Ուրախ եմ, որ Չեմպիոնների լիգայում կկիրառվի VAR-ը: Դա ֆուտբոլը կդարձնի ավելի արդար». Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի որոշումը՝ կիրառել տեսակրկնությունների համակարգը (VAR) Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից սկսած:
«Ուրախ եմ, որ Չեմպիոնների լիգայում կկիրառվի VAR-ը: Դա ֆուտբոլը կդարձնի ավելի արդար: Մրցավարները պարտադիր պետք է ունենան որոշակի ժամանակ կարևոր որոշումներ կայացնելու համար:
Իսպանիայի և այլ երկրների առաջնություններում այս համակարգի փորձարկումը շատ հաջող է ընթանում: VAR-ը պետք է կատարելագործվի, սա շատ կարևոր և շատ անհրաժեշտ գործիք է»,- նշել է Գվարդիոլան:
Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն հանդիպել է Դուբլինում և որոշել է, որ հաջող փորձագիտական ստուգումներից և մրցավարների վերապատրաստումից հետո փետրվարին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպումների ժամանակ համակարգն արդեն կարող է աշխատել:
Բացի այդ, հանձնաժողովը որոշել է, որ VAR համակարգը կօգտագործվի 2019 թվականին Եվրոպա լիգայի, Ազգերի լիգայի և պատանեկան Եվրո 2019-ի եզրափակիչներում:
Սիրարփի Աղաբաբյան