Բաժիններ՝

Դեսպան Սվիտալսկին լավատես է ՀՀ փակ հաստատություններում մարդու իրավունքների բարելավման հարցում. ամփոփվել են թեմատիկ մրցույթների արդյունքները

Փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավումը պահանջում է մշտական հետևողական աշխատանք: Այս մասին «Հանրային հայացք փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթների մրցանակաբաշխության բացման խոսքում նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ այդ ոլորտում կան համակարգային խնդիրներ:

Անդրադառնալով փակ հաստատությունների գործունեության լուսաբանման խնդրին՝ Թաթոյանը ասաց, որ որքան քիչ է լուսաբանվում ոլորտը, այնքան շատ են խնդիրները:

«Այս ոլորտը այնպիսին է, որ պահանջում է բոլորի համատեղ սրտացավ աշխատանքը: Մենք կարևում ենք այս ոլորտում մեր գործընկերների՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և լրագրողների հետ աշխատանքը:

Կարևորագույն նվաճումը պետք է լինի այն, որ լրագրողի աշխատանքը ընկալվի որպես աջակցություն խնդիրների լուծմանը, այլ ոչ թե որպես խոչընդոտ: Մենք, ցավոք, կարծրատիպեր ունենք, որ լրագրողի միջամտությունը ընկալվում է որպես աշխատանքի խոչընդոտ»,- նկատեց Թաթոյանը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ մարդու իրավունքները կանգ չեն առնում փակ հաստատությունների դարպասների առաջ, և երբ մարդիկ այդ դարպասներն անցնում ու մտնում են փակ հաստատություն, ապա նրանց արժանապատվությունը չեն կորցնում:

« Թեև նրանք երբեմն զրկվում են այդ իրավունքները լիարժեքորեն իրականացնելուց, չպետք է մոռանանք, որ նրանք մարդ էակներ են: Որևէ հասարակություն չի կարող իրեն համարել ազատ և արդար, եթե ուշադրություն չի դարձնում փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակին: Վստահ եմ, որ նոր Հայաստանը կգտնի անհրաժեշտ քաղաքական կամքը այս խնդիրներին անդրադառնալու համար»,- ընդգծեց Սվիտալսկին:

«Հանրային հայացք փակ աշխարհին.«Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթներին ներկայացվել է 100-ից ավելի հայտ:

Համընդհանուր խնդիրների բարձրացրման և հետևողական լուսաբանման համար հատուկ մրցանակի արժանացավ ներկա դատապարտյալ Յուրի Սարգսյանը:

Հատուկ մրցանակի արժանացավ Անաստասիա Դավթյանը՝ բանտային պայմաններում կրթություն ստանալու իր փորձառության մասին խիզախորեն բարձրաձայնելու և այդ հարցի նկատմամբ հանրության մոտ առկա կարծրատիպերը կոտրելու փորձ անելու համար:

Հատուկ մրցանակի արժանացավ Արմենակ Դավթյանը՝ «Կալանավայրը՝ կրթավայր. 14 անդամից բաղկացած ընտանիքի հոգսը թեթեւացնելու նպատակով սննդամթերք գողացող պատանու պատմությունը» հոդվածում բազմակողմանիորեն լուսաբանելու համար՝ DVV international-ի կողմից:

«Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» լրագրողական մրցույթի շրջանակում «Լավագույն առցանց նյութ անվանակարգում հաղթող ճանաչվեց Լուսինե Ղարիբյանի՝ «Պացիենտների երազանքները եւ առայժմ չհավաքված կուբիկ-ռուբիկը» նյութը:

«Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմայով լրագրողական մրցույթի շրջանակում լավագույն մարդկային պատմություն անվանակարգում մրցանակի արժանացավ Մհեր Ենոքյանի «Բարի գալուստ բանտ» հոդվածը:

«Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմայով լրագրողական մրցույթում լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ անվանակարգում հաղթող ճանաչվեց Շաքե Ղազարյանի «ՊոստՖակտում. Ծակուռային քսենոֆոբիա» նյութը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս