Բաժիններ՝

ԱՄՆ-ում հայտարարել են «Օսկար»-ի անվանակարգորդների կարճ ցուցակը

«Հան Սոլո. աստղային պատերազմներ: Պատմություններ», «Սեւ հովազ» ֆիլմերը, ինչպես նաեւ եւս ութ կինոնկարներ են տեղ գտել «Օսկար» մրցանակի հավակնորդների կարճ ցուցակում «Լավագույն տեսողական էֆեկտներ» անվանակարգում: Այդ մասին հայտնել է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան, որը շնորհում է այդ պարգեւը:

Կարճ ցուցակում ներառված են նաեւ «Մարդ-մրջյունը եւ Իշամեղուն», «Վրիժառուներ. անվերջության պատերազմը», «Քրիստոֆեր Ռոբին», «Մարդը՝ լուսնի վրա», «Յուրայի դարաշրջանի աշխարհը 2», «Մերի Փոփինսը վերադառնում է», «Առաջին խաղացողը թող պատրաստվի», «Մարվենի զարմանալի աշխարհը» ֆիլմերը:

Ինչպես հայտնել են ակադեմիայում, հունվարի 5-ին նրա անդամները 10-րոպեանոց հատվածներ կդիտեն այդ ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր ֆիլմից: Դրանից հետո կընտրվի հինգ կինոնկար, որոնք կանվանակարգվեն մրցանակի:

Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան մրցանակի հավակնորդների կարճ ցուցակներ է հրապարակել եւս մի քանի անվանակարգերում: «Գրիմը եւ սանրվածքի ոճը» կատեգորիայում տեղ են գտել «Սեւ հովազ», «Բոհեմական ռապսոդիա», «Սահման». «Երկու թագուհի», «Սթենը եւ Օլլին» եւ «Սուսպիրիա» ֆիլմերը:

Ինչպես հայտնել են ակադեմիայում, սկզբնապես 140 ժապավեն է «Օսկար»-ի առաջադրվել «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» կատեգորիայում: Կարճ ցուցակ է մտել տասը կինոնկար, այդ թվում՝ «Միայն ձեր ականջների համար», «Վայրենին» ժապավենները:

«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում պարգեւի է առաջադրվել 81 աշխատանք: Կարճ ցուցակում ներառվել են դրանցից տասը, այդ թվում՝ «Կենդանիների վարքագիծը», «Բաո» եւ «Ծովափիղ պապիկը» մուլտֆիլմերը:

«Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2019 թվականի փետրվարի 24-ին: Այն կանցկացվի Dolby թատրոնում (Հոլիվուդ, Լոս Անջելես), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս