Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, յուրաքանչյուր մարդ կարող է հանրահավաք կազմակերպել: Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց դեկտեմբերի 10-ին «Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաք կազմակերպելու մտադրությանը:
«Հավաքների ազատության մասին օրենք գոյություն ունի ՀՀ-ում: Ցանկացած մարդ կարող է կազմակերպել հանրահավաք, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և հավաքներ կարող են լինել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կատարվող գործողությունները վենդետա կոչելու խոսակցություններին:
«Չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է կոնսպերատիվ գործունեության համար, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ: Եկեք մամուլը մոնիտորինգ անենք, տեսնենք, թե ի՞նչ է գրել տասը տարի շարունակ։ Հիմա ինչո՞ւ չի քննարկվում քննչական խմբի ղեկավարի հարցը, որը ապացույցներ կեղծող թիվ մեկ պաշտոնյան է․ հիմա դա վենդետա է, թե՞ ոչ։ Որ տասը քաղաքացիների սպանում են, դա վենդետա չի, իսկ որ քրեական գործը բացահայտում են, դա արդեն վենդետա՞ է»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ: Առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող նախաձեռնող խումբը ազդարարել է հանրահավաքային պայքարի փուլ սկսելու մասին: «Հաշվի առնելով, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ վաղը, դեկտեմբերի 10-ին, անցնելու է դրանց արդյունքների նախնական ամփոփումը, մենք պիկետների և հանրահավաքների մեկնարկի օր ենք հայտարարում դեկտեմբերի 11-ը»,- գրված է «Ազատություն նախագահին» նախաձեռնող խմբի հայտարարության մեջ։