Սուրճի սեղանի շուրջ պարզապես ծանոթացե՞լ են, թե՞ հանդիպում է եղել

Այսօր 168.amհրապարակում էր պատրաստել այն մասին, որ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Փարիզ-Բրյուսել-Կոպենհագեն 12-օրյա հագեցած գործուղման շրջանակում հանդիպում է ունեցել Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ։

Հանդիպումը զարմանալի էր նրանով, որ, չնայած այն հանգամանքին, որ ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից և Արտաքին գործերի նախարարներից բացի, այլ մակարդակներում ադրբեջանական կողմի որևէ պաշտոնյայի հետ երբևէ որևէ երկկողմ հանդիպում տեղի չի ունենում, երիտասարդ պաշտոնյան, այնուամենայնիվ, հանդիպել էր։ Մեզ հետաքրքրում էր՝ արդյոք «թավշյա հեղափոխության» արդյունքում Քաղավիացիայի կոմիտեի նախագահ նշանակված երիտասարդ Տաթևիկ Ռևազյանն իր հանդիպումը համաձայնեցրե՞լ էր ՀՀ վարչապետի աշխատակազմի, Արտաքին գործերի նախարարության կամ Ազգային անվտանգության ծառայության հետ, թե՞ գործել է ինքնագլուխ` հանդիպելով մի պետության ներկայացուցչի հետ, որը փակել է Հայաստանի համար իր օդային տարածքը և մինչ օրս սպառնում է խոցել Ստեփանակերտ թռչող ցանկացած քաղաքացիական ինքնաթիռ: Կամ՝ ի՞նչ են քննարկել նրանք։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ի պատասխան մեր հարցման՝ ասել էր, որ  համաձայն ՀՀ վարչապետի սեպտեմբերի 19-ի 1230Ն որոշման՝ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացվել է վերոնշյալ գործուղումների մասին, որոնք վերաբերում էին հաշվետվության մեջ նշված բազմակողմ միջոցառումներին մասնակցությանը: Բայց։  «Վերջիններիս շրջանակներում կայացած Ձեր կողմից հարցված հանդիպումները նախապես ծրագրված չեն եղել և կրում էին ոչ ֆորմալ բնույթ»,- պատասխանելով մեր կողմից հնչեցված հարցին՝ ասել էր ՀՀ Արտգործնախարարության խոսնակը։

Այսօր, հասկանալի պատճառներով, Տաթևիկ Ռևազյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ շփումը եղել է չծրագրված, ուստի Հայաստանի ղեկավարության հետ համաձայնեցնելու հարց չէր կարող լինել:

«Չնախատեսված հանդիպում է եղել, հանպատրաստից, սուրճ ենք խմել: Այս պարագայում ես չգիտեի՝ նրանք գալո՞ւ են, թե՞ չեն գալու: Կոնկրետ խնդիր էլ չենք ունեցել ինչ-որ հարց քննարկելու Ադրբեջանի հետ: Սուրճի սեղանի շուրջ պարզապես ծանոթացել ենք, ոչ մի այլ խոսակցություն չի եղել: Ընդամենը սուրճ ենք խմել, առաջին  անգամ իրար տեսածներին ծանոթացրել են. տարբեր երկրների քաղավիացիայի բոլոր ղեկավարների հանդիպում էր: Պատկերացնում եք, որ սենյակում տարբեր երկրների ղեկավարներ լինեն, և ես փախչեմ, ու Ադրբեջանի քաղավիացիայի ղեկավարը լինի, իսկ մենք՝ ոչ: Մենք զբաղվում ենք թռիչքային անվտանգությամբ և իրավունք չունենք ցույց տալու, որ պոլիտիկա կա… Կարդացեք, թե ինչ է ասում ԻԿԱՕ-ն»,- մանրամասնել է Տաթևիկ Ռևազյանը՝ նշելով, որ իրենք շեշտը դնում են թռիչքային անվտանգության վրա:

«Իրականությունից չենք կարող փախչել, Ադրբեջանը և Թուրքիան  մեր հարևան երկրներն են: Հետո` ինքնաթիռները նրանց տարածքով անցնում են, մտնում մեր տարածք, և նույնը` Թուրքիայից, ուստի պետք է նորմալ հարաբերություններ պահպանենք` անվտանգությունից ելնելով: Այո, ադրբեջանական ինքնաթիռ չի գալիս մեզ մոտ,  հայկական ինքնաթիռ չի գնում Ադրբեջան, բայց շատ ինքնաթիռներ են անցնում և՛  նրանց տարածքով, և՛  մեր: Նավիգացիան 2 ուղղությամբ է՝ մեկը զբաղվում է, որ ինքնաթիռներն իջնում են օդանավակայաններում, երկրորդն ուսումնասիրում է այն թռիչքները, որոնք իրականացվում են: Այսինքն՝ թռիչքային անվտանգությունն ապահովելու համար այդ կապը կա, սա կարող եք գրել»,- ավելացրել է Ռևազյանը:

Լրատվամիջոցի հարցին՝ ադրբեջանական կողմը սուրճի սեղանի շուրջ արդյո՞ք ակնարկել է Ստեփանակերտից քաղաքացիական թռիչքների իրականացման մասին, նա պատասխանել է. «Ոչ մի նման հարց, ընդհանրապես նման բան չի եղել: Կարծում եմ` կվախենային»:

Այս պարզաբանման բովանդակությունը՝ մի կողմ, բայց տարօրինակն այն է, որ Տաթևիկ Ռևազյանը ՀՀ կառավարությանը գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնելիս հստակ նշել է՝ հանդիպում Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Արիֆ Մամմադովի հետ։ Եվ, ուրեմն, որտե՞ղ է ճշմարտությունը՝ ընդամենը սուրճի սեղանի շուրջ պարզապես ծանոթացե՞լ են, թե՞  հանդիպում է եղել։ Սուրճի սեղանի շուրջ բոլոր ներկա գտնվողների մասին հաշվետվություն է ներկայացվում վարչապետին՝ որպես արված գո՞րծ։ Եվ, ընդհանրապես, Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Արիֆ Մամմադովը Տաթևիկ Ռևազյանի հետ ինչո՞ւ պետք է վախենար խոսել։

Ի դեպ, 168.am-ը դեռևս 11.09.2018թ. գրավոր հարցումներ էր ուղարկել, սակայն վերջինս մինչ օրս չի պատասխանել այն ժամանակ արդիական մեր հարցադրումներին։ Առիթից օգտվելով՝ կից ներկայացնում ենք մեր հարցումները։ Միգուցե հիմա պատասխանի։

Տեսանյութեր

Լրահոս