Չեմպիոնների լիգա, Եվրոպա լիգա, և… Ի՞նչ է իրենից ներկայացնում 3-րդ եվրագավաթը
ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ 2021 թվականից կստեղծվի ակումբային նոր մրցաշար՝ 3-րդը Չեմպիոնների լիգայից և Եվրոպա լիգայից հետո:
Նոր մրցաշարը կանցնակցվի նույն կերպ, ինչ Չեմպիոնների լիգան և Եվրոպա լիգան, սակայն այնտեղ կմասնակցեն 32 ակումբներ:
Ձևաչափն ընդգրկում է խմբային մրցաշար, 1/8 եզրափակիչ, 1/4 եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ:
1/8 եզրափակչից առաջ կանցկացվի փլեյ-օֆիի լրացուցիչ տուր: Այդ տուրին կմասնակցեն մրցաշարի խմբերի 2-րդ հորիզոնականները և Եվրոպա լիգայի խմբերի 3-րդ հորիզոնականները:
Նոր մրցաշարի ընթացքում 15 օրում կանցկացվի 141 խաղ՝ այնպես, ինչպես Եվրոպա լիգայում:
Մրցաշարի հաղթողը հնարավորություն կունենա հաջորդ մրցաշարում խաղալ Եվրոպա լիգայում:
Խաղերը կանցկացվեն հինգշաբթի օրերին: Այսինքն՝ Չեմպիոնների լիգայի խաղերն առաջվա նման կանցկացվեն երեքշաբթի և չորեքշաբթի օրերին, իսկ Եվրոպա լիգան և նոր մրցաշարը՝ հինգշաբթի:
Բոլոր ակումբային մրցաշարերի եզրափակիչները կանցկացվեն մեկ շաբաթում` չորեքշաբթի (նոր մրցաշար), հինգշաբթի (Եվրոպայի լիգա) և շաբաթ (Չեմպիոնների լիգա):
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է ակումբային երրորդ մրցաշարի ստեղծումը:
«ՈՒԵՖԱ-ի նոր ակումբային մրցաշարը եվրոպական գավաթները կդարձնեն ավելի ընդգրկուն, քան երբևէ: Ավելի շատ հանդիպումներ՝ ավելի շատ ակումբների համար, ավելի շատ ասոցիացիաներ խմբային փուլերում:
Մրցաշարի գաղափարը զարգացել է եվրոպական բոլոր ակումբների հետ պարբերական երկխոսությունների արդյունքում:
Բոլոր ակումբները հետաքրքրություն են ցուցաբերել եվրոպական մրցաշարերում մասնակցության ավելի մեծ հնարավորություններ ունենալու նկատմամբ: Սա հնարավոր է դարձել ռազմավարական մոտեցման շնորհիվ:
Արդյունքը համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի խնդիրներին՝ ավելացնել մեր ակումբային մրցաշարերի մակարդակը և մատչելիությունը»,- ասել է Չեֆերինը:
Սիրարփի Աղաբաբյան