«Հայաստան է ներմուծվել կասկածելի որակի խոզի միս, որը տեղականի հետ խառնելով՝ հրամցնում են ժողովրդին». ֆերմեր
«Հայաստան է ներմուծվել կասկածելի որակի խոզի միս, որը տեղական մսի հետ խառնելով՝ վաճառում, հրամցնում են ժողովրդին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ֆերմեր Տիգրան Եղոյանը:
«Բանը հասել է նրան, որ խտացրած կերը՝ թեփը, այսօր արդեն խանութներում չկա, դեֆիցիտ է: Որոշ ուժեր միտումնավոր թանկացրեցին: Այսօր նույն իրավիճակն է խոզաբուծության ոլորտում: Սա հատուկ քաղաքականություն է՝ գյուղացուն իր ապրելու միջոցից զրկելու համար: Ջրից կտրեցին, գյուղերը միացրին, հիմա էլ հողերը: Ասել ու ասում եմ՝ Տարածքային կառավարման, Գյուղատնտեսության, Բնապահպանության նախարարնե՛ր, դուք չեք աշխատում»,- ասաց ֆերմերը:
168.am-ի դիտարկմանը, որ դեկտեմբերի 14-ին ՍԱՊԾ մամուլի ծառայությունից հայտնել են, թե Ռուսաստանի որոշ տարածքներից արգելվել է միս ներկրել Հայաստան, այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք իր հայտարարությունը, Տիգրան Եղոյանը պատասխանեց. «Արգելել են, բայց մինչ որոշում են կայացրել, արդեն խոզի մսի մեծ խմբաքանակ Հայաստան է մտել, ու այսօր շուկայում առկա է դրսից ներմուծված կասկածելի որակի միս, որը տեղականի հետ խառնելով՝ հրամցնում են ժողովրդին: Սա էլ՝ ամանորյա նվեր»:
Հիշեցնենք, որ ՍԱՊԾ մամուլի ծառայությունից հաղորդել են, որ դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), ինչպես նաև կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:
Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) կայքէջում հրապարակված տեղեկատվությունը, ինչպես նաև «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում գոտիավորման» վերաբերյալ այդ երկրի Անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության որոշումը:
Անի Կարապետյան