«Հանրապետական կուսակցությունն այս ընտրություններում կարձանագրի այն ցուցանիշը, որը կարձանագրեր վերջին 18 տարում ազատ, արդար ընտրություններ լինելու պարագայում». Նիկոլ Փաշինյան
«Ես կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունն այս ընտրություններում, անկախ ամեն ինչից, կարձանագրի այն ցուցանիշը, որը կարձանագրեր վերջին 18 տարում ազատ, արդար ընտրություններ լինելու պարագայում»,- քիչ առաջ, ընտրությունների ավարտից հետո «Իմ քայլը» դաշինքի շտաբում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ասում էինք, որ եթե Հայաստանում լինեն օրինական ընտրություններ, Հանրապետական կուսակցությունը կամ չի հաղթահարի շեմը, կամ եթե հաղթահարի՝ դժվարությամբ: Եվ այն, ինչ ասում էինք 18 տարի, այսօր իրականությունը դա ապացուցեց: Այսօր, ի վերջո, եկեք չմոռանանք, Հանրապետության գյուղապետերի և համայնքների ղեկավարների 80 տոկոսը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են, պետական կառավարման համակարգի շատ մեծ մասը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են և դրանով ամեն ինչ ասված է: Եվ մենք այդ մարդկանց կադրային ջարդի չենք ենթարկել, հետապնդումների չենք ենթարկել, վենդետաների չենք ենթարկել: Ահա և ամբողջ պատկերը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: