Սիրիական Իդլիբի հարցով ՌԴ, Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների նոր հանդիպում է սպասվում Թուրքիայում
Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակի և դրա լուծման համար ճանապարհներ գտնելու նպատակով կրկին հանդիպելու են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ պաշտոնական Մոսկվան իր համաձայնությունը տվել է սիրիական Իդլիբի հարցով 4 երկրի առաջնորդների մասնակցությամբ երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու կապակցությամբ:
Պեսկովի փոխանցմամբ՝ այս գագաթնաժողովը, ամենայն հավանականությամբ, նույնպես կանցկացվի Թուրքիայում, քանի որ դրա ձեռնարկողն ի սկզբանե եղել է Թուրքիայի նախագահը:
Տեղեկության համաձայն՝ գագաթնաժողովին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Գերմանիան: