«ՄԻԵԴ-ի գանգատը պատրաստ է. գաղտնալսված հեռախոսազրույցներին մանրակրկիտ անդրադարձ է եղել». Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ ՄԻԵԴ դիմելը 1-2 օրվա խնդիր է, գանգատը պատրաստ է։

«Հենց հիմա իմ աշխատասենյակում դրված է ՄԻԵԴ-ի գանգատը՝ ամբողջությամբ պատրաստ վիճակում։ Համալրում ենք որոշ փաստաթղթեր։ Երևի պատկերացնում եք՝ 1-2 օրվա խնդիր է, որպեսզի դա մեկնի Եվրոպական դատարան»,- ասաց նա՝ ընդգծելով՝ ակնկալում են, որ Հայաստանում տեղի ունեցած խախտումները կստանան արժանի գնահատականներ։

168.am-ի հարցին՝ ՄԻԵԴ ներկայացվող գանգատում անդրադարձ եղե՞լ է հայտնի գաղտնալսումներին, նա դրական պատասխան տվեց.

«Շատ մանրակրկիտ անդրադարձ է կատարվել, մենք այնտեղ ցույց ենք տվել 3 կարևոր բան։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դատավոր Հրաչը, որը փաստաբանների կողմից ամենացածր գնահատված դատավորն է, նախապես սկսում է ճշտումներ անել ԱԱԾ պետի հետ, որ նման բան կա։

Կարդացեք նաև

Ընդ որում՝ հետո վարչապետն այդ հեռախոսազրույցների վերաբերյալ պարզաբանումներ է տալիս և շատ կարևոր բան է ասում, որը, ցավոք, տեսադաշտից դուրս է մնացել։

Դատավարոը ԱԱԾ պետի միջոցով տեղեկացնում է, որ գործը ջուր է, հասկանո՞ւմ եք։ Բայց ԱԱԾ տնօրենն ասում է՝ ես էլ դատավորին ասացի՝ ուզես-չուզես՝ պետք է կալանքը տաս։

Հիմա այս պայմաններում տված կալանքը դուք պատկերացնում եք, որ Եվրոպական դատարանը պետք է ասի՝ նորմա՞լ է, ես չեմ պատկերացնում։

Կամ, երբ ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը միասին քննարկում են՝ փակենք, որ ցուցմունք տան, թե չէ այսպես ցուցմունք չենք տալիս։ Այսինքն՝ կալանավորելու նպատակը համարում են այն, որ՝ փակենք, որ ցուցմունք տան, իսկ հանրությանը դա ներկայացնում են այսպես՝ ազատությունից զրկենք, որպեսզի չթաքնվեն, չխոչընդոտեն քննությանը։

Կամ` վերջին հեռախոսազրույցից պարզվում է, որ ԱԱԾ տնօրենը վարչապետին նախապես ասում է, թե դատավորն ինչ որոշում է կայացնելու»։

Ըստ փաստաբանի՝ ԱԱԾ-ն ու արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը փորձում են իրականությունը գլխիվայր շուռ տալ.

«Ես շատ հարգում եմ պարոն Զեյնալյանին, բայց ինքն ասաց մի բան, որ չեմ պատկերացնում՝ ինչ պետք է տեղի ունեցած լինի, որ նրա պես սկզբունքային մարդն այս կարճ ժամանակահատվածում սկսի խոսել բաներ, որոնք ընդհանուր բաներ չունեն օրենքի և իրավունքի հետ։

Նա հայտարարեց, որ այդ ձայնագրությունները դիվերսիա են, ապօրինություն են, և պետք չէ դրանց վրա ուշադրություն դարձնել։

Մի պարզունակ օրինակ բերեմ. Ենթադրենք՝ քննիչն իր աշխատասենյակում խոշտանգում է ինչ-որ մեկին, ինչ-որ մեկը դիմացի շենքից ապօրինաբար կարողացել է տեսագրել դա ու տեղադրել համացանցում։

Հիմա ինչ՝ այդ խոշտանգվողի պաշտպանն իրավունք չունի՞ դա որպես ապացույց ներկայացնել։

Հիմա պարոն Զենյալյանի նման բարձրակարգ իրավապաշտպանը ո՞նց կարող է այդ փաստը թողած՝ ընկնի այն բանի հետևից, որ ով դա գաղտնալսել է, դիվերսանտ է։ Լավ, դուք հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին եք խոսում»։

Հայկ Ալումյանի խոսքով՝ երբ ասում են, որ գաղտնալսում, գաղտնի տեսագրում չի կարելի անել, դա ասվում է մարդու իրավունքների կոնտեքստում և չի վերաբերում պետական մարմիններին՝ իրենց պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում արածին կամ ասածին. «Մարդու իրավունքները վերաբերում են այդ նույն պաշտոնատար անձին, երբ նա ծառայությունից դուրս է, իսկ երբ ծառայության կատարման մեջ է, դա նրան չի վերաբերում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս