ԱՄՆ-ը և Չինաստանը հունվարին առևտրական բանակցություններ կվարեն Պեկինում. Bloomberg
ԱՄՆ-ի կառավարական պատվիրակությունը հունվարի առաջին կեսին կուղեւորվի Պեկին՝ առեւտրական բանակցություններ վարելու Չինաստանի պաշտոնյաների հետ: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցչի տեղակալ Ջեֆրի Գերիշը: Պատվիրակության կազմում կընդգրկվի նաեւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի՝ միջազգային գործերով տեղակալ Դեւիդ Մելփասը:
Ինչպես նշում է Bloomberg-ը, Չինաստանի մայրաքաղաքում բանակցությունները կանցկացվեն հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում: Թե ՉԺՀ-ի կողմից ով կմասնակցի դրանց, չի ճշտվում:
Այն մասին, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը մտադիր են հաջորդ տարվա հունվարին առեւտրական կոնսուլտացիաներ անցկացնել, ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը: Այս ամսին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում նա կոնկրետ ամսաթվեր չէր նշել, բայց ճշտել էր, որ հնարավոր են մի քանի հանդիպումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: