Իրանը հրթիռային փորձարկումների համար թույլտվության կարիք չունի. գեներալ Շեկարչի
Թեհրանը հրթիռային փորձարկումներ անցկացնելու համար որեւէ մեկի թույլտվության կարիքը չունի: Այդ մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում դեկտեմբերի 4-ին հայտարարել է Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեկարչին:
«Եթե մենք անհրաժեշտ համարենք մեր հրթիռների փորձարկումներ անցկացնել, մենք որեւէ մեկից թույլտվություն չենք խնդրի: Մենք դա կանենք,- ասել է Շեկարչին:- Իրանի ազգային շահերն են պայմանավորում հրթիռային ծրագրի զարգացման անհրաժեշտությունը»:
Նա նաեւ նշել է, որ «Թեհրանը ոչ մեկի առջեւ պարտավոր չէ բացահայտել իր հրթիռային ներուժը», ինչպես որ Միացյալ Նահանգները, որն իր հերթին նույնպես «չի պատասխանում իրեն տրվող բոլոր հարցեին»:
Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է անցկացրել հակառակ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւի: Նրա ասելով՝ խոսքը վերաբերում է «միջին հեռահարության բալիստիկ հրթիռի, որը կարող է մի քան մարտագլխիկ կրել»:
Ի պատասխան Շեկարչին դեկտեմբերի 2-ին հայտարարել Է, որ երկիրը կշարունակի հրթիռային փորձարկումները իր պաշտպանունակությունն ամրապնդելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: