Բաժիններ՝

«Բուշը մեծ ղեկավար էր, լավ մարդ էր, որը հավատարիմ էր կնոջը». Կապիտոլիումի բլրին ընթանում է Ջորջ Բուշ Ավագի հետ հրաժեշտի արարողությունը

Վաշինգտոնում Կապիտոլիումի բլրին տեղի է ունենում ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշի հետ հրաժեշտի արարողությունը, որը նոյեմբերի 30-ին մահացավ կյանքի 95-րդ տարում: Նրա դին ամփոփող դագաղը Հյուսթոնից (Տեխասի նահանգ) բերվել է Վաշինգտոն եւ դրվել ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի կենտրոնական սրահում՝ Ռոտոնդում։ Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախկին ղեկավարի դիով դագաղը հրացանային սալյուտի ներքո բերվել է Կապիտոլիումի շենք, բազմաթիվ հավաքվածների առջեւ, որոնց թվում էին նաեւ օրենսդիրներ, վարչակազմի անդամներ եւ վաշինգտոնյան ընտրախավը, ելույթ է ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը: Ներկաների թվում էր նաեւ Ջորջ Բուշ Կրտսերն՝ ընտանիքի հետ:

«Նախագահ Բուշը մեծ ղեկավար էր, որը շատ ուժեղ ազդեց այս պետության կյանքի վրա: Բայց նա նաեւ պարզապես լավ մարդ էր, որը հավատարիմ էր կնոջը, իր ընտանիքին ու իր ընկերներին»,- նշել է փոխնախագահը: Նրա խոսքով՝ Բուշ Ավագն այնքան համեստ մարդ էր, որ իր կյանքի ընթացքում ոչ մի ինքնակենսագրական գիրք չգրեց:

Սկսած տեղական ժամանակով դեկտեմբերի 3-ի 19:30-ից (Երեւանի ժամանակով դեկտեմբերի 4-ի 04:30-ից) եւ մինչեւ դեկտեմբերի 5-ի առավոտյան 07:00-ն (Երեւանի ժամանակով 16:00-ն) Կապիտոլիումի շենքում ԱՄՆ-ի վարչակազմի նախկին ղեկավարին կարող են հրաժեշտ տալ արտասահմանյան պետությունների նախկին եւ ներկայիս ղեկավարներ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, քաղաքական գործիչներ եւ հազարավոր ամերիկացիներ:

Հիշատակման կարգը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին ժամը 11:00-ին (Երեւանի ժամանակով 20:00-ին) Վաշինգտոնի Մայր տաճարում: Այդ օրը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամբի հրամանգրի համաձայն, չի աշխատել ֆեդերալ կառավարության մեծ մասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս