«Եթե ընտրությունները կես տարի անց անցկացվեին, գուցե պատկերն այլ լիներ». փորձագետներ
Դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացան մայիսյան դրամատիկ ներքաղաքական իրադարձություններից հետո առաջին համապետական` արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որտեղ ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Իմ քայլը» դաշինքը` ստանալով ընտրողների ձայների 70,43 տոկոսը: Հետհեղափոխական առաջին մասշտաբային ընտրությունները եղան միջազգային մամուլի և փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում:
«168 Ժամը» Հայաստանի ներքաղաքական կյանքին հետևող փորձագետների հետ ամփոփել է ընտրությունների արդյունքները: Վերլուծաբանների ուշադրությունը գրավել է հատկապես այս ընտրություններին մասնակցության ցուցանիշը, որը, ըստ ՀՀ ԿԸՀ-ի, կազմել է 48.67 տոկոս, այսինքն` ընտրություններին 2 մլն 593.120-ից մասնակցել է 1 մլն 262.164 ընտրող: «Իմ քայլի» ստացած մեծամասնությունը ևս չի վրիպել վերլուծաբանների ուշադրությունից:
Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկն ասաց, որ մասնակցության տվյալ ցուցանիշն ունի երկու պատճառ:
«Առաջինը` հասարակական լարման բարոմետրը, որը ապրիլ ամսից ամենաբարձր նիշի վրա էր, ինչպես սպասվում էր, սկսեց նվազել, բայց Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, հասցրեց անցկացնել դեկտեմբերյան ընտրությունները և, ինչպես ասում են, հասցրեց ընթացքից մուտք գործել գնացքի վերջին վագոն: Երկրորդ` շատ վերլուծաբաններ կարծում էին, որ նույն ապրիլ-մայիս ամիսներին բողոքական հատվածի մեծ մասը Հայաստան է եկել արտերկրից, և ակցիաների մոբիլիզացիան Հայաստանի ներսում չի տեղի ունեցել: Եվ երևում է, որ փորձագետները ճիշտ դուրս եկան, քանի որ այս անգամ աջակցություն այնտեղից չեղավ, հենց այդ պատճառով էլ ընտրողները երկու անգամ քիչ եղան:
Ի դեպ, տարօրինակ է հեղափոխության աջակիցներից լսել հղումներ «վատ եղանակին», նրան, որ այս փուլում շատ են աշխատելու նպատակով արտերկիր մեկնածները, որ «որքան ցածր է մասնակցությունը, այնքան արդար են ընտրությունները», և նման պատճառաբանություններ: Իրական հեղափոխության համար աշխատում է մեկ ֆորմուլա` 90% մասնակցություն և հեղափոխական գլխավոր ուժին 90% աջակցություն:
Նկատեմ, որ մասնակցության ցուցանիշն այս դեպքում հասարակության շրջանում իրական տրամադրությունների հիմնական ցուցիչն է, մյուս բոլոր դեպքերում այս ցուցանիշի վրա կարելի էր ուշադրություն չդարձնել: Ուստի «Իմ քայլի» մանդատների էական թիվը խորհրդարանում արդեն քիչ բանի մասին է խոսում»,- ասաց Տրոֆիմչուկը:
Ինչ վերաբերում է ցուցանիշներին, ապա ռուս փորձագետն ասաց, որ դիտորդները կարծում էին, որ Նիկոլ Փաշինյանի դաշինքը կդառնա առաջինը, ինչն էլ ըստ էության տեղի ունեցավ: Նրա կարծիքով, խորհրդարանում մյուս բոլոր տեղերն էական դերակատարություն չեն ունենալու:
«Եթե մասնակցությունը մոտ լիներ 70-80%-ին, ապա ներկայումս Նիկոլ Փաշինյանը կարող էր տոնել իր միանշանակ հաղթանակը: Բայց նման բան չկա:
Ի դեպ, պետք է ասեմ, որ ՀՀԿ-ն և այլ հին դուրս մղված խաղաքարտերը հայաստանյան քաղաքականությունում հույսեր չեն կարող կապել ոչնչի հետ: Նույնն է, ինչ Ռուսաստանում կրկին շրջվեին Գորբաչովի կողմ, բայց նման բաներ չեն լինում: Ապագա հաղթանակի հնարավորություն տեսականորեն ստանում է բացարձակապես նոր քաղաքական ուժը, որը Հայաստանում դեռ չկա: Իր համար ներկայումս բացվում են հիանալի հեռանկարներ և հենց դեկտեմբերի 10-ի առավոտից»,- ասաց վերլուծաբանը:
Խոսելով հետընտրական հնարավոր զարգացումներից` Տրոֆիմչուկն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը կարող է իրականացնել այն, ինչ խոստացել է ընտրություններից առաջ` բացել արևմտյան ներդրումային խողովակ Հայաստանի համար:
«Եթե դա տեղի ունենա, ապա իրավիճակը Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ կսկսի փոխվել: Այդ թվում՝ ԱՄՆ-ը, որը հենց այնպես ոչ մեկին երբեք գումարներ չի տալիս, սկսելու է ամրապնդել իր ազդեցությունը Ղարաբաղի շուրջ գործընթացների վրա՝ փորձելով փոխել ղարաբաղյան իշխանությունը, որը Սարգսյանն է դրել, և Ղարաբաղի դուրսբերում Հայաստանի, ինչպես նաև՝ Ադրբեջանի ազդեցությունից: Ինքը՝ վարչապետ Փաշինյանը, անելու է ավելի արմատական հայտարարություններ, որին նրան ծրագրավորեց ընտրություններին հասարակության մասնակցության նույն ցածր ցուցանիշը»,- նման կարծիք հայտնեց Տրոֆիմչուկը:
Ամփոփելով՝ ռուս վերլուծաբանն ասաց, որ հեղափոխությունը չի ավարտվել, այն նոր է սկսվում, առավել ևս, հաշվի առնելով նույն լեգալացված «Սասնա ծռերի» ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ դեկտեմբերի 9-ից հետո հարկավոր են լինելու նոր արտահերթ ընտրություններ:
«Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն էլ նշեց, որ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները և՛ մասնակցության, և՛ գրանցած արդյունքների տեսանկյունից անհանգստացնող են:
Նրա բնորոշմամբ՝ իրավիճակը նույնիսկ վտանգավոր է, քանի որ ձևավորվելիք հեղափոխական խորհրդարանն ըստ էության չի ունենալու ողջ հասարակության աջակցությունը, այնինչ նրանք պետք է սկսեն երկրում լուրջ բարեփոխումներ իրականացնել, որը ստացվելու է, որ չի արժանանալու ողջ հասարակության հավանությանը, հատկապես՝ Հայաստանի երկու ակտիվ քաղաքներում՝ Երևանում և Գյումրիում:
Տարասովի կարծիքով՝ իրավիճակը ոչ ստանդարտ է՝ նույնիսկ հետհեղափոխական իրավիճակը հաշվի առնելով:
«Ինչո՞ւ է մասնակցությունը ցածր, որովհետև բողոքական ընտրազանգվածը պարզապես չի մասնակցել ընտրություններին, ինչու է հրաժարվել, որովհետև կա հիասթափություն, կա հավատի բացակայություն այս հեղափոխության վերաբերյալ:
Այսինքն` այս մասնակցությունը, ըստ իս, ցույց է տալիս, որ հեղափոխություն չի եղել, այլ եղել է պետական հեղաշրջում: Մասնակցությունը ցածր է, բայց քվեարկությանը մասնակցածների գերակշռող մեծամասնությունն իր քվեն տվել է Փաշինյանին, դա ևս վտանգավոր ցուցանիշ է, նույնիսկ Սերժ Սարգսյանի դեպքում նման արդյունքներ չէին լինում: Տեսականորեն, քաղաքագիտորեն ընկեր Փաշինյանը հիմք է դնում նոր ցնցումների համար, նա բոլշևիկի նման է գործում` եկավ ու սկսեց պատմության հետ հաշիվներ մաքրել` Քոչարյանին կալանավորեց, Խաչատուրովին հանեց, ռուսական ընկերությունների դեմ կոռուպցիոն ռիսկեր ի հայտ բերեց, Սերժ Սարգսյանին մի կողմ ուղարկեց:
Բայց կան հայտարարություններ, լոզունգներ բարեփոխումների իրականացման անհրաժեշտության մասին, որի կարիքն իսկապես կա, բայց նախընտրական քարոզարշավի ժամանակ ես ծրագիր չեմ տեսել, բարեփոխումների տեսլական չեմ տեսել: Արդեն դեկտեմբեր ամիսն է, կես տարի է անցել, այս ընթացքում կարելի էր համապատասխան փորձագետների օգնությամբ գոնե կառավարման արդյունավետ ծրագիր, բարեփոխումների փաթեթ ներկայացնել: Բայց ես միայն լոզունգներ եմ լսել:
Չի բացառվում, որ նոր ուժ հայտնվի, չի բացառվում, որ նոր ցնցումներ լինեն, նախադրյալներ են ստեղծվում նոր անկայունությունների համար»,- ասաց Տարասովը:
Դիտարկմանը, թե կա կարծիք, որ մասնակցությունը քիչ է, քանի որ նախկին իշխանությունների դեպքում ընտրախախտումների` ընտրակաշառքների ազդեցությամբ են շատ ընտրողներ գնացել ընտրատեղամասեր՝ դրանով իսկ ապահովելով մասնակցության ավելի բարձր ցուցանիշներ, Տարասովն ասաց, որ որքան հասցրել է հետևել, այս անգամ ևս եղել են ընտրախախտումներ:
Պատմական գիտությունների թեկնածու, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլոժիեի հետազոտման կենտրոնի աշխատանքային խմբի կոորդինատոր Ալեքսանդր Սկակովն այլ կարծիքի է: Նա կարծում է, որ ընտրողների մասնակցության ցուցանիշի հարցում աշխատել է երկու գործոն:
Ըստ նրա, առաջինն այն է, որ հասարակության շրջանում կար վստահություն, կանխատեսելիություն, որ հաղթելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը:
«Դա կարծես ծրագրված էր, մարդիկ այդպես էին պատկերացնում: Ի դեպ, և՛ աջակիցները, և՛ հակառակորդները, որքան հասկանում եմ, նման կերպ էին տրամադրված: Երկրորդ գործոնը, ըստ իս, այն է, որ նախկինում մեծ դերակատարություն ուներ ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումը, իսկ այս ընտրություններում դա բացակայում էր: Նախկին իշխանությունների օրոք անցկացված ընտրություններում շատ ընտրողներ ընտրական գործընթացին մասնակցելու լուրջ մոտիվացիա ունեին կաշառքների և այլ նվերների տեսքով»,- նման կարծիք հայտնեց Ալեքսանդր Սկակովը:
Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա, նրա խոսքով, դրանք սպասելի էին:
«Այլ բան չէր կարելի սպասել, եթե ընտրություններն այս փուլում տեղի ունեցան: Եթե կես տարի անց անցկացվեին, գուցե պատկերն այլ լիներ, քանի որ չարդարացված սպասելիքներ կլինեին և այլ հանգամանքներ»,- ասաց Սկակովը:
Նրա կարծիքով, ընտրությունները հենց դեկտեմբեր ամսին անցկացնելու՝ Փաշինյանի դրդապատճառներից մեկն էլ հենց այդ հանգամանքն էր, որ կես տարի անց գուցե նման պատկեր չլիներ:
Սակայն, ըստ Սկակովի, Փաշինյանի այդ ցանկության հարցում կար այլ պատճառ ևս:
«Նա ամենայն հավանականությամբ ցանկանում էր աշխատել նորմալ խորհրդարանի հետ, որն արդյունավետ կաշխատի իր հետ»,- ասաց Սկակովը:
Ռուս քաղաքագետի կարծիքով` իշխող ուժը երկրի ներսում բավականին շատ անելիքներ ունի: «Մարտահրավերն այն է, թե արդյոք նա կկարողանա՞ իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, բավարարել հասարակության սպասելիքները, թե՞ ոչ»,- ասաց Սկակովը:
Իսկ վրացի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Գելա Վասաձեն այն կարծիքին է, որ մասնակցության ցուցանիշն ամենևին էլ ցածր չէ, քանի որ իրականում, ըստ նրա, Հայաստանում չկա 2.5 միլիոն ընտրող:
«Մարդկանց մեծ մասը Հայաստանից դուրս են, չեմ բացառում նաև մահացած անձանց հանգամանքը: Այնպես որ՝ մասնակցությունն ավելի բարձր է, քան պաշտոնապես ամրագրված է: Չեմ կարող պնդել, բայց կարծում եմ, որ 70 տոկոսից ոչ պակաս, նույնիսկ ավելի բարձր, թեև դրա մասին մենք կիմանանք, եթե ստանանք ընտրողների իրական ցուցակները»,- նման տեսակետ հայտնեց Գելա Վասաձեն:
Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա Վասաձեն ասաց, որ սպասելի էին ստացված արդյունքները:
Նրա բնորոշմամբ՝ հասարակության մեծ մասը քվեարկեց հանուն փոփոխությունների, և այդ մեծամասնության համար փոփոխությունների խորհրդանիշը Փաշինյանն է:
«Այս ընտրություններում ժողովուրդը Փաշինյանին կրեդիտ տվեց, չգիտեմ, թե որքան երկարաժամկետ, բայց հստակ գիտեմ, որ այդ կրեդիտի տոկոսները չափազանց բարձր են: Իսկ ապագան կանխատեսելն անշնորհակալ գործ է, ուստի կարող եմ միայն մաղթել, որ ամեն բան լավ լինի»,- ասաց Վասաձեն:
Հ.Գ. Առաջիկայում «168 Ժամը» կներկայացնի նաև եվրոպացի և ամերիկացի փորձագետների գնահատականներ: