Բաժիններ՝

Պեկինի Արգելված քաղաքը դարձել է աշխարհի ամենաշատ այցելուներն ունեցող թանգարանը

Արգելված քաղաքը՝ նախկին կայսերական ձմեռային նստավայրը, իսկ ներկայում՝ «Գուգուն» համալիրը («Հին պալատ»), դարձել է աշխարհի ամենաշատ այցելուներն ունեցող թանգարանը: Ինչպես դեկտեմբերի 17-ին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, անցյալ շաբաթ այն ընդունել է 2018 թվականի 17-միլիոներորդ այցելուին, ինչը 6,25 տոկոսով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից։

Վարչակազմի տվյալներով՝ հյուրերի առավել մեծ մասը կազմում են մինչեւ 30 տարեկան երիտասարդության ներկայացուցիչները. այդ կատեգորիային է պատկանում այցելուների մոտավորապես 40 տոկոսը, եւս շուրջ 24 տոկոսը բաժին է ընկնում 30-ից մինչեւ 40 տարեկան մարդկանց:

Ներկա դրությամբ Արգելված քաղաքն այցելությունների առավելագույն թիվը սահմանափակել է օրական մինչեւ 80 հազարով: Այդ միջոցառումը գործում է արդեն երկուսուկես ամիս, որպեսզի երաշխավորվի ճարտարապետության եւ թանգարանի ցուցանմուշների պահպանվածությունը: Այս տարի Արգելված քաղաքի հյուրերի շրջանում առանձնահատուկ ժողովրդականություն են ստացել կատուները, որոնք ապրում են կայսերական նստավայրի տարածքում:

Վարչակազմի տվյալներով՝ ընդամենը պալատում ապրում է ավելի քան 200 կենդանի. նրանք յուրօրինակ վերակացուների դեր են կատարում, որոնց հետ բազմաթիվ այցելուներ սիրում են սելֆիներ անել եւ տեղադրել սոցիալական ցանցերում: «Գուգուն» թանգարանն ստեղծվել է 1925 թվականին Պեկինում՝ կայսերական պալատների համալիրի տարածքում, որը հայտնի է «Արգելված քաղաք» անվանմամբ: Սակայն 1948-1949 թվականներին՝ Չինաստանում քաղաքացիական պատերազմի ավարտին, թանգարանում պահվող մեծ եւ ամենաարժեքավոր մասը Թայվան կղզի է տարվել Գոմինդանի՝ այնտեղ փախած զորքերի կողմից:

Ընդամենը Պեկինի Արգելված քաղաքում կա մոտավորապես 1,86 մլն ցուցանմուշ, որոնցից միայն 2 տոկոսն է երբեւիցե ցուցադրվել ցուցահանդեսներում եւ մշտական ցուցադրանքներում: Մինչեւ 2020 թվականը ենթադրվում է ներկայացնել ընդհանուր հավաքածուի մինչեւ 8 տոկոսը: Ինչ-որ իմաստով Արգելված քաղաքը մինչ այժմ էլ մնում է արգելված: 2002 թվականին հանրային դիտման համար բաց է եղել դրա տարածքի միայն մոտավորապես երրորդ մասը, սակայն այժմ հասանելի է արդեն 80 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս