնում, եթե զբաղեցնում է, դա պետական լիազոր մարմնի իրավասությունն է ապացուցելու, թե ինչով է հանդիսանում, ասեմ ավելին՝ գնումների մասին օրենքում, երբ որ փոփոխություններ են կատարվել, այնտեղ շատ հստակ դրված է եղել այն հարցը, որ հիմնադրամները հանդիսանան ուսումնասիրության օբյեկտ, դրա համար օրենքում սևով սպիտակի վրա գրվել է, որ հիմնադրամները ևս հանդիսանում են գնումների մասին օրենքով, կազմակերպությունները պետք է իրականացվեն տվյալ օրենքի համապատասխան; Այսինքն՝ տեսեք, մենք ունենք շինծու մի իրավիճակ, երբ օրենքը կամովի և ընտրական մեկնաբանում են:

Այսինքն պատկերացրեք, որ եթե ինչ-որ առևտուր կատարեք, ասենք, 2005 թվականին, և փորձենք այնպես մեկնաբանել, որ այդ օրենքը այդպես գործել է: Այսինքն՝ արհեստականորեն հետադարձ ուժ ենք տալիս մի օրենքի և ուռճացված, արհեստական, սխալ, կամայական մեկնաբանություն են տալիս օրենքին:

Բացի այդ, ինչ վերաբերում է նրան, որ նշեցիք, որ ստուգումները ժամկետից շուտ են ավարտվել և այլն, ասեմ, որ սրա հետ կապված ևս կա լուրջ իրավական խնդիր, որովհետև պետական վերահսկողական ծառայությունը նույնիսկ տեղյակ չէ, որ իր վրա տարածվում է ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման օրենքը, և ԵՊՀ-ի կողմից ուղարկվել է գրություն, որով նրանց զգուշացվել է, քանի որ նրանք երկարաձգել էին ստուգման ժամանակահատվածը մինչև հունվարի 30-ը,  և նրանք հավանաբար գիտակցել են, որ օրենքը դարձյալ կամայական են մեկնաբանում,  քանի որ տվյալ դեպքում մենք գրավոր բացատրություն ենք ներկայացրել պետական վերահսկողության ծառայությանը, դրանից հետո ստուգումները, չգիտես ինչի, շատ արագ ամփոփվել են:

Ես իհարկե որոշ խախտումների կամ ճիշտ իրավական եզրույթով ուսումնասիրությունների արդյունքում գոյություն ունեցող ստուգման ակտի մեջ տեղ գտած որոշակի մտահոգություններին ավելի մանրամասն կանդրադառնամ, բայց ասեմ, որ նույնիսկ պետական վերահսկողական ծառայությունը տեղյակ չէ, որ օրենքը, որի հիման վրա իրենք աշխատում են՝ ինչ բարեփոխումների արդյունքում է ընդհանրապես գրվել և ինչ նպատակ է հետապնդում, ինչը միայն տարակուսանք է առաջացնում: Առաջին՝ նախ ստուգումների կազմակերպման ու անցկացման մասին օրենքում կա հստակ հոդված, որտեղ բացատրվում է, որ նրանք իրականացնելու են պետական նախկին վերահսկողական ծառայությունների մասին գործառույթները, այսինքն՝ նրանք իրականացնում են նաև ֆինանսների նախարարության  ստուգումների տեսչության  գործառույթները:

Այսինքն՝ նրանք շատ հստակ ասում են, որ եթե նրանք իրականացնում են գործառույթներ, որոնք շատ հստակ վերապահված են եղել, այդ դրույթները տարածվում են Պետական վերահսկողական ծառայություն վրա, այսինքն՝ նրանք ունեն շատ ավելի կարճ ժամանակահատված, և երբ որ նրանք ցանկություն հայտնեցին երկարեցնել ստուգումներ, այդ ժամանակահատվածում մենք բացատրեցինք, որ ներկայացնեն պատճառաբանություններ, և քանի որ այդ պատճառաբանությունները չներկայացվեցին, իրենց որոշումը չեն փոխել, բայց փաստացի ամփոփել են իրենց ուսումնասիրությունները, և այսօր հապշտապ, երևի օրվա 2-րդ կեսին մենք ստացել ենք համապատասխան ստուգման ակտերը, որոնք, ի դեպ, ստորագրված չեն, ամսաթվերը բացակայում են, և ցանկության դեպքում, հատկապես հետաքրքրվողներին, մենք կներկայացնենք մանրամասնություններ:

Հիմա թույլ տվեք մի քանի խախտումներ կոչվածներին կամ մտահոգություններին անդրադառնամ ավելի մանրամասն և բացատրեմ նաև «Գնումների մասին» օրենքի պահանջները: Ասացի, որ ընդհանրապես չի տարածվում ԵՊՀ-ի վրա, քանի որ 2015 թվականից սկսած, որը վերցրվել է որպես ուսումնասիրությունների ժամանակահատված, «Գնումների մասին» օրենքը չի տարածվել, սակայն թափանցիկություն, մրցակցություն և նաև պետական որոշակի միջոցների, ընդ որում, իմ տեղեկություններով, պետության կողմից միջոցները, որոնք ԵՊՀ-ին տրամադրվում են ընդամենը բյուջեի, եթե չեմ սխալվում, խնդրում եմ ուղղեք, 20 տոկոսի չափով են, և նաև տվյալ անձինք բացարձակապես չենք կարդացել նույնիսկ ԵՊՀ կանոնադրությունը, որը կառավարության որոշմամբ է հաստատված, և դրանով պետության մասնակցոթյունը կազմում է 25 տոկոս:

Եվ շատ հետաքրքիր՝ նաև բառերի իրավական խնդիրներ այստեղ գոյություն ունեն: Ընդհանրապես, տվյալ անձինք, ովքեր որ կառավարության կողմից ներկայացվել են, նրանք ընդամենը առաջադրվել և հաստատվել են, և որևէ պարագայում նրանք չեն նշանակվել որպես ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներ:

Նրանք ընդամենը առաջադրվել են, և նրանց ցուցակը պարզապես հաստատվել է, որովհետև հիմնադրամի կարգավիճակի պարագայում խոսել պետության՝ որպես մասնակցություն, այսինքն՝ նույնիսկ որոշակի առումով տարակուսելի է, որ հիմնադրամը մեկնաբանվում է, ասենք, բաժնետիրական ընկերություններին հավասար կարգավիճակով, և որտեղ բառերի տեսանկյունից մասնակցության և բաժնետիրոջ մասին մենք կարող ենք խոսել բաժնետիրական ընկերությունների կան ՍՊԸ-ների մասին, մինչդեռ հիմնադրամի դեպքում կառավարման համակարգը այլ է:

Նաև ասեմ հետևյալ մոտեցումը. եթե մեկի նկատմամբ կիրառվում է տույժ՝ որպես պատասխանատվության միջոց՝ քաղաքացաիրավական հարաբերություններում հետագայում այլ կազմակերպության նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելը կարող է  հարցեր առաջացնել, օրինակ՝ ինչու մեկի դեպքում արեցիք այսպես՝ մյուսի դեպքում չեք անում:

Իրականում դա խնդիր է առաջացնում, որովհետև եթե կազմակերպությանը, որը քեզ համար շահագրգռված է մասնակցելու մրցույթների, որոշակի ծառայություններ մատուցելու, մեկ անգամ տուգանքի ես ենթարկում, հաջորդ անգամ տվյալ անձը չի մասնակցում, և դու նման պայմաններում ավելի երկարաժամկետ ես փորձում մտածել, քանի որ շատ դեպքերում շատ դժվար է լինում հայաստանյան փոքր շուկայում գտնել փոխարինողին, որը կարող է նույն որակի ծառայություններ մատուցել . սա մեկ , երկրորդ՝ օրինակ, պահնորդական ծառայության հետ կապված դիտարկում է եղել հավանաբար թվի հաշվարկը կատարել են այսպես. վերցրել են հիմք ոչ թե ինչ-որ տարբերություններ , ոչ թե կոնկրետ իրենց մեկնաբանման և փաստարկման պատճառված որոշակի վնաս, այլ ընդամենը վերցրել են գնման մրցույթի թիվը և երևի արհեստականորեն այդ մրցույթի թվերը գումարել են իրար, որպեսզի կարողանան ինչ-որ ութ հարյուր միլիոն թիվ ստանալ:

Բացատրեմ ավելի մանրամասն. ասվում է, որ Պետական վերահսկողական ծառայությունը տվյալներ է ստացել պետական եկամուտների կոմիտեից, որ պահնորդական ծառայությունները իրականացնող անձի մոտ աշխատող անձինք ստանում են 74 հազար դրամ աշխատավարձ  միջին հաշվարկով և արդյունքում նրա կողմից տրամադրած աշխատավարձային ֆոնդը կազմում է  X  դրամ, և գնումը իրականացվել է  y դրամով, ընդ որում, դրանց տարբերությունը բավականին մեծ չէ հիմա, այսինքն՝ նշանակում է՝  Պետական վերահսկողական ծառայությունը հաշվի չի առնում, որ պահնորդական ծառայությունը ունի որոշակի ծախսեր, այսինքն՝ ինքը շահույթ հետապնդող կազմակերպություն է, նաև որոշակի շահույթ պետք է ստանա, բնականաբար, հակառակ դեպքում այդ պատասխանատվության տակ իհարկե  չի մտնի մեկ, երկրորդ հերթին՝ հանդիպակաց ուսումնասիրություններ չեն անցկացնի՝ հասկանալով՝ տվյալ կազմակերպությունները ինչու են գիշերային ժամերին որոշակի դեպքերում հերթապահում և ստանում 74 հազար դրամ, երրորդ՝ ԵՊՀ-ը բացարձակապես որևէ օրենքով նախատեսված լիազորություն և իրավասություն չունի միջամտելու տվյալ անձի գործունեությանը, հակառակ դեպքում դա կարող է առաջացնել որոշակի իրավական հետևանքներ, և նման վերաբերմունքին, նման ուսումնասիրություններին մոտավոր հետևությունների արդյունքում ասենք ինչ-որ թիվ է ներկայացվում:

Հիմա ես ներկայացրի, դուք կարող եք ասել կոնկրետ նման պարագայում  ինչով է դրսևորվել պատճառված վնասի չափ, եթե այն որպես այդպիսին առկա է եղել, կամ ներկայացվում է որոշակի ապրանք. ՀՀ ներմուծվել է այսինչ արժեքով, մաքսային արժեքը այսքան  է, ԵՊՀ-ում տվյալ ապրանքը մատակարարվել է այսքան գումարով, հիմա ինձ կարող եք ասել՝ այդ կազմակերպությունը, որը ենթադրենք ՀՀ –ում գնումներին մասնակցելու արդյունքում պետք է ապրանքը մատակարարի որոշակի կազմակերպության մաքսային արժեքով,  այդ դեպքում այդ կազմակերպությունը, դուք որ ունենաք, դուք որ զբաղվեք ձեռնարկատիրական գործունեությամբ, կարող եք ընդհանրապես շահույթ ստանալ կամ ընդհանրապես շուկայում գոյատևել, շահագրգռված լինել որևէ մրցույթի մասնակցելու, եթե դուք պետք  է  իրավաբաններ վերցնեք, բանակցեք, պայմանագրեր կազմենք, ներկրեք, մաքսազերծեք և այլն, այդ ապրանքը ազատ շրջանառության համար ներմուծեք ՀՀ, և եթե նույն մաքսային արժեքով իրացնեք շուկայում որևէ կազմակերպության վրա»:

«Հստակեցրեք՝ 800 միլիոնի ամենախոշոր խախտումը ո՞րն է եղել»:

Տ. Վարդազարյան. «Հավանաբար, այդ խախտումը, կարծում եմ, պահնորդական ծառայությունների հետ կապված խախտում էր, որը ես արդեն ներկայացրի»:

«Ի՞նչ չափի են խախտումները»:

Տ. Վարդազարյան. «Ասվում է, որ աշխատավարձերը կազմում են մոտավորապես 130 միլիոն դրամ, ընդ որում՝ սա պետք է բախշել 2017-2018 թվականների վրա:

«Ձեր հաջորդ քայլը ո՞րն է լինելու»:

Տ. Վարդազարյան. «Առաջին հերթին՝ մենք կկատարենք օրենքով նախատեսված մեր բոլոր պարտավորությունները, այսինքն՝ եթե մեզնից ակնկալվում է, որ մենք ներկայացնելու ենք սրա հետ կապված առարկություններ, մենք դրանք կներկայացնենք մինչև հունվարի 31-ը»:

Հաջորդ քայլերի մասին խոսելիս նշվեց, որ փորձ է արվելու վարչական դատավարության շրջանակներում բողոքարկել՝ ցույց տալով, որ պետական մարմինը գործել է իրավասությունների շրջանակից դուրս, օրենքները մեկնաբանել է կամայական, որոնք իրավական հետևանքներ առաջացնել չեն կարող:

Լրագորղի հարցին, թե ինչու էր հրավիրվել ասուլիսը, եթե ընթացակարգեր դեռ չեն անցել, ռեկտորը պատասխանեց, որ օրենքի խախտման հետևանքը կարող է շատ վտանգավոր լինել համալսարանի համար:

Ռեկտորը, շնորհակալություն հայտնելով ասուլիսին մասնակցելու համար, շնորհավորեց գալիք տոները:

Երևանի պետական համալսարան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս