2019թ. հռչակվում է կովկասյան ընձառյուծի տարի
Կառավարությունը ընդունեց 2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի հռչակելու մասին զեկույց, որը ներկայացրեց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:
Գրիգորյանը նշեց, որ 2018 թվականի գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի լուսանկարչական թակարդները, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանեցին կովկասյան ընձառյուծ, որը նախկինում չի արձանագրել որևէ լուսանկարչական թակարդ։ «Ուրախությամբ նշեմ, որ այդ ընձառյուծը շարունակում է բնակվել Խոսրովի արգելոցում, իսկ Հայաստանում հաշվառվում է 7-9 կովկասյան ընձառյուծ»,- ասաց Գրիգորյանը:
Դեռևս 2002 թվականից սկսած բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Armenia) իրականացնում են Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագիրը Հայաստանում։ Ծրագրի հիմնական նպատակն է անհետացման եզրին գտնվող ընձառյուծի, ինչպես նաև նրա համար որս հանդիսացող տեսակների՝ բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ տեսակների պոպուլյացիաների ավելացումը, այդ կենդանատեսակների ապրելավայրերի պահպանությունը:
Կենդանատեսակը գրանցված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը:
«Տեղադրված լուսանկարչական թակարդների արձանագրած նյութերը ցույց են տալիս, որ անցյալ տարվա հրդեհից հետո բնությունը վերականգնվում է, եթե ընձառյուծը վերադարձել է արգելոց, դա նշանակում է, որ նա ունի բավարար քանակությամբ որս։ Ընձառյուծի նկարահանումը ավելի է պարտավորեցնում, քանի որ այսուհետև պետք է լինենք շատ ավելի ուշադիր և ավելի հզորացնենք Հայաստանի Հանրապետության պահպանվող տարածքների պահպանության համակարգը։
2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի հռչակելը կնպաստի վեհաժողովների, ֆիլմերի, ցուցահանդեսների կազմակերպման միջոցով անհետացման եզրին գտնվող ընձառյուծի մասին առավել լայն լուսաբանմանը, ինչպես նաև հասարակության իրազեկման բարձրացմանը։ Այն նաև հնարավորություն կընձեռի զարգացնել և հզորացնել հատուկ պահպանվող տարածքները թե՛ բնության պահպանության, թե՛ էկոտուրիզմի կազմակերպման տեսանկյունից։
2019 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ թողարկել Կովկասյան ընձառյուծի թեմայով նամականիշ, կազմակերպել Կովկասյան ընձառյուծի միջազգային վեհաժողով, նկարահանել Հայաստանի կենսաբազմազանության մասին ֆիլմ, կազմակերպել համապատասխան ցուցահանդեսներ և այլն»,- ասված է Բնապահպանության նախարարի պաշտոնակատարը: