«Դատարանում Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ». պաշտպան
«Ըստ էության, ավարտվեց պաշտպանների բողոքի ներկայացումը։ Տեխնիկապես երկու բողոք էր, երկուսն էլ ներկայացրինք, ու դեռևս դատախազության դիրքորոշումը և որոշակի այլ գործընթացներ դեռ չենք իրականացրել»,- Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
«Երրորդ բողոքը, որը մուտք էր եղել հինգշաբթի օրը, այս պահի դրությամբ առանց քննության է թողնվել, ըստ էության միացվել է երկու բողոքներին։ Դիրքորոշումների, առարկությունների ներկայացումներից հետո կանցնենք միջնորդությունների քննությանը»,- ասաց նա։
Հաջորդ նիստն, ըստ նրա՝ հնարավոր է՝ լինի վաղը. «Վաղը կավարտենք, թե ոչ, չեմ կարող ասել, որովհետև կախված է նաև, թե միջնորդությունների քննության ընթացքը ոնց կլինի»։
Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը նիստին ներկա է եղել, հանդես է եկել հայտարարությամբ, բայց մանրամասներ հաղորդել չի կարող։
«Դատական գործընթաց է, բոլոր ելույթները գործի մասին են, իհարկե, միշտ էլ հնարավոր է իրավական դիրքորոշումները դիտարկել քաղաքական, քաղաքական դիրքորոշումները՝ իրավական լույսի ներքո, բայց խոսքը հենց կոնկրետ իրավական կարծիքի մասին է»,- ասաց նա։
Հարցին՝ շտապողականություն նկատո՞ւմ է, նա այսպես պատասխանեց. «Դատերն ամեն օր իրար վրա են դրվում՝ չնայած, որ կա բավականին մեծ ծանրաբեռնվածություն դատարանում, բայց դե դա զուտ շտապողականություն է, թե գործի առանձնահատկությունն է, թե այլ հանգամանքներ են, կդժվարանամ մեկնաբանել»։
Նա հավելեց, որ Սահմանադրական դատարան դիմելու հարցը դեռևս օրակարգում է։
«Երկրում անձեռնմխելի մարդ չկա, երկրում կան ինստիտուտներ, որոնք օգտվում են անձեռնմխելիությունից, դա ԱԺ պատգամավորն է, ունի բացարձակ անձեռնմխելություն, կարող է ցանկացած կարծիք հայտնե, և երկրի նախագահն է՝ իր գործառույթներն իրականացնելիս։ Սա իշխանությունների տարանջատման կարևոր երաշխիք է։ Եթե մենք Եվրոպական դատարանի բոլոր գործերը նայենք, որտեղ խոսվում է պառլամենտական անձեռնմխելիության մասին, ուղղակիորեն նախատեսված է։ Սա նրա համար է, որ գործադիրն ու դատականը չմիջամտեն օրենսդիրին։ Նույնը վերաբերում է նաև նախագահի գործառույթներին»,- եզրափակեց նա։