Վաշաձեն ներկա չի լինի նախագահի երդմնատվությանը. շտաբի ղեկավար
Գրիգոլ Վաշաձեն ներկա չի լինի Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնատվության արարողությանը: Այդ մասին, ինչպես հայտնել է «Գրուզիա Online»-ը, հայտարարել է միավորված ընդդիմության անդամ, ընտրական շտաբի ղեկավար Գեորգի Վաշաձեն։
«Իշխանությունների ու նրանց ներկայացուցիչների համար, որոնք հրաժարվում են բանակցություններ վարել փակուղուց ու ճգնաժամից դուրս գալու շուրջ, բացարձակ համարժեք պատասխան կլինի այն, որ Գրիգոլ Վաշաձեն ներկա չլինի նախագահի պաշտոնակալման արարողությանը: Մանավանդ որ մենք չենք ճանաչում այդ ընտրությունների արդյունքները: Մենք պետք է հասկանանք մի բան, որ «Վրացական երազանքն» ապակառուցողական գործելակերպ է դրսեւորում: Դա նրանց ստանդարտն է եղել 2012 թվականից, ես վստահ եմ, որ այդ ստանդարտը երկրում շուտով կվերանա»,- հայտարարել է Գեորգի Վաշաձեն:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին լրագրողներին հայտարարել է, որ եթե Գրիգոլ Վաշաձեն մինչեւ իր պաշտոնակալման արարողությունը իրեն ճանաչի որպես նախագահ, ինքը նրան կհրավիրի մասնակցելու այդ միջոցառմանը: