«Շատ գնահատելի է իրականում այն աշխատանքը, որ անում են էդ մարդիկ». Նիկոլ Փաշինյան
«Շատ գնահատելի է իրականում այն աշխատանքը, որ անում են էդ մարդիկ, բայց մենք պետք է անենք, որ մեր արտահանման ծավալները մեծանան»,- այսօր Վեդիում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ, եթե 32 մլն դոլարի ավելի ապրանք է արտահանվել, նշանակում է՝ ինչ-որ մի հավելյալ գումար մտել է նաև գյուղացու տուն, գուցե կեսը կամ ավելին միջնորդներինն է։
Ն.Փաշինյանը քաջալերանքի խոսքեր ասաց այն մթերողների հասցեին, որոնք պատշաճ գներով մթերումներ են իրականացնում և Հայաստանից արտահանում գյուղմթերքը. «Դա շատ գնահատելի և կարևոր աշխատանք է։ Իհարկե, այդ ընկերություններից շատերը կամ ոմանք ունեն կամ անցնում են այդ ճանապարհը, որովհետև տնտեսական գործունեության պայմաններն առաջ ուրիշ էին, հիմա ուրիշ են, մենք պետք է ապահովենք, որ բոլոր ընկերությունները լինեն հավասար դաշտում և օրինականության մեջ»։
Ն.Փաշինյանն անդրադարձավ հարկային ստուգումներին, ճշգրտումներին ու հայտարարեց, որ ոչ մեկը չպետք է դրանից ահաբեկվի, բայց ոչ մի ընկերության համար այս պրոցեսի ընթացքում բարդություն չեն ստեղծելու.
«Երբ խնդիր է ծագել «Սպայկա» ընկերությունում, ստուգում իրականացնելու անհրաժեշտություն է եղել, ես ասել եմ հետևյալը՝ գյուղմթերքի արտահանումը մի կիլոգրամով անգամ չպետք է տուժի»։