Աշոտյանը Պուտինի խոսքերում ակնարկներ է որսացել. Hraparak.am

ՀՀԿ-ն, նաև անձամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վերջին շրջանում մշտապես պնդել են, որ իշխանափոխությունից հետո անցած 7 ամիսներին Նիկոլ Փաշինյանի թիմին հաջողվեց անհուսորեն փչացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ, մինչդեռ այսօր Վլադիմիր Պուտինը Հայաստանն անվանել է Ռուսաստանի ամենամտերիմ գործընկերն ու դաշնակիցը Հարավային Կովկասում: Նաև պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ այնտեղ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, փոքր ինչ զարմացել է հարցից՝ նշելով, որ հայ-ռուսական հարաբերություններում որեւէ բան վերականգնելու խնդիր չկա: «Մենք չունենք որեւէ բան, ինչ քանդվել է եւ կարիք ունի վերականգնման: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում եւ աշխարհում, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ է: Մենք պետք է զարգացնենք այն, ինչ ունենք»,- հայտարարել է Պուտինը:

Նախ, Արմեն Աշոտյանն ասաց, որ հարցադրումը 2 տարբեր կարծիքներ 1 «սոուսի» տակ անցկացնելու փորձ է, քանի որ իր գնահատմամբ՝ ՌԴ նախագահի շուրթերից որևէ տարօրինակ գնահատական չի հնչել․ իրականում ՀՀ և ՌԴ փոխհարաբերությունները ռազմավարական են, դաշնակցային են, իսկ ժողովուրդների միջև առկա պատմական, քաղաքակրթական կապն՝ անխզելի։

«Խոսքը ժողովուրդների ու պետությունների միջև հարաբերությունների մասին չէ, այլ, և այդ ակնարկը կար նաև ՌԴ նախագահի խոսքում, կառավարության հետ հարաբերություններում, եղած պոտենցիալի վրա զարգացնելու անհրաժեշտության մասին։ 7 ամիս է՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, յոթ ամսվա մեջ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկար չի ուրվագծվել և դրա մասին նրբորեն ակնարկեց նաև ՌԴ նախագահն՝ ասելով, որ նախորդ ղեկավարների կառուցած բազայի հիման վրա պետք է զարգացնել հարաբերությունները»,- Hraparak.am-ի հաղորդմամբ՝ ասաց Արմեն Աշոտյանը։

Ուստի՝ նա այս ակնարկը դիտարկում է որպես նոր, կամ արդեն ոչ նոր Հայաստանի կառավարությանը մարտահրավեր, որպեսզի հայ-ռուսական քաղաքական կապիտալը, ինչպես ձևակերպվում է՝ ոչ թե մսխվի, այլ զարգացվի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս