«Ընտրությունների արդյունքները հավաստի են». ՌԴ ԿԸՀ անդամ Նիկոլայ Դեվիչև
ԱՊՀ դիտորդական առաքելությունն այսօր ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում իրենց դիտարկումներն ու եզրակացությունը:
Առաքելության ղեկավար Վիկտոր Գումինիսկին բարձր գնահատեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը: Ըստ նրա՝ բացասական էր տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցողների քվեարկության կազմակերպումը, քանի որ ընտրատեղամասերն այնքան էլ հարմարեցված չէին նրանց համար:
Նա տեղեկացրեց, որ 13 ընտրատեղամասերից դիտորդություն են իրականացրել 10-ում:
«ԿԸՀ-ն բարձր կազմակերպական մակարդակի ընտրություններ է անցկացրել»,- ասաց Գումինիսկին:
Նա նշեց, որ ընտրողների թիվը 2 մլն 573 հազար 779 մարդ է, կուսակցություններին անհրաժեշտ էր հաղթահարել 5%, դաշինքներին՝ 7%:
«Քարոզարշավի ժամկետը կարճ էր, բայց քաղաքական ուժերը հավասար պայմաններ ունեին քարոզարշավ իրականացնելու համար: Առաջին անգամ տեղի ունեցավ հեռուստաբանավեճ՝ բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ, որը տևեց 3 ժամից ավելի»,- ասաց Գումինիսկին:
Նա հայտարարեց, որ նախընտրական քարոզչության ընթացքում որոշ խախտումներ են եղել, արձանագրվել է քարոզչական պաստառների վնասումներ, չնախատեսված վայրերում դրանց տեղադրումներ:
Գումինիսկիի խոսքով՝ գործել է դատախազության աշխատանքային խումբը, որը 59 բողոք է ստացել, ոստիկանությունում ստացված 60 բողոքներից մեկով քրեական գործ է հարուցվել:
Առաքելությունն արձանագրել է, որ բողոքների ուսումնասիրությունն իրականացվել է ՀՀ օրենսդրությամբ սահմաված ժամկետներում:
Գումինիսկին նշեց, որ քվեաթերթիկների հաշվարկն իրականացվել է օրենսդրության համաձայն և թափանցիկ է եղել:
«Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվել են ՀՀ օրենսդրության և Ընտրական օրենսգրքի համապատասխան: Ընտրություններն անցել են բազմակուսակցական սկզբունքով, եղել են ազատ, արդար, թափանցիկ և բաց:
Բոլոր ընտրատեղամասերի հանձնաժողովներն ապահովել են քաղաքացիների կամարտահայտության իրականացումը»,- ասաց առաքելության ղեկավարը:
ՌԴ ԿԸՀ անդամ Նիկոլայ Դեվիչևը իր հերթին նշեց, որ ընտրատեղամասերը հիմնականում գտնվել են շենքերի երկրորդ հարկերում և տեղաշարժի սահմանափակ հնարավորություն ունեցող քաղաքացիների համար դժվարություններ են եղել:
Նա նաև նկատեց, որ հայ ժողովուրդը շատ վստահող է, միայն մի ընտրատեղամասում են իրենցից բացի դիտորդական վկայականներից նաև խնդրել ներկայացնել անձնագրերը:
«Ընտրությունների արդյունքները հավաստի են»,- ասաց Դեվիչևը: