«Ի վերջո, Կարթագենը կործանվեց». Նիկոլ Փաշինյան
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Արտաշատում նախընտրական հանրահավաքի ժամանակ հիշեցրեց Արտաշես արքային, որն Արտաշատի մոտակայքում պլանավորում էր իր մայրաքաղաքը կառուցել։
«Կարթագենի Հանիբալ արքան, որ երկար տարիներ Հռոմի ահ ու սարսափն էր, բայց, ի վերջո, երկար տարիներ Հռոմի խորհրդարանում, Հռոմի Սենատում, Սենատ էր կոչվո՞ւմ, Սենատում յուրաքանչյուր ելույթ ավարտվում էր «Կարթագենը պետք է կործանվի» արտահայտությամբ։ Ի վերջո, Կարթագենը կործանվեց, բայց հռոմեացիներին չհաջողվեց գերեվարել Հանիբալին՝ Կարթագենի լեգենդար արքային, և նա փախավ Հայաստան ու ապաստան գտավ հայոց մեծագույն արքաներից մեկի՝ Արտաշես արքայի արքունիքում, և Արտաշես արքան նրան ներգրավեց նոր մայրաքաղաքի կառուցման գործում, և, էլի ըստ լեգենդի, հենց Հանիբալն Արտաշես արքային խորհուրդ տվեց Արտաշատ մայրաքաղաքը կառուցել, այն ժամանակ Արաքս գետն այլ հուն ուներ, և Արտաշատը երեք կողմից պարփակված էր Արաքս գետով։ Եվ մեծագույն հպարտություն է՝ այսօր մտածել, որ մենք Արտաշես արքայի սերունդներն ենք։ Եվ այսօր էդ հպարտությունը ոչ միայն պետք է զգացմունք լինի, այլ մենք պետք է համակվենք և տոգորվենք առաքելության զգացողությամբ, որովհետև հայ ժողովուրդը պատմական մեծ ժողովուրդ է»,- ասաց Ն.Փաշինյանը՝ շեշտելով, որ հայ ժողովուրդը պատմական առաքելություն ունի իրականացնելու երկրագնդի վրա։
Ըստ նրա՝ 2018-ին իրականացվել է անհնարինը՝ «սեր» և «հեղափոխություն» բառերը դրվել են իրար կողքի. «Մենք արել ենք հեղափոխություն՝ հենց «հեղափոխություն» բառի մեջ, և մենք արել ենք սիրո և համերախության հեղափոխություն, և այսօր ամբողջ աշխարհը զարմացած է, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Դա տեղի է ունեցել, որովհետև մենք մի ժողովուրդ ենք, որ սերում է Արտաշես արքայից ու Տիգրան Մեծից»։
Նա ուխտ արեց, որ հայ ժողովուրդը դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու։
Ն.Փաշինյանը խոսեց նաև քրիստոնեության հաստատման հարցում Արտաշատի դերի մասին, և հայտարարեց Հայ Առաքելական եկեղեցու արժեքներին, քրիստոնեությանն իրենց հավատարմության մասին. «Մենք պետք է հավատարիմ լինենք մեր քրիստոնեական արմատներին, այո, մենք պետք է մերժենք քաղաքակիրթ ճանապարհով տոտալիտար այն աղանդները, որ մարդուն զրկում են ինքնուրույնությունից, ինքնիշխանությունից»։
Ն.Փաշինյանը դիմեց Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին, ասաց, որ նոր Հայաստանը երջանկություն ու ազատություն է ապահովելու նրանց համար։
Ն.Փաշինյանն արտաշատցիների համար արտասանեց Պարույր Սևակի «Հայաստան» բանաստեղծությունը։