Հետերկրաշարժյան Լենինականում առաջին տան հիմքը դրեց շինարար Վարդանը
Asparez.am. 1988 թվականը գյումրեցիների կյանքը բաժանեց երկու մասի` մինչերկրաշարժյան եւ հետերկրաշարժյան ժամանակահատված։ Շատերն հոգեբանորեն ընկճված ու հուսահատ էին, երբ աղետն արդեն վերապրել էին ու ողջ մնացել` բախտի կամոք: Ավերված քաղաքի վերականգնման հույսը շատերի համար կորսվել էր: Չէին շտապում տուն կառուցել, կիսավեր տներն ամրացնել: Ու ահա մի մարդ` կոչումով շինարար, ով իր կյանքում առաջին տունը կառուցել էր դեռեւս 19 տարեկանում, աղետից ընդամենը երկու ամիս անց, ձմռան ցրտին նախաձեռնում է տուն կառուցել ու ետերկրաշարժյան Լենինականում առաջին տան հիմքը գցում` Կոմիտաս 53 հասցեով:
Նա շինարար Վարդան Հովհաննիսյանն էր: Այսօրվա պես հիշում է, որ 1989 թվականի հունվարի 25-ին սկսվեցին նախապատրաստական աշխատանքները: «Մոտավորապես տասը անվադող կլիներ, վառեցի, որ գետինը տաքանար ու հնար լիներ էքսկավատորին հողը փորել»: Կարեւորն այն էր, որ պահեստավորած շինանյութ ուներ ու ջանքեր չպահանջվեցին դրանց հայթայթման համար:
«Այդ ժամանակ մարդիկ ասում էին, թե այս երկրաշարժը նախազգուշացում է ու առջեւում ավելի ուժգին ցնցում է սպասում քաղաքին, էն տեսակ ցնցում, որից հետո Լենինականը կանցնի գետնի տակ: Մի խոսքով՝ թերահավատ էին մարդիկ, թե այս վիճակից կարող է ելք լինել: Այդպիսի պայմաններում ձեռնամուխ եղա տուն կառուցելու` հույս տալու մարդկանց, որ ամեն ինչ կորած չէ, պետք է ապրել` շարունակել ապրել եւ հուսալ, որ դեռ գալու են լավ ժամանակներ, պետք չէ թեւաթափ լինել, հուսալքվել եւ ապրել պարզապես ապրելու համար: Հետո արդեն տուն կառուցելու ցանկություն ունեցողների թիվը շատացավ: Փառք Աստծո, կյանքը բնականոն հունի մեջ ընկավ»:
Երկրաշարժից հետո Ռուսաստան` աշխատանքի մեկնելու բազում հրավերներ էր ստանում, բայց մնաց հարազատ քաղաքում: Համոզմունք ունի` «դռան վրայի մանեթը չփոխել դրսի տասը մանեթի հետ»: Ափսոսանքով է նշում, որ կան քաղաքում վարպետ-շինարարներ, ովքեր մեկնեցին ու այլ քաղաքներ շենացրեցին, մինչդեռ որքան անելիք կար հարազատ հողում: Հավատում էր, կասկած չուներ, որ Լենինականը կվերագտնի իր երբեմնի տեսքը: Ու քաղաքն էլ կամաց-կամաց կառուցվեց`նոր շենքեր հայտնվեցին: Ափսոսում է, սակայն, որ կային շենքեր, որոնք ճարտարապետական արժեք էին, բայց, ցավոք, անուշադրության մատնվեցին` ավերվեցին կամ թալանվեցին: Հիմա պետք է մտածել ունեցածը պահպանելու եւ նորերը կառուցելու մասին: Այլ կերպ անհնար է:
Վարդան Հովհաննիսյանին հարգանքով հաճախ նաեւ գեներալ են ասում, քանի որ վարպետը թրծվել է շինարարական բոլոր մասնագիտություններում`բանվորից մինչեւ աշխղեկ, շինկազմակերպության ղեկավար: Մասնագիտական բազում հմտությունների տիրապետող վարպետը միշտ պատրաստակամորեն փոխանցել է իր գիտելիքները բոլորին, ովքեր եւս ցանկացել են արհեստավորական նրբություններն իրենից սովորել: Սիրում է, երբ յուրաքանչյուրն իր գործը նվիրումով է անում: Ցանկացած աշխատանք հիմնավորություն է պահանջում, ասում է. «Ամեն կառույց սկսվում է հիմքից, բայց եթե հիմքը խախուտ է, ուրեմն` ապահովության երաշխիք էլ չի կարող լինել»: Այն կարծիքին է, որ պետք է տունն այնպես կառուցել, որ հետագայում, երբ տանտերը ցանկություն ունենա նոր հարկ ավելացնել, խնդրի առջեւ չկանգնի: Իր կառուցած տների վրա, օրինակ, տարիներ անց, երբ ընտանիքի անդամների թիվն ավելացել է, մարդիկ հարկեր են ավելացրել, ընդլայնելով բնակմակերեսը:
Ընտանիքում էլ նրա համար հիմքն է կարեւոր: Կարեւորում է կանոնակարգված ապրելակերպը: Սովորության համաձայն վաղ է արթնանում: Ժամը հինգից ոտքի վրա է`իր նկատմամբ խստապահանջ է առօրյայում: Նույն կերպ դաստիարակել է զավակներին: Երկու դուստրերն ընտրել են բանասերի մասնագիտությունը, որդին ավարտել է Մոսկվայի պետհամալսարանը: Վարպետ Վարդանի միակ չիրագործված երազանքն այն է, որ իր կառուցած բոլոր տներն հրաշքով հայտնվեին Կոմիտասի փողոցում, ուր ապրում է ինքը: Այդ դեպքում, իհարկե, համահունչ ճարտարապետական լուծում էլ կգտնվեր փողոցի ընդհանուր տեսքի համար: Ու այն կդառնար իր կառուցած տների յուրահատուկ ցուցահանդեսը:
Սամվել Հունանյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։