Անհետացած և անհետացման եզրին գտնվող կենդանատեսակները Թուրքիայում

Թուրքական «CNN Türk» լրատվամիջոցն ուշագրավ նյութ է պատրաստել Թուրքիայում անհետացած և անհետացման եզրին գտնվող կենդանատեսակների մասին։

Ընդհանուր առմամբ ներկայացվել է Թուրքիայում վտանգված 21 կենդանատեսակ, որոնց հնգյակը ներկայացնում ենք ստորև:

Լուսան

Թեև այս գիշատիչ կենդանին իսպառ չի վերացել Թուրքիայում, բայց գոյությունը վտանգի  տակ է։  Թուրքիայում լուսանները հիմնականում տարածված են Գալիպոլի, Քասթամոնու, Արդվին, Սիիրթ, Բիթլիս, Բինգյոլ (Բյուրակն), Մուղլա, Անթալիա և Բոլու նահանգներում։ Այն բանից հետո, երբ լուսանները հայտնվեցին անհետացման եզրին, դրանց որսը արգելվեց Թուրքիայում։

Հովազ

Այս կենդանատեսակի թիվը Թուրքիայում նախկինում բավականին մեծ էր, բայց հիմա դրանք նույնպես անհետացման եզրին են։ Թուրքիայում հովազ վերջին անգամ հանդիպել է 1974թ. Անկարայի նահանգի Բեյփազարը շրջանի Բաղոզի գյուղում։

Կասպյան (Թուրանյան կամ Անդրկովկասյան) վագր

Վերջին անգամ այդ կենդանատեսակին Թուրքիայում հանդիպել են 1970թ.-ին՝ թուրք-իրաքյան սահմանի մոտ գտնվող Հաքքարի և Ուլուդերե շրջաններում։

Հեպարդ

Նախկինում տարածված էր Թուրքիայի արևելյան նահանգներում, իսկ վերջին տարիներին հեպարդներ Թուրքիայում չեն հանդիպել։ Ներկա պահին համարվում է, որ հեպարդները Թուրքիայում իսպառ վերացել են։

Վայրի կատու

Վայրի կատուները հիմնականում բնակվում են Թուրքիայի հյուսիսային շրջաններում գտնվող անտառներում, ինչպես նաև հարավային և արևմտյան շրջաններում։ Այժմ վայրի կատուներ Թուրքիայում հանդիպում են չափազանց քիչ քանակությամբ։

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս