«Եթե կառավարությունը ՀԷԿ-երի հարցը չլուծի՝ նոր հասարակական ցնցումների կոչ եմ անելու». ֆերմեր
«Վայոց ձորում 10 տարի է՝ զբաղվում եմ անասնապահությամբ և բազմիցս խոսել եմ Եղեգիս խոշորացված համայնքում առկա այլանդակ իրավիճակի մասին: Սակայն, նախկին ու ներկա իշխանությունների կողմից նույն արհամարհանքը եղավ: Ոչինչ չփոխվեց: Բազմիցս հայտարարություններ արեցինք հէկ-երի արատավոր երևույթի մասին: Եղեգիս գետը ցամաքել, դարձել է երկաթյա գետ: Ավելին՝ նորից հէկ-երի կառուցման թույլտվություն են տվել: 32 կիլոմետրի վրա 19 հէկ կա, էլի թույլ են տալիս կառուցել: Լավ, ի՞նչ է կատարվում: Գետի մոտ ապրող գյուղացին չի կարողանում իր հողը ջրել, ցանքս կատարել, ջուր չկա, մինչդեռ այդ բորենիները գետը հէկ-երով ցամաքեցնում՝ ջուրը տանում-թափում են Ադրբեջան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆերմեր Տիգրան Եղոյանը:
Նրա փոխանցմամբ՝ այսպիսի իրավիճակ է նաև այլ շրջաններում:
«Օրինակ՝ Թալինում մարդիկ ունեն հողեր, բայց չեն կարողանում ինչ-որ բան ցանել: Կաթնաղբյուրում էլ ցանքս անողները 5 տոկոս են կազմում: Ջուր չկա, պոմպակայանները թալանված են»,- նշեց ֆերմեր Տիգրան Եղոյանը:
168.am-ի հարցին՝ վերջին անգամ ե՞րբ են դիմել Կառավարությանը՝ հէկ-երի հարցով, Տիգրան Եղոյանը պատասխանեց.
«Վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կան արատավոր երևույթներ, որոնք պետք է կանխվեն: Հիմա, հայտարարությունը մեկ բան է, կոնկրետ գործողությունը՝ այլ: Այն, որ մենք տեսնում ենք նոր թույլտվություն, նոր հէկ-երի կառուցում, սա արդեն այլ բան է: Խոսում են նաև գետի հունը փոխելու մասին, որը բարբարոսություն է, հակասում է օրենքին: Գետի հուն փոխելը հանցագործություն է: Այն, ի դեպ, այս պահին կատարվում է: Սարերում ձյուն է, տեխնիկան դրել ձյունը մաքրում են: Թվով 19 հէկ կա Եղեգիս գետի վրա, մի քանիսի համար էլ շինթույլտվությունն է առկա: Գյուղացին գնում է, որ գետից ջուր վերցնի՝ բերի լոլիկը ջրի, կանգնում-ասում են, թե՝ պետք է գումար վճարես: Բա ամբողջ ջուրը երկաթների մեջ դրած բորենինե՞րը: ԱԱԾ-ն ասում է՝ նյութեր տվեք:
Հազար անգամ տվեցինք: Գործարանային արտադրության որևէ խողովակ հէկ-երի վրա չկա, ԽՍՀՄ շրջանում եղած ջրատար խողովակներն են քանդում, բերում: Որտե՞ղ են այդ բնապահպանները: 2015 թվականից ես այս հարցը բարձրացնում եմ: Ամանորից հետո այս արատավոր երևույթի հետ կապված կդիմենք Կառավարությանը, որպեսզի հարցը վերանայեն ու լուծեն, հակառակ դեպքում ժողովրդին նոր հասարակական ցնցումների կոչ եմ անելու»:
Անի Կարապետյան