Գերմանիայի ԱԳ նախարարը կարևորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմի բարեփոխումը
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը dpa գործակալությանը տված հարցազրույցում հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման օգտին։ Ինչպես հայտարարել է նախարարը, ՄԱԿ-ի ԱԽ-ի կազմը «այլեւս չի համապատասխանում արդիականության ոգուն»:
«Ես կարծում եմ, որ աշխարհում ուժերի հարաբերակցությունը պետք է զգալիորեն ավելի լավ արտացոլվի, քան դա տեղի է ունենում ներկայում»,-Մաասի խոսքը մեջբերում է Abendzeitung հրատարակությունը: Նրա կարծիքով՝ Գերմանիան պետք է էլ ավելին անի ճգնաժամերն ու հակամարտությունները հաղթահարելու համար:
«Ես կարծում եմ, որ մեր պատասխանատվությունը մեծանում է: Մեզանից սպասումներն այնքան մեծ են, ինչպես երբեք նախկինում»,-ընդգծել է նա: Մասնավորապես Մաասը հայտարարել է Մերձավոր Արեւելքում ճգնաժամերի լուծման համար դիվանագիտական ջանքերին ակտիվ մասնակցության մասին: Հրատարակությունը հիշեցնում է, որ հունվարի 1-ից Գերմանիան երկու տարով դառնում է ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ:
«ՄԱԿ-ի ԱԽ-ին անդամակցելու շնորհիվ մենք ավելի ենք մոտենում ճգնաժամերին ու հակամարտություններին: Գերմանիայի ձայնն ավելի մեծ կշիռ կստանա հակամարտությունների լուծման գործում… Եվ մենք չենք կարող խույս տալ բարդ որոշումներ ընդունելուց»,-ասել է Մաասը:
ՄԱԿ-ի ԱԽ-ի բարեփոխման շուրջ բանավեճերն ընթանում են 90-ական թվականների սկզբից, գրում է Abendzeitung-ը: Գերմանիան, Ճապոնիայի, Բրազիլիայի եւ Հնդկաստանի հետ միասին, հանդես է գալիս խորհրդի կազմի ընդլայնման օգտին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: