Բրիջիտ Բարդոն Մակրոնին մեղադրել է կենդանիների պաշտպանության իրադրությունը վատթարացնելու մեջ
Բրիջիտ Բարդոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին քննադատել է որսորդության ոլորտում նրա քաղաքականության համար՝ հայտարարելով, թե երկիրը վերածվել է «զվարճանքների կենտրոնի», որտեղ սպանում են կենդանիներին: Դեկտեմբերի 26-ին այս մասին հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով դերասանուհու նամակը նախագահին։
«Դուք Ֆրանսիան վերածում եք զվարճանքների կենտրոնի, որտեղ սպանում են կենդանիներին»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ 76 հասարակական կազմակերպություններ, ներառյալ Բրիջիտ Բարդոյի հիմնադրամը, հենց նոր կոչ են հրապարակել «որսորդության չարաշահման» դեմ: «Դուք պարտավոր եք նկատի առնել դա»,- ընդգծել է դերասանուհին:
Նրա կարծիքով՝ կենդանիների պաշտպանությունը Ֆրանսիայում գտնվում է բարձիթողի վիճակում: Ինչպես կարծում է Բարդոն, «եթե դժվար է, իսկ երբեմն անհնարին, բարելավել մարդու վիճակը», ապա կենդանիների համար որեւիցե օգտակար բան անելը դյուրին է: Դրա համար անհրաժեշտ է կարեկցանք, փոքր-ինչ ուշադրություն դրանց նկատմամբ: Ինչպես նշել է դերասանուհին, կենդանիների լուռ տանջանքները «խայտառակություն են Ֆրանսիայի համար»: Մասնավորապես, նա վստահություն է հայտնել, որ սպանդանոցներում, «որտեղ ամեն օր Ֆրանսիայում բարբարոսական եւ զարհուրելի պայմաններում» շուրջ 3 միլիոն կենդանի են սպանում, անհրաժեշտ է տեսահսկողություն կազմակերպել:
Հուլիսի վերջին Մակրոնի եւ Բարդոյի հանդիպման ընթացքում դերասանուհին բարձր էր գնահատել նրա պատրաստակամությունն օգնելու կենդանիներին: Սակայն ավելի ուշ նախագահը որսի ազգային որսորդական թույլտվության արժեքը տարեկան 400 եվրոյից իջեցրեց 200 եվրո, ինչը հարուցեց կենդանիների պաշտպանի քննադատությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: