
Համազգային թատրոնը նախատեսում է առաջիկայում մի շարք ծրագրեր իրականացնել

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանները ցանկանում են իրենց խաղացանկում պահպանել նախկին տնօրեն Վիգեն Չալդրանյանի բեմադրած «Համլետը» և «Սանտա Կրուզը» ներկայացումները: Թատրոնի տնօրենի պաշտոնակատար Արման Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հետագայում էլ շատ կցանկանան Չալդրանյանի հետ աշխատել իբրև բեմադրիչ:
Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն էլ նշեց, որ թատրոնի հետ կապված ծրագրերն այնքան շատ են, որ տպավորություն ունի, թե մի ամբողջ կյանք էլ դրա համար չի բավարարի: Նար ամենակարևոր հարցերից է համարում ժամանակին համընթաց թատրոն ձևավորելը: «Ծրագրերը շատ են, դեկտեմբերի 20-ին ժողով է լինելու, որպեսզի քննարկենք ու հասկանանք մեր ճանապարհը: Արդեն իսկ մի շարք նախագծեր ենք մտածել: Պահելով մեր Համազգայինի դիմագիծը, որը միշտ դերասանակենտրոն է եղել՝ գալու են նոր, ժամանակակից պիեսներ: Չէ՞ որ թատրոնն էլ պետք է դառնա շատ հետաքրքիր ժամանակակից մարդու համար։ Միշտ այդ մասին խոսելով, այդ պայքարը մղելով՝ հույս ունեմ, որ կկարողանամ արդարացնել և՛ մեր դերասանների սպասելիքները, և՛ ինքս իմ երազանքի թատրոնը»,- նկատեց գեղարվեստական ղեկավարը:
Նորանշանակ գեղարվեստական ղեկավարն ասաց, որ թատրոնում բեմադրություններ անելու առաքելությունը միայն իրենը չի լինի, և Համազգային թատրոնի դռները բաց են լինելու տաղանդավոր ստեղծագործողների առաջ: «Որպես դերասաններ` մենք ձևավորվել ենք տարբեր ռեժիսորների հետ աշխատելու շնորհիվ, ամեն դերասան շատ լավն է, ամեն մեկն էլ սեփական գունապնակն ունի»,- եզրափակեց Նարինե Գրիգորյանը: