«Եթե սփյուռքը մեծ չլիներ, կարելի էր աչք փակել ու մյուս խնդիրներին ուշադրություն դարձնել». Դանիել Իոաննիսյան
Արտերկրում ՀՀ դեսպանություններում ընտրատեղամասերի կազմակերպման կարգը 2008 թվականից ի վեր չի գործում, և օտար ափերում գտնվող ՀՀ շարքային քաղաքացիները հնարավորություն չունեն մասնակցելու Հայաստանում անցկացվող ընտրություններին: Նման իրավունք ԸՕ-ով տրված է միայն սահմանափակ թվով մարդկանց՝ դիվանագիտական և որոշ այլ կարգի ծառայություն իրականացնողներին և նրանց ընտանիքների անդամներին:
Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ 10 տարի առաջ քվեարկության այդ կարգը հանվեց, որովհետև արտերկրում իշխանություններին չէին քվեարկում:
«Թեև տոկոսը մեծ չէր, բայց դրանից երևում էր, որ իշխանությունը սփյուռքի աջակցությունը չունի»,- ասաց Դ. Իոաննիսյանը:
Ըստ նրա, երբ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխման հանձնաժողովում իրենք քննարկում էին արտերկրում գտնվող քաղաքացիների քվեարկության հարցը, մի քանի լուրջ խնդիր կար, որոնց լուծումը չի գտնվել, և այդ մասով փոփոխություններ չէին նախատեսվել.
«Առաջինը՝ հյուպատոսական հաշվառման կարգը շատ թերի է, ու մարդիկ, որպես կանոն, հյուպատոսական հաշվառման չեն կանգնում ու, թեև գտնվում են արտերկրում, բայց հաշվառված են ՀՀ-ում: Դա հեշտ լուծվող է, քանի որ դեռ նախորդ իշխանությունների օրոք սկսվել է հյուպատոսական հաշվառման մեխանիզմի ներդրումը, և արդեն ժամանակի ընթացքում այդ խնդիրը կլուծվի: Հաջորդը վերաբերում է օրինականության վերահսկմանը, որն ամենալուրջ հարցն է: Խոսքը միայն տեղամասում օրինականությանը մասին չէ, քանի որ, եթե դեսպանատուն կամ հյուպատոսարան է, ապա այնտեղ գործում է ՀՀ օրենսդրությունը, և մտավախություն չկա, բայց ընտրությունը միայն տեղամասում չէ, նաև դրսում է:
Եվ այս առումով խնդիրները շատ են: ՀՀ-ում ոստիկանությունը կարող է պայքարել դրսում ընտրակաշառքի բաժանման դեմ, բայց արտերկրում ոչինչ չի կարելի անել»:
Դ. Իոաննիսյանը նշեց, որ քարոզչության հավասար պայմանների ապահովման առումով գործնականում մեխանիզմներ չկան, և այս խնդրի մեջ մտնում է նաև հնարավոր օտարերկրյա ներազդումը ընտրությունների վրա, այսինքն՝ ինչ-որ երկրի իշխանություն որոշում է կիրառել տարբեր ապօրինի մեխանիզմներ, որպեսզի այնտեղի ՀՀ քաղաքացիները քվեարկեն ՀՀ-ում X կամ Y կուսակցության օգտին, որը խոստանում է այդ երկրի շահերին համապատասխան քաղաքական կուրս իրականացնել: Այս դեպքում, նրա խոսքով, ՀՀ իրավապահ համակարգը չի կարող ոչինչ անել.
«Տարբեր երկրներում հաստատ հարյուր-հազարավոր ՀՀ քաղաքացիներ կան: Ենթադրենք՝ այդ մարդկանց վրա տվյալ երկրի իշխանությունները ճնշում գործադրեն այս կամ այն ուժին քվեարկելու համար, և տվյալ ուժը 10-15 % ավելի մանդատ կստանա, և ՀՀ իրավապահ համակարգը ոչինչ չի կարող անել: Եթե սփյուռքը մեծ չլիներ, կարելի էր աչք փակել ու մյուս խնդիրներին ուշադրություն դարձնել, բայց քանի որ ՀՀ քաղաքացիներով սփյուռք կա այնպիսի երկրներում, որոնք ժողովրդավարության արժեքները չեն կիսում, դա ռիսկ է»:
Մյուս խնդիրը, Դ. Իոաննիսյանի կարծիքով, գաղափարական է. «ՀՀ իշխանությունները որոշում են ՀՀ-ում գտնվող մարդկանց ապագան և օգտագործում են ՀՀ-ում գտնվող քաղաքացիների ռեսուրսը, այսինքն՝ մենք ենք հարկ վճարում, և հարց է առաջանում, թե ինչու պետք է արտերկրում գտնվող մարդիկ, որոնք այստեղ հարկ չեն վճարում, և ում վրա ՀՀ իշխանությունների որոշումները չեն տարածվում, ինչու պետք է որոշեն, թե ով պետք է լինի իշխանություն»: