Բաժիններ՝

Արդարադատության նախարարության և ՄԻՊ-ի ներկայացուցիչները քննարկել են քրեակատարողական ոլորտին առնչվող հարցեր

ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել քննարկում քրեակատարողական հիմնարկներին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, ՄԻՊ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը, Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը, վարչության պետի տեղակալ Շուշանիկ Ղուկասյանը, վարչության աշխատակից Արփինե Սարգսյանը, Պաշտպանի աշխատակազմի և Արդարադատության նախարարության այլ ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց և անչափահասների իրավունքների ապահովման վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը, Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից 2018 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱՆ «Հրազդան», ինչպես նաև 2018 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ կատարած մշտադիտարկման այցերի վերաբերյալ տեղեկանքները:

Կարևորվել է համատեղ աշխատանքը՝ այն որակելով արդյունավետ և պրոֆեսիոնալ:

Սուրեն Քրմոյանը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում կատարված բարեփոխումները, անդրադարձել Պաշտպանի զեկույցներում և տեղեկանքներում բարձրացված, Արդարադատության նախարարության կողմից նախանշված խնդիրներին և առաջարկել դրանց լուծման կարճաժամկետ և երկարաժամկետ մեխանիզմներ:

Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել քրեակատարողական հիմնարկներում առկա սննդի, բուժսպասարկման, զբաղվածության, կրթության հարցերին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների սոցիալական ապահովությանն ու վերջիններիս աշխատանքի պատշաճ կազմակերպման պայմաններին: Նույն համատեքստում, քննարկվել են դեղորայքի ընդունման և դրա կիրառման, հոգեբանական խնդիրներին վերաբերող հարցեր:

Նշենք, որ բացի նրանից, որ դատապարտյալները օրենքով սահմանված չափով տեսակապի (skype) համակարգից օգտվելու իրավունք ունեն, այժմ առավել մեծ ջանքերով Արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից նախատեսվում են բարելավվել արտաքին աշխարհի հետ շփման պայմանները: Որպես օրինակ նշվել է, որ այսօր արդեն քրեակատարողական հիմնարկներում քաղաքային հեռախոսների կողքին նշված են բոլոր ցուցումները, թե ինչպես կարելի է կապ հաստատել Պաշտպանի թեժ գծի աշխատակիցների հետ:

Քննարկման ընթացքում երկու մարմինների ներկայացուցիչները կարևորել են քրեակատարողական հիմնարկներում գտնվող անչափահասների, երիտասարդների կրթությանը վերաբերող հարցերը: Ընդգծվել է նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2018 թվականի մարտի 21-ին ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրվել է միջնակարգ հանրակրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ գործունեության լիցենզիա: ՊՈԱԿ-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից համապատասխան ֆինանսավորում ստանալուց հետո հանրակրթությունը կկազմակերպի սահմանված կարգով:

Հանդիպման ընթացքում քննարկման առարկա են դարձվել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում և տեղեկանքներում հստակ ներկայացված օրենսդրական առաջարկները: Օրինակ՝ քննարկվել և որոշվել է համատեղ ջանքերով լուծումներ առաջարկել ազատությունից զրկված անձին մեկուսի պահելու իրավական հիմքերի հստակեցման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քննարկված հարցերի առնչությամբ Արդարադատության նախարարությունը կմշակի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից քրեակատարողական համակարգում արձանագրված խնդիրների լուծման համալիր ծրագիր:

Որպես հանդիպման առանցքային արդյունք, կողմերը պայմանավորվել են 2019 թվականի ընթացքում Արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ջանքերով իրականացնել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց պատժի ընթացքում ռիսկերի և պահանջմունքների վերհանման, պատժի անհատական պլանավորման և դատապարտված անձանց վերասոցիալականացման և վերաինտեգրմանն ուղղված միջոցառումների շարք, որոնց նպատակն է քրեակատարողական համակարգում դատապարտյալների ուղղման և վերասոցիալականացման համակարգի կարողությունների ու դատապարտյալների վերասոցիալականացման նոր մշակույթի ձևավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս