«Հեղափոխությունը Հայաստանում չի ավարտվել, այն նոր է սկսվում». Տրոֆիմչուկ

«Եթե մասնակցությունն ընտրություններում մոտ լիներ 70-80%-ին, ապա ներկայումս Նիկոլ Փաշինյանը կարող էր տոնել իր միանշանակ հաղթանակը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:

Նախ՝ Գրիգորի Տրոֆիմչուկն անդրադարձավ մասնակցության ցածր` 48% ցուցանիշին, ասելով, որ դա ունի երկու պատճառ:

«Առաջինը` հասարակական լարման բարոմետրը, որը ապրիլ ամսից ամենաբարձր նիշի վրա էր, ինչպես սպասվում էր, սկսեց նվազել, բայց Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, հասցրեց անցկացնել դեկտեմբերյան ընտրությունները և, ինչպես ասում են, հասցրեց ընթացքից մուտք գործել գնացքի վերջին վագոն:

Երկրորդ` շատ վերլուծաբաններ կարծում էին, որ նույն ապրիլ-մայիս ամիսներին բողոքական հատվածի մեծ մասը Հայաստան է եկել արտերկրից, և ակցիաների մոբիլիզացիան Հայաստանի ներսում չի տեղի ունեցել: Եվ երևում է, որ փորձագետները ճիշտ դուրս եկան, քանի որ այս անգամ աջակցություն այնտեղից չեղավ, հենց այդ պատճառով էլ ընտրողները երկու անգամ քիչ եղան: Ի դեպ, տարօրինակ է հեղափոխության աջակիցներից լսել հղումներ «վատ եղանակին», նրան, որ այս փուլում շատ են աշխատելու նպատակով արտերկիր մեկնածները, որ «որքան ցածր է մասնակցությունը, այնքան արդար են ընտրությունները», և նման պատճառաբանություններ: Իրական հեղափոխության համար աշխատում է մեկ ֆորմուլա` 90% մասնակցություն և հեղափոխական գլխավոր ուժին 90% աջակցություն:

Նկատեմ, որ մասնակցության ցուցանիշն այս դեպքում հասարակության շրջանում իրական տրամադրությունների հիմնական ցուցիչն է, մյուս բոլոր դեպքերում այս ցուցանիշի վրա կարելի էր ուշադրություն չդարձնել: Ուստի «Իմ քայլի» մանդատների էական թիվը խորհրդարանում արդեն քիչ բանի մասին է խոսում»,- ասաց Տրոֆիմչուկը:

Ինչ վերաբերում է ցուցանիշներին, ապա ռուս փորձագետն ասաց, որ դիտորդները կարծում էին, որ Նիկոլ Փաշինյանի դաշինքը կդառնա առաջինը, ինչն էլ ըստ էության տեղի ունեցավ: Նրա կարծիքով, խորհրդարանում մյուս բոլոր տեղերն էական դերակատարություն չեն ունենալու:

«Կասեմ նաև ավելին` ներկայումս մյուս բոլոր կուսակցություններին ու ուժերին ձեռնտու է սպասել, մակերես դուրս չգալ, որպեսզի տեղի ունեցողի ողջ պատասխանատվությունը հենց դեկտեմբերի 10-ից ընկնի անձամբ Փաշինյանի ուսերին: Կարծում եմ, որ ՀՀԿ-ն այդքան էլ չի անհանգստանում՝ հասկանալով, որ Հայաստանի ներսում և շուրջ անկայուն գործընթացները շարունակելու են զարգանալ այսուհետ ևս:

Առաջին հերթին՝ այն պատճառով, որ հասարակության կենսամակարդակը սկսելու է անկում ապրել՝ չհասնելով նույնիսկ այն ցուցանիշներին, որոնք Սարգսյանի օրոք էին: Եթե Հայաստան արևմտյան ներդրումներ գան, դրանք էական դերակատարություն ևս չեն ունենալու, քանի որ դրանց նպատակը, ի վերջո, ոչ թե հասարակության կենսամակարդակն ու հայ բիզնեսմենների մասին հոգ տանելն է լինելու, այլ Հայաստանում և Հարավային Կովկասում արևմտյան վեկտորի ամրապնդումը: Ուստի խորհրդարանում «հեղափոխական մեծամասնություն» է: Բայց հեղափոխությունը չի ավարտվել, իսկ մեծամասնությունն ըստ էության բացարձակ չէ:

Եթե մասնակցությունը մոտ լիներ 70-80%-ին, ապա ներկայումս Նիկոլ Փաշինյանը կարող էր տոնել իր միանշանակ հաղթանակը: Բայց նման բան չկա: Ի դեպ, պետք է ասեմ, որ ՀՀԿ-ն և այլ հին դուրս մղված խաղաքարտերը հայաստանյան քաղաքականությունում հույսեր չեն կարող կապել ոչնչի հետ: Նույնն է, ինչ Ռուսաստանում կրկին շրջվեին Գորբաչովի կողմ, բայց նման բաներ չեն լինում: Ապագա հաղթանակի հնարավորություն տեսականորեն ստանում է բացարձակապես նոր քաղաքական ուժը, որը Հայաստանում դեռ չկա: Իր համար ներկայումս բացվում են հիանալի հեռանկարներ և հենց դեկտեմբերի 10-ի առավոտից»,- ասաց վերլուծաբանը:

Խոսելով հետընտրական հնարավոր զարգացումներից` Տրոֆիմչուկն ասաց, որ ընտրություններից հետո մարդիկ իրավունք ունեն ակնկալել իրենց կենսամակարդակի իրական բարելավում, և առաջին հերթին՝ սոցիալ-կենցաղային, ոչ թե՝ քաղաքական բնույթի:

Ըստ նրա՝ ստանդարտ լիբերալ պատմություններն այն մասին, որ մարդկանց «կարթ» կտան, որի օգնությամբ նրանք կկարողանան «ձուկ» որսալ՝ այստեղ արդեն չեն անցնի: Մյուս կողմից, Տրոֆիմչուկի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը կարող է իրականացնել այն, ինչ խոստացել է ընտրություններից առաջ` բացել արևմտյան ներդրումային խողովակ Հայաստանի համար:

«Եթե դա տեղի ունենա, ապա իրավիճակը Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ կսկսի փոխվել: Այդ թվում՝ ԱՄՆ-ը, որը հենց այնպես ոչ մեկին երբեք գումարներ չի տալիս, սկսելու է ամրապնդել իր ազդեցությունը Ղարաբաղի շուրջ գործընթացների վրա՝ փորձելով փոխել ղարաբաղյան իշխանությունը, որը Սարգսյանն է դրել, և Ղարաբաղի դուրսբերում Հայաստանի, ինչպես նաև՝ Ադրբեջանի ազդեցությունից: Ինքը՝ վարչապետ Փաշինյանը, անելու է ավելի արմատական հայտարարություններ, որին նրան ծրագրավորեց ընտրություններին հասարակության մասնակցության նույն ցածր ցուցանիշը»,- նման կարծիք հայտնեց Տրոֆիմչուկը:

Ամփոփելով՝ ռուս վերլուծաբանն ասաց, որ հեղափոխությունը չի ավարտվել, այն նոր է սկսվում, առավել ևս, հաշվի առնելով նույն լեգալացված «Սասնա ծռերի» ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ դեկտեմբերի 9-ից հետո հարկավոր են լինելու նոր արտահերթ ընտրություններ:

Տեսանյութեր

Լրահոս