«Երեխայի համար դեղ եմ գնում 250 դրամի, բայց ակտ է գալիս 5000 դրամ, սա պե՞տք է». քաղաքացիները՝ կարմիր գծերի մասին
Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների՝ կարմիր գծերի առկայության ու դրանց վերացման վերաբերյալ վարորդների շրջանում շարունակում են հակասական կարծիքները:
«Կարմիր գծերը շատ են խանգարում վարորդներին: Դրանց պատճառով է, որ ոմանք հաճախ համարները փակում ու գալիս կանգնում են: Կարծում եմ՝ անիմաստ են կարմիր գծերը, քանի որ օրինապաշտ վարորդները տուգանքը վճարում են, օրենքներին չհետևողները՝ ոչ: Ավելորդ ծախս է ուղղակի, չգիտեմ էլ՝ նպատակահարմար ծախսո՞ւմ են հետո այդ գումարը, թե՞ ոչ»,- 168.am-ին ասաց վարորդներից մեկը:
«Ես էլ եմ դեմ կարմիր գծերին, որովհետև, երբ մտնում ես, ասենք, դեղատուն՝ ուշք ու միտքդ այնտեղից շուտ դուրս գալն է, որ հանկարծ ակտ չգա: Օրինակ՝ երեխայի համար դեղ եմ գնում 250 դրամի, բայց ակտ է գալիս 5000 դրամ, սա պե՞տք է: Բա որ հերթ է լինում, պատկերացնո՞ւմ եք՝ վնասն ինչքան շատ է: Դեղատունը, որից հաճախ օգտվում եմ՝ խաչմերուկում է, անկյան վրա: Մեքենան կայանելը բարդ է: Կանգնեմ՝ կնկարեն, չկանգնեմ՝ կարող է մարդ մահանա: Ամբողջ կյանքներս առանց այս կարմիր գծերի ապրել ենք, էլի կապրենք»,- նշեց մեր հաջորդ զրուցակիցը:
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության հիմնադիր Տիգրան Քեյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կարմիր գծերի հետ կապված իրենք ստացել են տարբեր դժգոհություններ:
«Հիմնականում շատերը դժգոհում են, որ մեքենաները վնասվում են, և իրենք չեն կարողանում պարզել, թե ո՞ւմ կողմից է վնաս հասցվել: Երկրորդ մեծ խնդիրն այն է, որ վճարում են, բայց հետո չեն կարողանում կայանատեղի գտնել: Ըստ էության՝ կարմիր գծերը ոչ օգնում են, ոչ՝ խանգարում: Դրականն այն է, որ լրացուցիչ կայանատեղիներ կարող են լինել, և մարդիկ հանգիստ կկայանեն, բացասականն էլ այն է, որ ֆինանսապես մարդիկ տուժում են»,- նկատեց Տիգրան Քեյանը:
Նա նաև ընդգծեց, որ վարորդները հաճախ տեղյակ չեն լինում, բայց պետք է իմանան, որ մինչև 15 րոպե կայանելն անվճար է:
Հավելենք, որ Երևանի ավագանու անդամ Արման Աբովյանը նոյեմբերի 13-ին հրավիրված նիստի ընթացքում անդրադարձել է կարմիր գծերի խնդրին և նշել, որ անհասկանալի է դրանց տրամաբանությունը` բացի բյուջեն լցնելու նպատակից:
«Կոչ եմ անում վերացնել կարմիր գծերի համակարգը կամ հարցը վերանայել: Մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին, և կոչ եմ անում բոլորին դեմ քվեարկել: Առավել ևս, որ «Իմ քայլը» դաշինքից տեսնում եմ բազմաթիվ մարդկանց, որոնք ժամանակին շատ թեժ պայքարել են կարմիր գծերի դեմ»,- ասել էր նա:
Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հայտարարել էր, որ իրենց խմբակցությունում այս մասին քննարկում են ունեցել և առաջարկել են, որ օր առաջ մշակվի մեխանիզմ, որը կգործի 2019 թվականից:
«Դա Երևանի ամբողջ կայանման համակարգը պետք է համակարգի: Այդ մեխանիզմը պետք է քննարկել այլ խմբակցությունների հետ և գալ ընդհանուր որոշման: Վստահ եմ, որ այդ որոշումը կթեթևացնի քաղաքը և ճիշտ, կոնկրետ լուծումներ կտա այս հարցում»,- ասել էր քաղաքապետը:
Անի Կարապետյան