Ինչի՞ հաշվին նույնը մնաց խմելու ջրի սակագինը
ՀՅԴ պատգամավորության թեկնածու Գեղամ Մանուկյանը հեռուստատեսային բանավեճերից մեկի ընթացքում հայտարարել էր, որ խմելու ջրի սակագինը նույնն է մնալու, որովհետև «Վեոլիա ջրի» հետ վերանայվել է պայմանագիրը, «Վեոլիա ջրի» ներդրումների պարտավորությունները պակասեցվել են, կառավարությունն էլ խոստացել է իր վարկային հոսքերից այդ ներդրումներին մասնակցություն ունենալ։ «Ես խոսում եմ՝ որպես քանաքեռցի, որտեղ բնակիչները սպասում էին 24-ժամյա ջրամատակարարման, բայց էլի մինչև 2024թ. չենք ունենալու, ինչը պարտավոր էր «Վեոլիա ջուրն» անել»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Ալավերդիում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև 2024 թվականը ջրի սակագինը չի բարձրանա։
2018թ. նոյեմբերի 28-ին տարածված ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ հաշվի առնելով հայտի շրջանակներում իրականացված մանրածախ ջրամատակարարման ծավալների մոնիտորինգի տվյալները, որոշվեց ՀՀ ՀԾԿՀ-ի հանձնաժողովի նիստի հաստատմանը ներկայացնել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների գումարային մանրածախ սակագինը 202,272 դրամ/խմ՝ ներառյալ ԱԱՀ-ն, սահմանելու վերաբերյալ նախագիծ, ինչը 10,858 դրամով ավելի է 2018թ. գործող սակագնից։
«Բաժանորդների սոցիալական բեռը թեթևացնելու համար ՀՀ ԷԵԲՊՆ-ն դիմել է «Վեոլիա ջուր» ընկերությանը` վարձակալության պայմանագրի ու լիցենզիայի պահանջներից բխող սակագնի բարձրացումը բաժանորդների նկատմամբ չկիրառելու հնարավորության շուրջ բանակցելու նպատակով՝ առաջարկելով այլընտրանքային ֆինանսավորման եղանակ։
Արդյունքում բաժանորդները խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների համար 2019 թվականին ևս կշարունակեն վճարել գործող 180 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ) սակագնով։ Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հունվարի 1-ից։
Իր հերթին՝ ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեն համաձայնում է դրանով պայմանավորված՝ «Վեոլիա ջուր» ընկերության եկամտի կորստի չափով վերջինիս 2019թ․ ներդրումային պարտավորությունները նվազեցնել և հետաձգել, իսկ այդ ընթացքում համակարգում նախատեսված ներդրումներն իրականացնել Ջրային կոմիտեին ծրագրերի իրականացման համար տրամադրված վարկային միջոցների խնայողություններից»,- ասված է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հաղորդագրության մեջ:
Իսկ Ջրային կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է. «Ելնելով սպառողների շահերի պաշտպանությունից, որպեսզի չնվազեցվեն «Վեոլիա ջուր» ընկերության ներդրումները, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեն՝ ջրամատակարարման բարելավման և համակարգի արդիականացման ծրագրերից կատարված խնայողությունների հաշվին, ֆինանսավորելու է «Վեոլիա ջուր» ՓԲԸ կողմից 2019թ. նախատեսված որոշ ներդրումներ»։
168.am-ի հետ զրույցում «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանն ասաց, որ վերոնշյալ որոշմամբ իրենց վրայից համապատասխան ներդրումային պարտավորությունները հանվել են և տեղափոխվել 2025թ. «2025թ. երբ այն ժամանակվա գործող սակագնին միանա այդ 10.8 դրամը, մեր ներդրումային պարտավորությունն էլ 1 միլիարդից ավելի կավելանա։ Այսինքն՝ այնպես չէ, որ պետությունը մեզ ինչ-որ բան ներել է կամ մեր պարտավորությունները չեղյալ է հայտարարել, ընդամենն ինչքան սակագինն է հետաձգվում, նույնքան հետաձգվում են մեր ներդրումային պարտավորությունները, որպեսզի չտուժենք»։
Նա նշեց, որ վարձակալության պայմանագրով «Վեոլիա ջուրն» ունի ջրամատակարարման բարելավման սահմանված պարտավորություններ, և, եթե դրանք չիրականացվեն, իրենց դեմ կարող են տույժեր կիրառվել.
