«Ընտրություններում նախընտրական քարոզչությունն ընթացել է վառ ընդգծված հակաքարոզչությամբ». Ռեգիոն հետազոտական կենտրոն

Ռեգիոն հետազոտական կենտրոնը Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆինանսական աջակցությամբ «Ընտրական մրցակցությունը հայաստանյան օնլայն հարթակներում-2018» թեմայով հետազոտություն է իրականացրել։ Նոյեմբերի 1-ից մինչ օրս հետազոտել են հայաստանայն օնլայն հարթակները՝ նկատի ունենալով ռեյտինգային 6 օնլայն ԶԼՄ, որոնք ամսվա կտրվածքով ունենում են մեծ դիտելիություն։

Հետազոտվել են նաև ընտրություններում մրցակից քաղաքական ուժերի 22 ֆեյսբուքյան հարթակները, նախընտրական մրցակցության և քվեարկության օրվա դիսկուրս առանձնահատկությունները և այլն։

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով հետազոտության արդյունքները, Ռեգիոն հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանն ասաց, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հետազոտել են քաղաքական ուժերից մի քանի կամ, առանձին դեպքերում, մեկական ներկայացուցչի  էջ, որոնց ընտրելու համար կիրառել են տարբեր մոտեցումներ: Օրինակ, «Իմ քայլը» դաշինքի դեպքում հետազոտել են Նիկոլ Փաշինյանի էջը, քանի որ ապրիլյան իրադարձություններից հետո ֆեյսբուքյան նրա էջը գրանցել է աննախադեպ արդյունքներ։ Այնուհետև՝ Լենա Նազարյանի և «Իմ քայլը» դաշինքի պաշտոնական էջերը։

Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության էջից դիտարկել են Էդմոն Մարուքյանի
և կուսակցության պաշտոնական էջերը, ԲՀԿ-ի դեպքում՝ Վահե Էնֆիաջյանի և Նաիրա Զոհրաբյանի էջերը, ՀՀԿ-ից՝ Արմեն Աշոտյանի և Արփինե Հովհաննիսյանի էջերը, «Մենք» դաշինքից՝ դաշինքի պաշտոնական էջը, ինչպես նաև Արամ Սարգսյանի և Անժելա Խաչատրյանի էջերը, ՀՅԴ-ից՝ Արթուր Եղիազարյանի և Արտակ Սարգսյանի էջերը,         ՕԵԿ-ից՝ Արթուր Բաղդասարյանի էջը։ Նորաբաց կուսակցությունների դեպքում հետազոտել են միայն կուսակցությունների պաշտոնական էջերը։

«Մենք օնլայն հարթակներն ուսումնասիրել ենք ոչ միայն այն տեսանկյունից, թե լրատվամիջոցներն արդյո՞ք լիարժեքորեն են ներկայացրել այս կամ այն քաղաքական ուժի քարոզչական գործընթացը, այլ՝ ելնելով օնլայն հարթակների առանձնահատկություններից։

Այս ընտրական գործընթացի գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ մենք ունեցանք սպրինտերային տեմպերով ընթացող գործընթաց, որի արդյունքում եղավ գերինտենսիվ լուսաբանում լրատվամիջոցներում, հատկապես՝ օնլայն հարթակներում։ Սա բնորոշ չի եղել նախորդ ընտրական գործընթացներին։ Ունեցել ենք օնլայն ԶԼՄ-ներ, որոնք մեկ օրվա ընթացքում հրապարակել են 39-98 նյութ ընտրությունների վերաբերյալ»,- նշեց Լաուրա Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ այն է եղել, որ օնլայն լրատվամիջոցներից շատերը տարածել են մեծ թվով տեսանյութեր, որոնք եղել են՝ ինչպես սեփական արտադրության, այնպես էլ՝ այլ լրատվամիջոցներից վերցրած։ Բացի այդ, շատ են եղել նաև ուղիղ միացումները, այդ թվում՝ ֆեյսբուքյան, որոնք, ըստ Լ. Բաղդասարյանի, բնորոշ չեն եղել միայն այս ընտրություններին։

«Այս քարոզարշավում ունեցանք ՀՀԿ մի քանի գործիչներ, որոնք ֆեյսբուքյան ուղիղ միացումներով հանդես եկան, որոնք նախկինում երբեք չէին արել՝ Էդուարդ Շարմազանով, Արփինե Հովհաննիսյան, Արմեն Աշոտյան և այլք։ Այս ընտրություններում նաև նկատել ենք, որ,  Ֆեյսբուքից կոնտենտները գնում էին օնլայն լրատվամիջոցներ և հեռուստաընկերություններ, այսինքն՝ հեռուստաընկերություններն իրենց թողարկումներում պատմում էին, թե ֆեյսբուքյան  տիրույթում ինչ է ասել այն կամ այն քաղաքական ուժը։

Օրինակ՝ մեծ ուշադրություն է դարձվել Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի, Նիկոլ Փաշինյանի, Արփինե Հովհաննիսյանի ուղիղ եթերներին, ունեցել ենք լրատվամիջոցներ, որոնք ամբողջությամբ այդ տեսանյութերը տեղադրել են իրենց կայքերում»,- շեշտեց Լաուրա Բաղդասարյանը։

Նա նաև նկատեց, որ ընտրություններում նախընտրական քարոզչությունն ընթացել է վառ ընդգծված հակաքարոզչությամբ։ Սակայն իրականությանը չեն համապատասխանում այն խոսակցությունները, թե քարոզարշավի ժամանակ եղել է ատելության խոսքի մեծ քանակություն։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս