«Իշխանություններն էլ զուգահեռ պետք է նախաձեռնեն այդ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի վիճարկումը ՍԴ-ում». Գագիկ Ջհանգիրյան

«Ես կանխատեսումներով չեմ զբաղվում. դա նրանց իրավունքն է, ոչ մի խոչընդոտ չկա, միջանկյալ դատական ակտերի վերաբերյալ ևս կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Բայց, կարծում եմ, որ հիմա իշխանություններն էլ զուգահեռ պետք է նախաձեռնեն այդ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի վիճարկումը Սահմանադրական դատարանում (ՍԴ)։ Ինչքան էլ մեր ՍԴ-ն ձևավորված լինի նախկին իշխանության կադրերից, նրանց ընտրած իրավաբաններից, այդ հրամանագիրը ճչացող հակասահմանադրական նորմատիվ ակտ է, և հնարավոր չէ, որ մեր Սահմանադրական դատարանն այն չճանաչի հակասահմանադրական»,-Factor.am-ի հետ զրույցում ասել է նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ասել են, որ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), և ինչպիսի՞ արդյունքներ նրանք կարող են ակնկալել։

Վերջինս նշել է, որ հենց դա էլ կլինի ամենալավ պատասխանը, եթե այդ կոմունիկացիաների արդյունքում դիմեն ներկա Կառավարությանը և տեսակետ ու փաստարկներ պահանջեն. դա ամենալավ փաստարկը կլինի Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության և իրավաչափության համար։

Խոսելով այն դիտարկման մասին, թե ինքը շաբաթներ առաջ հարց էր բարձրացրել այն մասին, թե ինչու՞ գլխավոր դատախազը չի բողոքարկում «Մարտի 1»-ի գործով կայացված դատավճիռները, բայց գլխավոր դատախազը, օրինակ, Քոչարյանի գործով գնաց դատարան, Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց.

«Հիմա ես չեմ ուզում անդրադառնալ նախորդ իմ բարձրացրած խնդրին, բայց լավ է, որ գլխավոր դատախազն անձամբ, ես կասեի՝ ձեռքերը քշտած՝ մասնակցել է այդ վարույթին, այդ բողոքարկմանը, և գլխավոր դատախազը հենց այդպես էլ պետք է լինի։ Չէ՞ որ տվյալ պարագայում խնդիրը հանրապետության 2-րդ նախագահին է վերաբերում։ Կամ նա պետք է կանգներ նախաքննական մարմնի կողքին և պաշտպաներ մեղադրանքն ու տրված խափանման միջոցի արդարացիությունը, կամ պետք է ասեր, որ դա սխալ է, և ինքն իր որոշմամբ փոխեր ընտրված խափանման միջոցը, ինչը և արել է, և շատ լավ է, որ արել է»։

Նախկին զինդատախազը հույս ունի, որ սարերի հետևում չէ նաև «Մարտի 1»-ի գործով կայացված դատավճիռների բեկանումը, և դրանք էլ պետք է տեղից շարժվեն։

«Այն ժամանակ, երբ որ մենք ԱԺ ու տարբեր այլ ամբիոններից ասում էինք՝ ժողովուրդ ջան, գլխավոր դատախազ է փոխվել, ՀՔԾ-ի պետ է փոխվել, ախր բացահայտեք էդ «Մարտի 1»-ի սպանությունները, գոնե դրանց մի մասը բացահայտեք, մեզ ասում էին՝ դուք շահարկում եք։ Ի՞նչն ենք շահարկում։ Սպանության բացահայտման պահանջը շահարկո՞ւմ է։ Հիմա էլ նույնն եմ ասում։ Հարգելի գործընկերներ, բողոքարկեք անմեղ դատապարտվածների, քաղաքական բանտարկյալների դատավճիռները։ Ի՞նչ է, մենք էլի 4-5 տարի պետք է սպասենք, մինչև այդ ապօրինի մոտ 100 դատական ակտերը բողոքարկվե՞ն»,- եզրափակեց Գագիկ Ջհանգիրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քոչարյանի մեղադրանքը կընդլայնվի, կաշառքի, փողերի լվացման մեղադրանքներ կավելանան. Գագիկ Ջհանգիրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Տեսանյութեր

Լրահոս