«Մենք սպասարկում ենք ողջ Հայաստանը, և չկա նշված, թե որ փողոցում երբ ենք 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու։ Ինչո՞ւ պետք է Երևանի փողոցում 17 ժամի փոխարեն՝ 24-ժամյա ջրամատակարարում լինի, իսկ գյուղերը 2-ի փոխարեն՝ 12-ժամյա ջրամատակարարում չպետք է ունենա։ Մենք գնում ենք ամենաքիչ ջուր ստացող սպառողի կարիքները հնարավորինս բարելավելու ճանապարհով։ Մեր հիմնական խնդիրները լինում են ամռանը, երբ խմելու ջուրը ոռոգման նպատակով են օգտագործում, և մենք ունենում ենք ջրի դիսբալանս։ Հետո մեզ մոտ նորից ամեն ինչ կարգավորվում է։
Այսօր երևանում շուրջօրյա ջրամատակարարման տոկոսը 90-ի է հասել։ Մենք ջրի խնդիր չունենք, այլ ունենք ջրմատակարարման ցանցի կատարելագործման խնդիր, ջուրը սպառողին հասցնելու խնդիր։ Մենք ունենք ներդրումային պարտավորություններ, որոնք վերաբերում են մեր կողմից վարձակալած համակարգի սպասարկմանը, վերանորոգմանը, շահագործմանը։ Իսկ աղբյուրների, մայր ջրատարների, քլորակայանների, ջրամբարների ցանցի կատարելագործման գումարը պետք է տա վարձատուն, պայմանագրով այդպես է որոշված. 5 տարվա ընթացքում Ջրային կոմիտեն պետք է 200 միլիոնից ավելի գումար դնի, որ մենք խոշոր հարցերն արագ լուծենք»։
«Վեոլիա ջրի» ներդրումային պարտավորությունները, ըստ Մուրադ Սարգսյանի` այդքան էլ շատ չեն. «Պատկերավոր ասած՝ ֆրանսիական ընկերությունը մասնագետ է, որին կառավարությունը վարձել է, որ եղած ցանցը մասնագիտորեն, ճիշտ կառավարի, իրեն հուշի, թե գումարները որտեղ դնել, որ նվազագույն գումարով առավելագույն էֆեկտի հասնենք։
Բայց համակարգի զարգացմանը վերաբերող այդ խոշորածավալ ներդրումների համար գումարն էլի կառավարությունը պետք է տա, որովհետև այս բոլորը, ի վերջո, մնում է Հայաստանին։ Իսկ ինչ վերաբերում է մինչև 2024թ. այնտեղ 24-ժամյա ջրամատակարարում չապահովելուն, ապա ես համակարգի աշխատող եմ, ինքս էլ չգիտեմ՝ կլինի՞, թե՞ ոչ, օտար մարդը դա որտեղի՞ց գիտի։ Մենք ամեն տարի կազմում ենք պլան մյուս տարվա համար, դրա համար կոռեկտ չէ ասել՝ մինչև 2024թ, շուրջօրյա ջրամատակարարում չի լինելու։ Ջրի սակագինն ու ջրամատակարարման գրաֆիկն իրար հետ աղերս չունեն, բաժանորդի հետ կնքվող ոչ մի պայմանագրում նշված չէ ջրամատակարարման ժամը»։
Նա ընդգծեց՝ «Վեոլիա ջրին» հայկական կողմից սպասարկման պահանջները ներկայացնում է ՀԾԿՀ-ն. «Այնտեղ նստած են մասնագետներ, նրանք էլ են քննարկում, մոնիտորինգ անում։ Եթե համաձայն մեր վարձակալության պայմանագրի՝ ջրամատակարարումը չբարելավենք, հայկական կողմն իրավասու է մեր դեմ միջոցներ ձեռնարկել։
Օրերս Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «Վեոլիա ջուրն» ունակ կառույց է, և առաջին անգամ լսեցինք կառավարության տեսակետը, որ ՀՀ կառավարությունը նույնպես ունի պարտավորություններ «Վեոլիա ջրի» նկատմամբ։ Նախկին կառավարությունը, որը կնքել էր մեզ հետ պայմանագիրը, երբեք այդ մասին հրապարակավ չի ասել։ Այնպես էր ստացվել, որ բոլորը քննադատում էին «Վեոլիա ջրին», որ ներդրումներ չի անում, այն դեպքում, երբ ներդրումների մեծ մասը պետք է հայկական կողմն աներ։
Մենք չէինք բարձրաձայնում այդ մասին, իսկ հիմա պարզ ասվեց՝ այո, հայկական կողմը նույնպես ներդրումային պարտավորություններ ունի։ «Վեոլիա ջրի» համագործակցությունը Ջրային կոմիտեի հետ ցույց տվեց, որ մենք կարողացանք գտնել օպտիմալ լուծում՝ սակագնի հետ կապված»։
Ջրպետկոմի նախագահ Ինեսա Գաբայանը Aysor.am-ի հետ զրույցում ասել է, որ պարտավորությունը վերաբերում է 2019 թվականին՝ 1 միլիարդ 28 միլիոն 1000 դրամի չափով։
Հարցին՝ խոսվում է միայն 2019-ին պարտավորությունները ստանձնելու մասին, իսկ մյուս տարիներին ի՞նչ է լինելու, Ջրպետկոմի նախագահը պատասխանել է. «Կաշխատենք՝ կերևա: Հայաստանում կա 55 գյուղական համայնք, որոնք ունեն պատրաստի ցանցեր ջրամատակարարման, այսօր այս համակարգերը պատրաստ են հանձնվելու «Վեոլիայի» սպասարկմանը, դրանով մեծանում է սպասարկման ոլորտը, որն էլ ուղղակի ազդելու է սակագնի վրա, էլ չեմ ասում, որ կան 570 այլ համայնքներ, որոնք չունեն համակարգեր, բայց ևս կարող են դառնալ «Վեոլիայի» բաժանորդ: Քայլ առ քայլ պետք է առաջ գնան՝ ավելացնելով բաժանորդների թիվը, նաև մենք հույս ունենք գտնել ջրի կորուստների նոր դեպքեր, որը ևս ազդելու է սակագնի վրա դրական առումով»:
Նա ընդգծել է, որ Ջրպետկոմի կողմից ստանձնած պարտավորությունները բյուջեի վրա լրացուցիչ ծախսեր չի առաջացնելու։ «Լուրջ բանակցությունների արդյունքում համաձայնագիր է ստորագրվել, որը ստորագրել են Ջրպետկոմի նախագահն ու «Վեոլիայի» տնօրենը», – ասել է Ի. Գաբայանը:
Նշենք, որ 2017թ. կառավարության որոշմամբ «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների սուբսիդավորում» ծրագրով նախատեսված գումարները տրամադրվել էին «Վեոլիա ջուր» ընկերությանը 2018 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում մատուցված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների դիմաց` հետևյալ չափերով`
1) բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման յուրաքանչյուր խոր. մետր մատակարարված խմելու ջրի դիմաց 162.702 դրամ (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) սակագնից՝ 9.702 դրամ սուբսիդիա (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը).
2) բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման յուրաքանչյուր խոր. մետր հեռացված ջրի դիմաց 28.712 դրամ (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) սակագնից՝ 1.712 դրամ սուբսիդիա (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը):