«Մեր ճանաչելիությունը բարձրացել է և գնալով բարձրանում է». Արտակ Զեյնալյան
«Մեր ճանաչելիությունը բարձրացել է և գնալով բարձրանում է»,- այսօր Երևանում կարկանդակներ բաժանելու ֆլեշ-մոբի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Մենք» դաշինքի պատգամավորության թեկնածու Արտակ Զեյնալյանը։
Ըստ նրա՝ հայ հանրությունն արևմտյան արժեքներ կրող է, անգամ, եթե արտագաղթում են, ձգտում են գնալ արևմտյան երկրներ, որովհետև այնտեղ ինքնադրսևորվելու հնարավորությունները մեծ են։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ արևմտյան արժեքները ներդրվեն այստեղ, մարդը կարողանա լինել ազատ, իր ազատության մեջ կարողանա ինքնարտահայտվել, կարողանա ավելացնել իր բարիքները, ունեցվածքը՝ նյութական և ոչ նյութական, հարստանա և մեծացնի մեր ազգային ու պետական ունեցվածքը»,- ասաց Ա.Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը՝ որպես կառավարիչ, պետք է կառավարի ոչ թե պետական բյուջեն, այլ ազգային կապիտալը։