«Նոր իշխանության ներկայիս խնդիրը ծրագրային քաղաքականության մշակումն է». Եվրոպացի փորձագետ

«Կանխատեսելի էր, որ ձևավորվելու է հեղափոխական խորհրդարան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և ձևավորվելիք խորհրդարանի ու կառավարության առաջնահերթություններին:

Նեյլ Մաքֆարլեյնի գնահատմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, օրինաչափ էր, խոսքը մասնակցության ցածր ցուցանիշի և իշխող ուժի ստացած ձայների մասին է:

«Բնականաբար, հետհեղափոխական շրջանում ենթադրվում է, որ քաղաքացիներն ավելի ակտիվ պետք է մասնակցեին ընտրական գործընթացին՝ հաշվի առնելով մեծ սպասելիքները ձևավորվելիք իշխանությունից: Սակայն կա երևի թե այլ հանգամանք` Հայաստանում ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող ընտրողներն այդքանն են, իսկ մնացածը, որոնց մի մասը նախկինում մասնակցել է ընտրության, դա արել է նախորդ իշխող ուժի ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման ներքո, խոսքը ոչ միայն և ոչ միշտ է ընտրակաշառքին վերաբերում, այլ շատերի կախվածությանն իշխող ուժից՝ աշխատատեղերի, ապրուստի և այլնի տեսանկյունից:

Այս անգամ, ըստ ամենայնի, դա չի եղել: Կցանկանայի ընդգծել նաև այն, որ նկատելի է նաև այդ ցուցանիշից, որ կա մեծ հիասթափություն Հայաստանի ընտրողների շրջանում քաղաքական գործընթացներից, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում դրանք, ամենայն հավանականությամբ, բավականին անկայուն են եղել և չեն բավարարել ընտրողի և քաղաքացու սպասելիքները:

Ինչ վերաբերում է իշխող ուժի ստացած վստահության քվեին, ապա, իհարկե, սովորական քաղաքական առողջ համակարգի դեպքում (խոսքը հետհեղափոխական փուլի մասին չէ) 70 տոկոսը փաստում է անառողջ մթնոլորտի մասին, սակայն սա հեղափոխությանը հաջորդող փուլ է, որի ընթացքում հեղափոխությունն իրականացրած ուժը կարող է ստանալ այդքան քվե, և եթե դա իսկապես հեղափոխություն է՝ պետք է ստանա նույնիսկ ավելին: Այսինքն` այն, ինչ տեղի ունեցավ, ավելի քան կանխատեսելի էր: Կանխատեսելի էր, որ ձևավորվելու է հեղափոխական խորհրդարան: Շատ ավելի կարևոր է այն, թե ինչպես կգործի իշխանությունն այս ընտրություններից հետո»,- ասաց վերլուծաբանը:

Նրա խոսքով, հաջորդ տարին լինելու է այն ժամանակահատվածը, երբ ՀՀ կառավարությունը պետք է գործի ոչ թե իր վարկանիշը ժամանակավորապես բարձր մակարդակի վրա պահելու դիտանկյունից, ինչպես եղավ վերջին ամիսներին, որպեսզի այս ընտրություններում իշխող ուժն ունենար մեծ աջակցություն, այլ պետք է լինեն հստակ ծրագրեր նախ՝ Հայաստանի բոլոր սոցիալական շերտերին ու խմբերին ուղղված, համակարգային պայքար կոռուպցիայի դեմ, բարեփոխումներ արդարադատության ոլորտում, հստակ արտաքին քաղաքականություն:

Նրա դիտարկմամբ՝ նախորդ վեց ամիսների ընթացքում ՀՀ կառավարությունը ժամանակ չի ունեցել հարցերին անդրադառնալու խորքային առումով, նման մարտավարության շարունակության դեպքում իշխող ուժը շուտ կկորցնի ընտրազանգված, այլ մոտեցումներ են անհրաժեշտ` ծրագրային, գաղափարական:

«Ի վերջո, ԱԺ-ում այլևս չեն լինելու նախորդ իշխանությունները, և նրանց ուղղված մեղադրանքներն այսօր տարօրինակ կդիտարկվեն: Հասարակությունը ներկայումս սպասելու է իրական աշխատանքի»,- ասաց նա:

Անդրադառնալով նոր իշխանությունների արտաքին քաղաքականությանը` Մաքֆարլեյնն ասաց, որ ՀՀ իշխանություններն արդեն հստակեցրել են, որ փոփոխություններ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածության հարցում չի լինելու:

«ԵՄ-ն շնորհավորել է իշխող ուժին հաղթանակի կապակցությամբ: ԵՄ-ն ակնկալում է, որ կլինի սերտ համագործակցություն CEPA-ի իրականացման հարցում, չի դանդաղի համագործակցությունը, դա կլինի նախորդ քաղաքականության շարունակությունը, իսկ եթե դանդաղի, դա կլինի նոր իրողություն: Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, թե կդանդաղի, ԵՄ-ն հասկանում է, թե սա ինչ փուլ է Հայաստանի Հանրապետության կյանքում, և հասկանում է, որ կարող են լինել նաև ուշացումներ: Բայց այս իշխանության համար ճակատագրական փուլը հաղթահարված է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ոլորտում հարկավոր են հստակ ծրագրեր ու քաղաքականություն՝ բաց թողածը լրացնելու և զարգացնելու համար»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս