Իրանի զինուժերը հաստատեցին բալիստիկ հրթիռի փորձարկումները
Իրանի զինված ուժերը հաստատել են այն տեղեկատվությունը, որ բալիստիկ հրթիռի նոր փորձարկումներ են անցկացրել: Ինչպես դեկտեմբերի 11-ին հայտնել է Fars գործակալությունը, համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Ամիր Ալի Խաչիզադեն։
«Մենք հրթիռային փորձարկումներ ենք իրականացնում: Վերջին մեր թեստային արձակումը կարեւոր նշաննակություն ուներ»,- ասել է Խաչիզադեն: Նրա խոսքով՝ տարեկան Իրանն անցկացնում է իր հրթիռների 40-50 թեստային արձակումներ: Նա նաեւ նշել է, որ «իրանական հրթիռերի փորձարկմանը ամերիկյան իշխանությունների արձագանքը վկայում է, որ նրանց համար այդ թեման շատ կարեւոր է»:
Ավելի վաղ Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեկարչին հայտարարել է, որ Թեհրանը հրթիռային փորձարկումներ անցկացնելու համար որեւէ մեկի թույլտվության կարիքը չունի: «Եթե մենք անհրաժեշտ համարենք մեր հրթիռների փորձարկումներ անցկացնել, մենք որեւԷ մեկից թույլտվություն չենք խնդրի: Մենք դա կանենք,- ասել է Շեկարչին:- Իրանի ազգային շահերն են պայմանավորում հրթիռային ծրագրի զարգացման անհրաժեշտությունը»:
Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է անցկացրել հակառակ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւի: Նրա ասելով՝ խոսքը վերաբերում է «միջին հեռահարության բալիստիկ հրթիռի, որը կարող է մի քան մարտագլխիկ կրել», հաղորդել է ՏԱՍՍ-ը: