Անցումային արդարադատության վերաբերյալ երեք քաղաքական ուժերի ղեկավարներ ներկայացրին իրենց տեսակետները
Անցումային արդարադատության մեխանիզմների ստեղծումը կարևոր է՝ այսօրվա դատական համակարգի վիճակը հաշվի առնելով: Այս մասին Առաջին ալիքի ուղիղ եթերում, դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջին համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մենք բազմիցս խոսել ենք անցումային արդարադատության մեխանիզմների մասին, նաև միջազգային կազմակերպությունների հետ այդ թեմայով շփումներ ենք ունեցել: Դա շատ կարևոր թեմա է, և կարծում եմ՝ այո, նաև հաշվի առնելով մեր դատական համակարգի այսօրվա վիճակը, մենք պետք է լրջորեն քննարկենք անցումային արդարադատության գործիքներով աշխատելու հնարավորությունը, նաև մեր իրապես անկախ դատական համակարգ ստեղծելու հնարավորությունը»,- ասաց Փաշինյանը:
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը հետաքրքիր է, թե որ ժամանակաշրջանն է ընդգրկելու անցումային արդարադատությունը: «Անցումային արդարադատությունն իսկապես շատ նուրբ հարց է, և պետք է այդտեղ շատ զգույշ լինել: Եթե մտածում ենք դա իրականացնել, ապա այն երբեք չպետք է փոխարինի արդարադատությանը: Երբեք չպետք է փոխարինի դատարաններին, բայց մեզ համար ավելի կարևոր է այն, թե ինչ շրջան է ընդգրկելու անցումային արդարադատությունը: Եթե այն սկսելու է անկախությունից հետո տեղի ունեցած իրադարձությունների քննարկմամբ, այո մենք շատ հարցեր ունենք հենց այդ ժամանակ: Դրանով զբաղվելու է անցումային արդարադատությունը, թե՝ ոչ: Եթե դա տեղի է ունենալու, դա ուրիշ հարց»,- ասաց ՀՅԴ ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանը: Արձագանքելով Արմեն Ռուստամյանի խոսքին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այո:
«Անցումային արդարադատության կիզակետն ու բաղադրիչներից մեկը պետք է լինի հանրության հաշտեցումը: Լյուստրացիան քաղաքական իմաստով կարևորագույն իրադարձություն կարող է լինել մեր կյանքում»,- նկատեց ՕԵԿ ցուցակի առաջին համար Արթուր Բաղդասարյանը:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թ. դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ: