«ՀՀԿ-ն այս ամիսների ընթացքում ցույց տվեց, որ իրականում միակ ուժն է, որ բացահայտում է այս իշխանությունների թերությունները, բացահայտում է նրանց ծրագրերի տակ թաքնված ռումբերը». Արփինե Հովհաննիսյան
«Մի քանի րոպեից ավարտին է մոտենում նախընտրական քարոզչությունը: Այս քարոզչությունն աննախադեպ էր մի քանի պատճառներով. այն շատ բուռն էր, շատ լարված և, իհարկե, աչքի էր ընկնում անհադուրժողականության ու ատելության շատ բարձր տոկոսով, այն հիմնականում ուղղված էր Հայաստանի հանրապետական կուսակցության դեմ: Դրա պատճառը միայն այն չէր, ՀՀԿ-ն նախկին իշխանություն էր, և այսօրվա իշխանությունը իր առջև խնդիր էր դրել վարկաբեկել Հանրապետականին: Պատճառը նաև այլ բանի մեջ էր: ՀՀԿ-ն այս ամիսների ընթացքում ցույց տվեց, որ իրականում միակ ուժն է, որ բացահայտում է այս իշխանությունների թերությունները, բացահայտում է նրանց ծրագրերի տակ թաքնված ռումբերը»,- ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ իր համակիրնեին դիմեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Ըստ ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարի`դրա համար էր այս աննախադեպ ատելությունը, որպեսզի ձեզ շեղեն այն հիմնական խնդիրներից, որոնք ձեզ սպասվում են ապագայում: Խոսքը վերաբերում է բազմաթիվ բժիշկների, ուսուցիչների, պետծառայողների կրճատումներին, որոնցից շատերն արդեն այդ մասին ծանուցումներ ստացել են, իսկ մյուսներն էլ կստանան ընտրություններից հետո: Խոսքը պետական նպաստների չեղարկման կամ ձևի փոփոխության, ընդհանուր հայտարարագրման մասին է: Սա փոխկապակցվում է ռեպրեսիաների այն մթնոլորտի հետ, որն այսօր երկրում գոյություն ունի: Ցանկացած այլակարծություն խեղդվում է ատելության խոսքով:
«Ուշադրություն դարձրեք այն բանին, որ դատական իշխանությունը ոչ միայն անկախ չէ, այլ գործիք է գործադիր իշխանության ձեռքում, և դա վաղը կիրառվելու է ձեր դեմ: Դրա թիրախը միայն մենք չենք: Դրա համար ես ձեզ խնդրում եմ մի պահ ուղղակի դուրս գալ էյֆորիայից ու տեսնել, որ մենք խնդիրներ ենք բարձրաձայնում, որոնք ոչ ոք ձեզ չի ասում: Եթե դուք ուզում եք, որ ես շարունակեմ իմ աշխատանքը Խորհրդարանում, եթե վստահում եք իմ գիտելիքներին, փորձին, հանձնառությանը, դեկտեմբերի 9-ին անպայման գնացեք ընտրության: Քվեախցիկում ձեր քվեարկությունը չի վերահսկվում, քվեարկեք ձեր խղճի մտոք, և ես կոչ եմ անում, որ ձեզ հետ լինի թիվ 1 քվեաթերթիկը: Վստահ եղեք, որ մենք շատ ենք»,- եզրափակեց Ափրինե Հովհաննիսյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Քվեարկությունը չի վերահսկվումԻնչու քվեարկել մեզ, ինչու մտահոգվել
Gepostet von Arpine Hovhannisyan am Freitag, 7. Dezember 2018