«Իրավապահների կողմից լրատվամիջոցների նկատմամբ կա որոշակի «ջոկողություն»». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ վերջին շրջանում news.am և  aysor.am լրատվական կայքերում իրավապահ մարմինների կողմից որոշակի գործողություններ իրականացնելու մասին խոսելիս, չպետք է մոռանալ նաև Yerevan.today կայքի մասին, որի տեխնիկան ոստիկանությունն ամիսներ անց դեռևս չի վերադարձրել։

«Սա մտահոգիչ երևույթ է, մի կողմից՝ մենք կարող ենք հասկանալ քննչական մարմնի գործողություններն այն առումով, որ կա լուրջ հանրային ակնկալիք, սակայն սա չի նշանակում, որ քննաչական մարմինները պետք է արհամարհեն այն հանգամանքները, որոնք կարևոր են արդար հետաքննության համար։ Պետք է հաշվի առնենք մարդու իրավունքները, խոսքի ազատության և լրատվամիջոցների արդյունավետության խնդիրները, որոնք, կարծում եմ՝ հաշվի չէին առնում։

Փաստորեն, ցանկանում էին ամբողջ լրատվամիջոցներին և լրագրողներին դարձնել իրենց օգնող անձ, այն դեպքում, երբ լրագրողներն այլ խնդիրներ ունեն լուծելու։ Փաստորեն մենք տեսանք վերը նշված լրատվամիջոցների աշխատանքի խոչընդոտման հանգամանքներ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Բ. Նավասարդյանը։

Ըստ նրա՝ տարբեր միջոցներով ԶԼՄ-ների ներկայացուցիչները փորձել են հորդորել նրբանկատ լինել լրատվամիջոցների նկատմամբ, հաշվի առնել, որ լրատվամիջոցները ևս ունեն առաքելություն, և չօգտագործել ցանկացած միջոց, որպեսզի քննչական մարմնի համար ձեռք բերեն տվյալներ։ Սակայն այս հորդորներից հետո համարժեք պատասխան չի եղել, և այդ մտահոգիչ գործընթացը պահպանվում է։

«Երևի հստակ քաղաքական ուղերձ հղենք նոր իշխանություններին, որ, որքան էլ կարևոր են քննչական գործողությունները, նրանք չպետք է խոչընդոտ հանդիսանան մարդու իրավունքների իրականացման և լրատվամիջոցների կանոնավոր գործունեության համար։ Սա մտահոգիչ է, որովհետև այն կարող է բերել իրավապահ մարմինների սանձազերծ գործողություններին, որն ընդունելի չէ մեր հասարակությունում։ Կարծում եմ՝ քաղաքացիական հասարակության որոշ կազմակերպություններ, որոնք մարդու իրավունքների պաշտպանության առումով մի փոքր պասիվացել էին, գոնե այժմ պետք է վերադառնան սովորական պարտավորություններին»,- ընդգծեց Բորիս Նավասարդյանը։

Նրա կարծիքով՝ իրավապահների կողմից որոշակի գործողություններ իրականացնելու հետ կապված՝ լրատվամիջոցների նկատմամբ կա  «ջոկողություն», այսինքն՝ որտեղ կարելի է մտնել, որտեղ՝ ոչ։

«Ամեն դեպքում, կան լրատվամիջոցներ, որոնք այսօրվա իշխանություններին ընդդիմադիր դաշտում են և իրավապահները որոշում են, որ այդ լրատվամիջոցներում կարելի է ավելի շատ բաներ թույլ տալ, քան մյուսների նկատմամբ, այսպիսի ընտրովի վերաբերմունք կա։ Հաշվի առնելով, որ քաղաքական իրավիճակը հանդարտվում է, պետք է շատ հստակ ուղերձ լինի նրան իշխանության և հանրության կողմից, որ, անկախ լրատվամիջոցի քաղաքական ուղղվածությունից՝ նրանք  հավասար իրավունքներ ունեն»,- նշեց Բորիս Նավասարդյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս