«Մենք գիտենք, որ Հայաստանում 2 մլն 600 հազար ընտրող չկա, դա հաստատ». Նիկոլ Փաշինյան
«Ընտրական օրենսգրքի փոփոխությունը մեր օրակարգում կա»,- այսօր «Իմ քայլը» դաշինքի շտաբում ընտրությունների ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս նաև կարևորեց նոր ընտրական ցուցակների անհրաժեշտությունը.
«Մենք նոր ընտրական ցուցակներ պիտի ունենանք, որպեսզի հստակ իմանանք՝ Հայաստանի Հանրապետությունում տվյալ ընտրության պահին քանի ընտրող կա: Որովհետև մենք գիտենք, որ Հայաստանում 2 մլն 600 հազար ընտրող չկա, դա հաստատ․ ընտրական ցուցակներում լինելը այլ բան է, Հայաստանում լինելը՝ այլ բան: Օրինակ՝ մենք գիտենք, որ կան 75 և ավել տարիքի 150 հազարից ավելի ընտրողներ, հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար տեղամասերը հարմարաեցված չեն: Եվ մենք նախկինում տեսել ենք՝ նույնիսկ պատգարակով են ընտրողներին բերել ընտրական տեղամասեր: Կներեք արտահայտությանս համար, մահամերձ մարդկանց են նույնիսկ բերել ընտրական տեղամասեր: Այս անգամ քաղաքացին գնացել է, կամ նույնիսկ չի գնացել՝ իր ազատությունից օգտվելով: Դո՞ւք չէիք գրում, որ մարդկանց հաշվառման վայրերը տեղափոխում են՝ Երևանից հանում տանում են Արմավիր, Արմավիրից տանում են Արարատ, Արարատից տանում են Տավուշ, Տավուշից բերում են Շիրակ: Այս անգամ մարդն իր ազատությունից օգտվել է, վստահ լինելով, որ ինքը հաղթելու է և ինքը հաղթել է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: