
Վերաքննիչ դատարանը շարունակում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու բողոքի քննությունը

Վերաքննիչ դատարանը շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Դատական նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը:
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ այսօրվա օրակարգում նախատեսվում են պաշտպանական և մեղադրող կողմերի ելույթները:
«Անցած դատական նիստին իմ ելույթը կիսատ էր մնացել, քանի որ աշխատանքային ժամն ավարտվել էր: Հիմա իմ ելույթը պետք է շարունակեմ, որի ընթացքում անդրադառնալու եմ նաև նոր հանգամանքներին»,- ասաց Ալումյանը:
Հայկ Ալումյանը չի բացառում, որ այսօր բողոքի քննությունը կավարտվի:
«Դա կախված է լինելու մի շարք հանգամանքներից` թե ինչ տևողությամբ ելույթ կունենա մեղադրող կողմը և ինչ մանրամասնություններով կքննի դատարանը սույն գործը»,- ասաց Ալումյանը: