Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 14-ին
«Դատական նիստն ավարտվեց, միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ և վաղը՝ ժամը 16։00-ին դատական ակտը կկայացվի, կհրապարակվի»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում լրագրողներին ասաց ՀՀ նախկին նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Արմեն Գևորգյանը բոլոր մեղադրանքների առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել, և իր դիրքորոշումը հայտնել է, որ բնականաբար, նա առնչություն չունի այդ մեղսագրվող արարքների հետ։ Եթե դատարանի կողմից քննիչի բերած միջնորդությունը մերժվի, Արմեն Գևորգյանը հանդես կգա հայտարարությամբ և բոլոր պարզաբանումները կտա»,- ասաց նա։
Նա նշեց, որ պաշտպանական կողմն իր առարկությունը թե՛ բանավոր, թե՛ գրավոր հանգամանալից ներկայացրել է. «Մենք վիճարկել են վարույթն իրականացնող մարմնի կողմից վկայակոչված որպես կալանավորման պայման հիմնավոր կասկածը՝ նշելով, որ առհասարակ Արմեն Գևորգյանի առնչությունը իրեն մեղսագրվող հանցավոր արարքների մեջ ուղղակի բացակայում է, անդրադարձել ենք նաև կալանավորման հիմքերին, որոնց թվում է թաքնվելը, խոչընդոտելը, փաստաթղթեր կեղծելը, թաքցնելը, բոլոր այդ հիմքերը, և մենք ներկայացրել ենք համապատասխան փաստարկներ, ապացույցներ, որոնք վարույթ իրականացնող մարմինը ոչ միայն չի ներկայացրել, որ դրանք առկա են, այլև հակառակը՝ գործում առկա փաստական տվյալները վկայում են հակառակի մասին, որ մնալով ազատության մեջ, նա կդրսևորի պատշաճ և օրինակելի վարքագիծ»։
Փաստաբանն ասաց, որ գրավի միջնորդություն են ներկայացրել. «Մենք գտել ենք, որ եթե դատարանն այնուամենայնիվ գտնի՝ պայմաններն ու հիմքերն առկա են կալանավորման, ապա խափանման միջոց կիրառվի գրավը։ Գրավի չափը չենք նշել, թողել ենք դատարանի հայեցողությանը»։
Ըստ նրա՝ դատարանի կողմից ոչ մի կանխակալ մոտեցում չկար, դատարանն իր առաքելությունը այսօրվա նիստի ժամանակ կատարել է շատ բարեխիղճ։
Հարցին՝ ՀՔԾ պետը ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք ձեռք են բերել ապացույցներ, որ Wikileaks-ի այն հրապարակմանը, որի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել, հիմնավորվել է, դրա դեմ ի՞նչ հակափաստարկ ունեն, նա այսպես պատասխանեց.
«Ես ՀՔԾ պետի այդ հայտարարությունը չեմ լսել, բայց եթե նման հայտարարությամբ է նա հանդես գալիս, ապա չենք մոռանում անմեղության կանխավարկածի մասին, և յուրաքանչյուր նման հայտարարություն արդեն իսկ ոչ միայն օրենքի խախտում է, այլ նաև որոշակի ազդեցություն կարող է թողնել հասարակության վրա, այսինքն՝ որոշակի ատելություն մտցնել հասարակության մեջ, որն իր ազդեցությունը կարող է թողնել պետական համակարգի վրա»։
Նա չբացառեց, որ ներպետական ատյանները սպառելուց հետո դիմեն ՄԻԵԴ։
Հիշեցնենք, որ դատարանն այսօր քննում էր Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին երկու ամսով կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։
Արմեն Գևորգյանին նոր մեղադրանքներ են առաջադրվել. նա մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։